News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները չեն ցանկանում, որպեսզի իրենց շենքի դիմաց , մի քանի մետր հեռավորության վրա, բարձրահարկ  շենք կառուցվի։ Բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց իրավունքների պատշպանության համար։

«Եթե բազմահարկ շենք է կառուցվում, խախտվում է մասնավոր կյանքիս անձեռնմխելիությունը։ Մի հատ նայեք, թե ինչ մոտիկ է, արևի լույս չի մտնելու բնակարաններ, մեր տեսադաշտն է փակվելու։ Տարիներով մեր մոտ որոշակի կենսակերպ է ձևավորվել և մենք չենք ուզում դրանից հրաժարվենք։ Ինչո՞ւ պետք է նոր շենքի բնակիչը ինձանից խլի այն առավելությունները, որոնք ես ունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից Արմենը։

Բնակիչը դեռ մարտին դիմել է քաղաքապետարան, որտեղից ասել են, որ նախագծի թույլտվություն կա։ Օրերս էլ գրել է վարչապետի աշխատակազմին և հուսով է, որ արձագանք կլինի։

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ այն տարածքը, որտեղ շենք են ուզում կառուցել, շատ վատ վիճակում էր գտնվում, իմացել են, որ լրատվամիջոցներ են գալու, մաքրել են, մինչդեռ երեկ գիշեր, ժամը 10-ին տեխնիկա էր աշխատում։

«Այդքան մարդու ոտնատակ տալ, արհամարհել, մի երկու հոգու շահի համար, չի կարելի։ Մի հատ մտեք տեսեք՝ ինչ բակ ունենք, խայտառակ վիճակ է, հիմա էլ էս բարձրահարկ շենքը»,- նշեց նա։

Մի ուրիշ բնակիչ էլ նշեց, թե նախորդ իշխանություններից հիասթափված էին, բայց չէին էլ մտածում, որ նոր քաղաքային իշխանություններից նույնպես կհիասթափվեն։

Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչների բողոքի ակցիային ներկայացել էր Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի պետը։

«Վարչական շրջանի ղեկավարը տեղյակ էր, որ բնակիչները պետք է հավաքվեն և հարցեր առաջադրեն։ Քանի որ ես եմ մեր վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի պատասխանատուն, հարկ համարեցի, որ ես գամ»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ պատասխանելով բնակչի հարցին, թե ինչո՞ւ է եկել։

Բնակիչը քաղաքապետարանի  ներկայացուցչին բազմաթիվ հարցեր ուղղեց, ու խնդրեց, որ նա անդրադառնա այդ հարցերին։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը խնդրեց գրավոր հարցում ուղարկել, որովհետև սպառիչ պատասխան տալու համար պիտի ուսումնասիրություն անի։

«Ես ուզում եմ ինձ մեկնումեկը պատասխանի՝ արդյոք սեփականատերն իր տարածքում գտնվող կենսունակ ծառը իրավունքի ունի՞ կտրելու»,– հարցրեց բնակիչը, ինչին քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանեց․

«Սեփականատերն իրավունք ունի իր սեփականության տարածքում գտնվող առողջ ծառը կտրել»։

Տպել