News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շրջափակման մեջ է։ Այժմ, հանքարդյունաբերող ընկերության վերակազմավորման գործընթացի շրջանակում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ իր ներդրումները այս նախագծում դադարեցված են։ Այս մասին հաղորդում է Opendemocracy.net կայքը՝ Ամուլսարի խնդրի մասին հրապարակած ծավալուն հոդվածում։ Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանում 400 մլն դոլար արժողությամբ ոսկու խնդրահարույց հանքավայրում ներդրումները մոտենում են ավարտին, ասվում է բանկի բողոքների վերաբերյալ մարմնի նոր գնահատող զեկույցում։

Հոդվածում նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում Lydian International-ի՝ Ամուլսարում ոսկու հանքավայրը գտնվում էր տեղի բնակիչների և բնապահպանական ակտիվիստների շրջափակման մեջ, որոնք 2018 թվականին երկրում Թավշյա հեղափոխությունից հետո արգելափակել էին մուտքը դեպի հանք: Լուրը, որ ՎԶԵԲ-ի ներդրումները ավարտին են մոտենում, հայտնվել է վերջին շաբաթներին Ամուլսարում բողոքի ցույցերի վերսկսման ֆոնին այն բանից հետո, երբ Լիդիան գրուպը նոր՝ մասնավոր անվտանգության ընկերություն էր վարձել և տարածքից հանել ակտիվիստների վագոնները:

ՎԶԵԲ-ը 2009-ից Ամուլսարում ֆինանսավորել է երկրաբանահետախուզական աշխատանքները, հորատման և տեխնիկատնտեսական հիմնավորումները, ինչպես նաև Լիդիանի կողմից իրականացվող բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառումները։ Բանկը քաղաքացիական հասարակության խմբերի կողմից քննադատության է ենթարկվում Լիդիան ընկերությանն աջակցելու համար:

«ՎԶԵԲ-ը պարտավոր է հանրությանը ներկայացնել պատշաճ բացատրություն, որն արտահայտում է իր դիրքորոշումը նախագծի և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է CEE Bankwatch Network կազմակերպության՝ ՎԶԵԲ-ի քաղաքականության գծով տնօրեն Ֆիդանկա Մաքգրատը: (CEE Bankwatch Network-ը Պրահայում տեղակայված կազմակերպություն է, որը վերահսկում է պետության կողմից իրականացվող ծրագրերը՝ խթանելով բնապահպանական, սոցիալական և տնտեսական առումներով ինքնաբավ այլընտրանքային գործունեությունը)։

«(Ամուլսարում) Lydian-ի անվտանգության ընկերության կողմից վերջերս տեղի ունեցած սադրանքը ընդամենը մեկ նշանն է այն վնասի, որ այդ ներդրումները շարունակելու են հասցնել ՎԶԵԲ-ի հեղինակությանը նույնիսկ, երբ նա դադարեցնի իր բաժնեմասնակցությունը Lydian International-ում»,- ասել է Ֆիդանկա Մաքգրատը։

Ամուլսարի շրջափակումը բարդ դիմակայության պատճառ է դարձել Հայաստանի կառավարության ՝ ի դեմս բողոքի ցույցերի նախկին առաջնորդ և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անգլո-կանադական հանքարդյունաբերական Lydian International ընկերության և հենց այդ ցույցերի մասնակիցների միջև: Դիմակայությունը ներքաշել է նաև հանքի միջազգային աջակիցներին, այդ թվում՝ ՎԶԵԲ-ին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարություններին:

Շարունակվող շրջափակումը և կառավարության պատվիրած բնապահպանական աուդիտը թույլ չտվեցին Լիդիանին՝ Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրողին, ավարտելու աշխատանքները հանքում, ինչպես նաև ֆինանսական դժվարություններ առաջացրին վերջինիս մոտ։ ՎԶԵԲ-ի նախագծերի գնահատման անկախ մեխանիզմի (IPAM)՝ օգոստոսի 7-ին հրապարակած զեկույցում ասվում է, որ բանկի ներդրումները «կդադարեցվեն» Lydian-ի կորպորատիվ վերակազմավորման գործընթացի շրջանակում:

Ամուլսարի շրջափակման պատճառով Lydian-ի պարտատուները առկախել էին այդ ընկերության կողմից մայր գումարի և տոկսագումարների վճարումը։ Այժմ, երբ պարտատուները չեղարկում են այդ համաձայնությունը, խումբը պատկանում է նրա երեք մեծ վարկատուներին՝ Orion Resource Partners, Osisko Mining և Resource Capital Funds ներդրումային ընկերություններին: Ջերսիում գործող Lydian-ի մայր ընկերությունը, որտեղ ՎԶԵԲ-ին պատկանում էր բաժնետոմսերի 5 տոկոսը, լուծարվում է ընկերության վերակազմավորման շրջանակում:

ՎԶԵԲ-ի նախագծերի գնահատման անկախ մեխանիզմի (IPAM) զեկույցում ասվում է, որ ՎԶԵԲ-ը «ֆինանսական հետաքրքրություն չունի» Lydian-ի նոր մայր ընկերության վերակազմավորման մեջ, որը գրանցված է Կանադայում, և Ջերսիի ընթացակարգի ավարտը կհանգեցնի բաժնետիրական կապիտալում ՎԶԵԲ-ի  բաժնեմասնակցության դադարեցմանը»:

«ՎԶԵԲ-ը դեռ կարող է մեղքը քավել՝ հանդես գալով ի աջակցություն ժողովրդավարության և համագործակցելով Հայաստանի կառավարության հետ՝ նախագծի արդյունքում առաջացած շրջակա միջավայրի վնասներն ու սոցիալական կոնֆլիկտները հաղթահարելու համար»,- ասել է Ֆիդանկա Մաքգրատը:

«Ամեն դեպքում բանկը ստիպված կլինի պատասխանել ազդակիր համայնքների հետ պատշաճ խորհրդատվություն չապահովելու համար»,- ասել է նա։

Գրեթե 75 տոկոսով շահագործման պատրաստ Ամուլսարի հանքավայրի՝ շրջակա միջավայրի և սոցիալական հնարավոր վնասների վերաբերյալ տարաձայնություններն ի ցույց են դրել հանքարդյունաբերական այս խոշոր ծրագրի շուրջ հասարակության շատ դժգոհություններ: 

Քննադատները մատնանշում են հանքի հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի, տեղական տուրիզմի և սոցիալական փոփոխությունների վրա։ 26 000 մարդու կողմից ստորագրված հանրագիրը հանքի ֆինանսական աջակիցներին, ներառյալ ՎԶԵԲ-ին, կոչ է անում հետ կանչել իրենց ներդրումները։

2017 թվականին Միջազգային ֆինանսական կորպորացիան, որը Համաշխարհային բանկի զարգացման ճյուղն է, հետ կանչեց իր ֆինանսավորումը Lydian International–ից՝ հայտարարելով, որ իր ներդրումն այլևս անհրաժեշտ չէ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ