News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ Աթենքի եւ Անկարայի միջեւ լարվածության ֆոնին արեւելյան Միջերկրական ծովում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Twitter-ում գրառում է կատարել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Հունաստանի իսկական բարեկամն է, ինչպես նաեւ՝ եվրոպական արժեքների եւ միջազգային իրավունքի համառ պաշտպան», հայտնում է Reuters-ը:

Լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ Թուրքիան ռազմական նավերի ուղեկցությամբ սեյսմիկ հետազոտական նավ է ուղարկել Հունաստանի Կրետե կղզու եւ Կիպրոսի միջեւ ընկած ջրեր՝ գազի եւ նավթի հնարավոր ծովային պաշարներ որոնելու համար:

Հունաստանն իր զինված ուժերը ռազմական պատրաստականության է բերել եւ ուղարկել է Թուրքիայի հարավային ափերի մոտ գտնվող տարածք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է երկխոսության իր կոչը եւ ասել է, որ հինգշաբթի օրն ավելի ուշ բանակցություններ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ քննարկելու համար իրավիճակը:

Թուրքիայի ղեկավարը նաեւ Ֆրանսիային մեղադրել է Հունաստանին եւ Կիպրոսին «ապօրինի քայլերի» հրահրելու մեջ:

Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ֆրանսիական Lafayette ֆրեգատը եւ Tonnerre ուղղաթիռակիրը հինգշաբթի համատեղ զորավարժություններ են անցկացրել արեւելյան Միջերկրական ծովում գտնվող չորս հունական ֆրեգատների հետ:

Ֆրանսիական Rafale երկու կործանիչները հինգշաբթի կանգ են առել Կրետեի «Սուդա» ավիաբազայում՝ այն բանից հետո, երբ նախկինում վարժանքների համար գործարկվել էին Կիպրոսում։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ իր ներկայությունը «ուղղված է իրավիճակի Ֆրանսիայի ինքնուրույն գնահատականը ամրապնդելուն եւ վերահաստատում է ազատ տեղաշարժը, ծովային անվտանգությունը ու Միջերկրական ծովում միջազգային իրավունքը հարգելու երկրի հանձնառությունը»:

Մակրոնը չորեքշաբթի ուշ երեկոյան Միցոտակիսի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ ինքը որոշել է «առաջիկա օրերին ժամանակավորապես ուժեղացնել ֆրանսիական ռազմական ներկայությունը արեւելյան Միջերկրական ծովում՝ եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Հունաստանի հետ համագործակցելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ