News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելառուսի ԱԳՆ-ն օտարերկրյա գործընկերներին կոչ է արել առանց էմոցիաների վերլուծել երկրում տիրող իրադարձությունները՝ հապճեպ հայտարարություններ չանելով, հաղորդում է «Բելթա»-ն՝ հղում անելով ԱԳՆ հայտարարությանը:

«Հաշվի առնելով եվրոպական մի շարք երկրների հնչեցրած հայտարարությունները՝ ցանկանում ենք ընդգծել, որ մենք չենք անտեսում մեր օտարերկրյա գործընկերների արձագանքը Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Շնորհակալ ենք Բելառուսի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին հայտարարությունների համար: Այդ սկզբունքները սուրբ են ցանկացած պետության համար: Միեւնույն ժամանակ, բացարձակ անընդունելի ենք համարում այն, որ մի շարք եվրոպացի պաշտոնյաներ քաղաքական հայտարարություններ արեցին՝ նույնիսկ առանց հասկանալու եւ գնահատելու իրավիճակը: Առանձին հայտարարություններ հիմնված են միակողմանի եւ չստուգված ինֆորմացիայի վրա: Մասնավորապես, հայտարարվել է, որ մեկ մարդ է մահացել՝ առանց ստուգելու ինֆորմացիան: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ դա, բարեբախտաբար, չի համապատասխանում իրականությանը, այդ հայտարարությունը չուղղվեց: Եվ հենց այդ հիմքով մտադիր ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար ճակատագրական որոշումներ ընդունել: Դեռ ընտրարշավից առաջ մենք դիմել ենք մեր գործընկերներին՝ խոսելով ուղիղ արտաքին միջամտության փաստերի մասին: Մենք բազմիցս առաջարկել ենք լուծել խնդիրը: Սակայն դրա փոխարեն պատժամիջոցների մասին կոչեր են արվում: Եվ ինչպե՞ս դրանից հետո հավատանք ձեր խորհուրդներին: Այո, մենք ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ դեմոկրատական ինստիտուտների բյուրոյին սովորականից ուշ ենք հրավիրել, քանի որ դրա համար պատճառներ կային: Սակայն մենք միշտ, նույնիսկ ծայրահեղ եզրակացությունների դեպքում, ընդունել ենք առաքելությանը: Ինչո՞ւ այս անգամ նման պատրաստակամությամբ չեկաք: Առաջարկում ենք օբյեկտիվորեն եւ առանց էմոցիաների քննել երկրում տիրող իրադարձությունները: Պատրաստ ենք կառուցողական եւ օբյեկտիվ երկխոսության: Բոլոր մեր օտարկերկյա գործընկերներին կոչ ենք անում ծանրակշիռ վերլուծել՝ հաշվի առնելով բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք, իհարկե, չենք ասում, որ պետք է հրաժարվեք ձեր ինֆորմացիայի աղբյուրներից եւ կարծիքից: Սակայն տեղեկությունը պետք է լինի լիարժեք եւ բազմակողմ, պաշտոնական տվյալներով եւ նրանց գնահատականներով, ովքեր պատասխանատու են իրավիճակի համար: Դիմում ենք մեր գործընկերներին , մեր հարեւաններին, մի՛ շտապեք հայտարարություններ անել, ոչ միայն սկզբունքայնության, այլ նաեւ պատասխանատվություն դրսեւորեք»,-ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ