News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երկարաժամկետ պատվերների բացակայությունը հայկական ռազմական արդյունաբերության զարգացման համար հիմնական խոչընդոտն է: Այս մասին «Ժամանակակից ռազմական արդյունաբերությունը որպես տեխնոլոգիական առաջադրանքների համակարգ» քննարկումների ժամանակ ասաց ՌԱՀ փորձագետ Դավիթ Գալոյանը:

«Ներկայումս մենք կատարում ենք կարճաժամկետ պատվերներ, ոչ ՊՆ-ն, ոչ ՌԱՀ հանձնաժողովը մեզ երկարաժամկետ պատվերներ չեն տալիս: Սա բարդացնում է ոլորտի զարգացումը, քանի որ ռազմարդյունաբերական համալիրը չի կարող երկարաժամկետ ռազմավարական զարգացում իրականացնել կարճաժամկետ պատվերների հիման վրա»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ այս խնդիրը արտացոլվում է նաեւ կադրերի պատրաստման գործընթացի վրա: Ընկերությունները չգիտեն, թե ապագայում քանի մասնագետ կարող է անհրաժեշտ լինել եւ որքան ժամանակ իրենք կկարողանան այդ կադրերին պահել: «Ոլորտը պետք է ապահովված լինի երկարաժամկետ պատվերներով, որպեսզի իմանան ինչպես վարել կադրային քաղաքականությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ կրթական համակարգը ռազմարդյունաբերական համալիրի պատրաստի կադրեր այժմ չի տալիս: «Միանգամից համալսարանից կադրեր մենք ընդունել չենք կարող, նրանք ցանկացած դեպքում պետք է ընկերություններում մասնագիտանան, քանի որ ռազմարդյունաբերական համալիրը շատ հատուկ է»,- ասաց նա: Սակայն երկարաժամկետ պատվերների հարցը ոլորտի կարեւոր, բայց միակ խնդիրը չէ:

Գալոյանի գնահատականներով՝ համակարգող մարմինը, ի դեմս Ռազմարդյունաբերական համալիրի պետական կոմիտեի եւ պաշտպանության նախարարության, չպետք է պատվիրի մեկ ընկերության վերջնական արտադրանքը: Օրինակ, երբ խոսում ենք անօդաչու թռչող սարքերի կամ նոր տեսակի սպառազինությունների մասին, պետք է հասկանալ, որ խոսքը բազմապրոֆիլ համակարգերի մասին է, որոնք ներառում են ֆիզիկան, մեխանիկան, ՏՏ-ն ու նույնիսկ քիմիան նշեց Գալոյանը:

Նա բացատրեց, որ ներկայում ՌԱՀ ոչ մի ընկերություն չի կարող այնքան կատարյալ լինել, որ ինքնուրույն ստեղծի վերջնական արտադրանքի բոլոր տարրերը: «Ընկերություններն այս կամ այն ուղղությամբ, որպես կանոն, ավելի զարգացած են՝ մեկի մոտ ավելի լավ զարգացած է կապը, մյուսի մոտ՝ մեխանիկական լուծումները: Հետեւաբար, համակարգող մարմինը պետք է, օգտագործելով ուժեղ ընկերություններին, ապահովի դրանց համակարգված աշխատանքը` վերջնական արտադրանքը ստանալու համար:

Սա թույլ կտա ստանալ ավելի կատարյալ համակարգեր: Ավելին, նման մոտեցումը կապահովի ոլորտի ավելի պրոֆեսիոնալ զարգացումը»,- ասաց նա: Նման լուծումը կապահովի ոչ միայն ամբողջ դաշտի հավասարակշռված զարգացումը, այլեւ կարճ ժամանակահատվածում լավագույն արդյունքները, համոզված է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել