News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մանե Թանդիլյանը հեռանում է մեծ քաղաքականությունից եւ դուռը կիսաբաց թողնում միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջ։ Այսօր նա հայտարարություն է տարածել, որ վայր է դնում պատգամավորի մանդատը եւ դուրս գալիս ԼՀԿ կառավարման խորհրդից՝ տևական ժամանակ ունեցած առողջական խնդիրների պատճառով։ 

«Լուսավոր Հայաստանի» ռեյտինգային ընտրակարգի ցուցակում Մանե Թանդիլյանից հետո ամենաշատ ձայները ստացել է Ստեփան Ստեփանյանը։ ԼՀԿ-ի համամասնական ցուցակում նա 96-րդն էր։ Ստեփանյանը 32 տարեկան է, մասնագիտությամբ՝ քաղաքագետ-միջազգայնագետ:

Խաղաղության հնարավոր չէ հասնել Հայաստանի միակողմանի քայլերով, BBC-ի Hard Talk հաղորդման ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որն ասել է, թե հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար, սակայն, ցավոք, Ադրբեջանը չի պատասխանել իմ առաջարկին»,-նշել է նաեւ ավելացրել․ «Ադրբեջանն է սկսել Հայաստանի վրա ռազմական հարձակումը, եւ դա առանձին դեպք չէ: Երկար տարիներ Ադրբեջանի նախագահը ռազմական հռետորաբանություն է զարգացրել՝ հայտարարելով, որ ԼՂ հակամարտությունը մտադիր է կարգավորել ռազմական ուժով»: Հաղորդավարը նշել է, որ Փաշինյանն ինքն է «լարվածությունը սրող սադրիչ գործողություններ ձեռնարկել, մասնավորապես հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Ի պատասխան վարչապետն ասել է. Արցախը մի քանի հազարամյակ բնակեցված է եղել հայ ժողովրդով եւ Արցախ անվանումը մի քանի հազար տարեկան է:

Նույն հարցազրույցում Փաշինյանը չի համաձայնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի իր կառավարության գործողությունները ձախողում էին: Ըստ նրա՝ դեռ վաղ է գնահատականներ տալ, եւ չի մեկնաբանել այն փաստը, որ հարեւան Վրաստանում մի քանի անգամ ավելի քիչ վարակման դեպք է գրանցվել: Հարցին, թե ինչու էր նա  առանց դիմակի բանկետի մասնակցում վարակի ամենաթեժ շրջանում, երբ նա անձամբ ամոթանք է տալիս քաղաքացիներին դիմակ չկրելու  համար, Փաշինյանն ասել է, «Այդ օրը մենք հետեւում էինք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններին»:

Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 276 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41299-ի: Մահացել է 6 մարդ, որոնցից մեկն այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1053 է: Վրաստանում, ի դեպ, վարակվածների ընդհանուր թիվը 1306 է, 1085-ն ապաքինվել է, մահացել է 17 մարդ։

Մի քանի ուշագրավ ձերբակալությունների մասին։ Հայաստանից Վրաստան անցած չորս օտարերկրացի է ձերբակալվել պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից չեն բացահայտել, թե որ երկրի քաղաքացիներ են նրանք։

Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Ադրբեջանի անվտանգության ծառայությունը նշել է, որ նա յուրացումներ է արել  արտգործնախարարության հյուպատոսական վարչությունում աշխատելիս:   Հասանովը Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազն է: Ակնհայտ է, որ նրա դիվանագիտական կարիերայի դրամատիկ շրջադարձը կապված է Սերբիայի դեմ Բաքվի հրահրած սկանդալի հետ, աղմկելով այդ երկրից՝ Հայաստանին զենքի լիովին օրինական վաճառքի շուրջ:

Իսկ Հայաստանում այսպես կոչված օրենքով գող է ձերբակալվել։ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե օպերատիվ տվյալներ է ստացել, որ մի տղամարդ կալանավայրում գտնվող մեկից իր պարտքը ստանալու համար դիմել է «օրենքով գողի», որն էլ հրահանգել է այնտեղ գտնվող իրեն ենթակա խմբավորմանը՝ այսպես կոչված «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: «Օրենքով գողի» հետ միասին ձերբակալվել է նաեւ նրա ղեկավարած խմբավորման անդամը: Ավելի ուշ պարզվել , որ նա 55–ամյա Ալեքսանդր Մակարյանն է՝ առավել հայտնի «Ալո» մականվամբ, պրոբացիոն ծառայության շահառու։

Էկոնոմիկայի նախարարի ասուլիսը սկսվել է զավեշտական դրվագով․ մամուլի խոսնակը խնդրել է մասնակիցներին պահպանել հակահամաճարակային կանոնները եւ այդ պահին նախարարը, նկատելով, որ դիմակով չէ, շտապել է իր առանձնասենյակ։

Հանդիպումից հետո Աննա Օհանյանը ֆեյսբուքում գրել է, որ  ասուլիսից հետո ոստիկանությունը Էկոնոմիկայի նախարարին տուգանել է:

Իսկ ասուլիսում Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ այս տարի տնտեսական անկումը կկազմի 5 տոկոս։ Կառավարության 23-րդ օժանդակության ծրագիրը կտարածվի զբոսաշրջությանն առնչվող ոլորտներին: Ինը ամիս տեւողությամբ ծրագրի արժեքը կհասնի 6 միլիարդ դրամի: Կսուբսիդավորվեն այդ ոլորտների աշխատողների աշխատավարձի ֆոնդի 25-33 տոկոսը։

«Հայք» ազգայնական շարժման  անդամները Ազգային ժողովի դիմաց ակցիա են իրականացրել Անկախության հռչակագրի վերականգնման պահանջով։ Ցուցարարները դժգոհել են, իրենց խոսքով՝ արտաքին ազդեցության ներքո գործող իրավապահներից, որոնք պատռում են իրենց պաստառները։ Ըստ նրանց՝  30 տարի հռչակագիրը տապալված է եղել եւ այդպես էլ չի գործել։ Ակցիայի մասնակիցներն այնուհետև շարժվել են դեպի Կառավարության շենք:

Իսկ կառավարության մոտ արդեն բողոքում էին Ավտոներկրողների միության անդամները։ Նրանց բողոքի պատճառը՝ Ռուսաստանում հայկակական պետհամարանիշներով մեքենաներ վարելու արգելքն է։ Նրանցից մեկն ասել է, որ  հայկական պետհամարանիշներով մեքենանները առգրավվում են, արդյունքում այն մեքենաները, որոնք ներկրողներս բերել էին և մաքսազերծել, մնալու են Հայաստանում կանգնած։ «Մենք մի ամիս է՝ բարձրաձայնում ենք այս մասին, բայց դեռ ոչ մի քայլ չկա»,- նշել է նա։

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով. կինը մահացել է   սրտամկանի սուր ինֆարկտից:  Նա անձնական հայացքներից ելնելով չի դիմել ոչ պոլիկլինիկա, ոչ էլ հիվանդանոց։ «Այս տարվա  ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է եւ կրկին ոչ մանկաբարձական պատճառով», հայտնել են առողջապահության նախարարությունից։

Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել վճարել դերասանուհի Նարինե Ոսկանյանի կամ Պաուզա Անոյի վիրահատության ողջ գումարը: Երեկ Ֆեյսբուքում նրա ընկերներն էին խնդրել օգնել, քանի որ դերասանուհին շտապ վիրահատության կարիք ունի։ Հայրապետյանից րոպեներ առաջ ամերիկահայ բարերարն արդեն ուղարկել էր անհրաժեշտ գումարը, սակայն ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահն իր ուղարկած փողը հետ չի վերցրել, հորդորելով այն ծախսել հետվիրահատական շրջանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սեւանի Համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացմանը։ Կենտրոնի հնարավորությունները  վարչապետին ներկայացրել է սոցիալական ապահովության եւ աշխատանքի նախարարը։ Վարչապտը դժգոհել է, որ ճաշարանում օդափոխության համակարգ չկա եւ ամբողջ քաղաքապետարանում ճաշի հոտ է ընկնելու։ 

Սոցիալական ծառայությունների կենտրոնի բացումից հետո Նիկոլ Փաշինյանին է մոտեցել մի փոքրիկ տղան, նետվել նրա գիրկը, ցանկություն հայտնել լուսանկարվել նրա հետ։ 

Սեւանի Գոմաձոր-Ցամաքաբերդ թաղամասում էլ ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալիս Նիկոլ Փաշինյանին մոտեցել է մի քաղաքացի եւ ձեռքով բարեւել։ Հիշեցնենք, որ համաճարակի տարածման սկզբում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր. «Բարի մարդկանց վիրուսը չի կպնում», ինչն այնուհետև թևավոր խոսք դարձավ հասարակության շրջանում, Ծառուկյանն էլ վարակվեց վիրուսով։

Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետեւ պարտադիր չէ։

Միասնական տեղեկատվական հարթակից հայտնում են, որ դիմակը պարտադիր չէ նաեւ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցերին, ուխտագնացություններին, անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին  և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը»։

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները տուգանում երիտասարդ կնոջը դիմակ չկրելու համար, ընդ որում, նրանք շփվում են առանց դիմակների մի խումբ տղամարդկանց հետ:

Այս դրվագը նկարահանողին մոտենում է ոստիկանն ու պահանջում ներկայացնել փաստաթղթերը, պարզում, որ Սիրիայից է, դժգոհում, որ անձնագրում նշված չէ երեւանյան հասցեն, դժգոհում նաեւ, որ նա նկարահանում է փողոցում։

Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից կվերսկսեն Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթները։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հիշեցրել է, որ օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով: Չվերթներ կլինեն օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին եւ 31-ին։

Բելառուսում ամփոփվել են նախագահի ընտրությունների արդյունքները․ 80 տոկոսով 6-րդ անգամ նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն, 10 տոկոս է ստացել Սվետլանա Տիխանովսկայան։ Երկրում ստեղծված դրության առնչությամբ Լուկաշենկոն  նախազգուշացրել է, որ գործադուլները կարող են շատ բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա։ Եվրոպական միությունում ու անդամ երկրներում արդեն հնչում են Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու կոչեր։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով ու կազմել  484.83 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.24 դրամով ու կազմել 571.91 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0, 54 ու կազմել 634.16 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.01 դրամով ու հասել 6.61 դրամի:

Առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերի Հայաստանի որոշ շրջաններում, գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ կտեղա: Երեւանում եւս վաղը եւ մյուս օրը երեկոյան ժամերին ու գիշերը առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը` +29 +31:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ