News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Համավարակի պատճառով հնգամսյա դադարից հետո Միացյալ Նահանգները վերսկսել է փախստականների ընդունումը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտը: Մարտին ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել էր փախստականների ընդունումը այն բանից հետո, երբ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել էին վերաբնակեցման համար ուղեւորությունների ժամանակավոր դադարեցման մասին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախորդ ամսվա վերջին հավանություն է տվել փախստականների ընդունելության վերսկսմանը:

«Այս ծրագիրը կենսական նշանակություն ունի աշխարհի ամենախոցելի փախստականների համար, ովքեր այլընտրանք չունեն եւ COVID-19-ի համավարակի պատճառով ավելի խոցելի են դարձել: Ծրագիրը վերականգնել է փախստականների ժամանումը, որոնց հայցերը հաստատվել են հուլիսի 30-ից՝ COVID-19-ի հետ կապված անվտանգության բոլոր միջոցառումների պահպանումով՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների» պահանջներին համապատասխան »,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույնիսկ ընդունելության վերսկսման դեպքում այս ֆինանսական տարում ժամանածների թիվը սպասվածից ցածր կլինի: Հուլիսի 31-ի դրությամբ ԱՄՆ մուտքի թույլտվություն է ստացել 7905 մարդ։

Մինչդեռ Apple-ը, Facebook-ը եւ Microsoft-ը, ի թիվս 52 այլ ընկերությունների եւ կազմակերպությունների, դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով վերջ տալ Թրամփի վարչակազմի կողմից աշխատանքային վիզաների սահմանափակմանը: Ընկերությունները ասում են, որ դա «սկզբունքորեն հակասում է Միացյալ Նահանգների շահերին՝ սահմանափակելով աշխարհի լավագույն տաղանդը ներգրավելու, նորարարությունը խթանելու եւ Ամերիկայի տնտեսական բարգավաճմանը նպաստելու ամերիկյան ընկերությունների ունակությունը»:

Սպիտակ տունը սահմանափակել է ընկերությունների մասնաճյուղերից աշխատողներին ԱՄՆ տեղափոխելու համար L-1 վիզայի, որակյալ մասնագետների համար H-1B վիզայի, ամուսինների համար H-4 վիզայի, ժամանակավոր ոչ գյուղատնտեսական աշխատողների համար H-2B վիզայի, եւ փոխանակման ծրագրերի համար J-1 վիզայի մեծ մասի տրամադրումը:

Հիշեցնենք նաեւ, որ մայիսին նախագահ Թրամփը հրամանագիր էր ստորագրել՝ ուղղված սոցիալական ցանցերով զբաղվող ընկերությունների դեմ: Նախագահը սպառնացել էր վերացնել կամ թուլացնել «Բաժին 230» անվանումով օրենքը, որը ինտերնետային ընկերություններին պաշտպանում է օգտագործողների կողմից տեղադրված բովանդակության համար դատական հետաքննություններից։

«Ժողովրդավարության եւ տեխնոլոգիաների կենտրոնի» ներկայացրած դատական հայցը պնդում է, որ սոցիալական լրատվամիջոցների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը խախտում է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը, զսպում է առցանց խոսքը եւ սահմանափակում է ամերիկացիների խոսքի ազատության կարողությունը:

Սպիտակ տունը նախօրեին միջնորդություն է ներկայացվել նախագահական հրամանագրի դեմ հայցադիմումը մերժելու պահանջով՝ այն անվանելով «խորը թյուրիմացություն»: Վարչակազմը շեշտում է, որ հրամանագիրը ոչ մի կապ չունի մասնավոր ընկերությունների հետ եւ վերաբերում է միայն պետական գերատեսչություններին:

Թե ինչպես են սոցիալական ցանցերը վարում բովանդակությունը, այժմ փորձում է պարզել առեւտրի նախարարությունը, որը դրա համար միջնորդություն է ներկայացրել ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ