News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 01
USD
488.41
EUR
571.78
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Աջ ձեռքը վեր բարձրացրած մարզիկի արձանը կհանվի Ամստերդամի Օլիմպիական մարզադաշտի մուտքի մոտ տեղադրված պատվանդանից: Համապատասխան որոշումը մարզական հաստատության ղեկավարությունն ընդունել է մոտ մեկ տարի տեւած ուսումնասիրության արդյունքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Trouw թերթին:

Մասնագետների կարծիքով՝ մարզիկի ժեստը ոչ մի կապ չունի նացիստական ողջույնի հետ, բայց կարող է կապվել ֆաշիզմի հետ:

Բրոնզե արձանը Օլիմպիական խաղերի համար կառուցված մարզադաշտի դիմաց տեղադրվել է 1928 թվականին, այսինքն Գերմանիայում նացիստների իշխանության գալուց մի քանի տարի առաջ: Երկար ժամանակ, որպես բացատրություն, օգտագործվում էր հին հռոմեական հրավառության հետ կապված պատմությունը: Ամստերդամի քաղաքապետարանը նույնիսկ արձանի կողքին համապատասխան բացատրություններ տվող հատուկ ցուցանակ է տեղադրել:

Սակայն պատմաբանների եւ այլ փորձագետների հետ խորհրդակցություններից հետո Օլիմպիական մարզադաշտի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ այդ մեկնաբանության համար պատմական ապացույցները բավարար չեն:

«Հռոմեական ողջույնը առասպել է»,- ասել է մարզադաշտի տնօրեն Էլեն Վան Հարենը: Նրա խոսքերով՝ հռոմեական ողջույնի պատմությունը, հավանաբար, կապված է «Հորացիուսների երդումը» նկարի հետ, որը ֆրանսիացի նկարիչ Ժակ Լուի Դավիդը (1748-1825) ստեղծել է 1784-ին՝ Հռոմում: Այն պատկերում է հռոմեացի մտացածին զինվորների, որոնք աջ ձեռքը բարձրացրած երդմնակալություն են կատարում: Սակայն ավելի հիմնավոր պատմական հաստատում փորձագետները չեն գտել:

Միեւնույն ժամանակ, ուսումնասիրությունը պարզել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիրներից Բարոն դե Կուբերտինը (1863-1937) 1924-ին Փարիզում կայացած խաղերում բարձրացրած աջ ձեռքը ներդրել է որպես սպորտային ողջույն: Այդ նույն ժամանակ Իտալիայում թափ էր հավաքում ֆաշիստական շարժումը, որն այս ժեստը դարձրեց իր ողջույնը: Իսկ հետագայում այն փոխառնվեց Գերմանիայի նացիստների կողմից:

Վան Հարենի խոսքերով՝ քանդակագործը հետին միտք չի ունեցել: «Այստեղ անհրաժեշտ է հստակ առանձնացնել մեկը մյուսից»,- ընդգծել է նա: - Մենք ունենք պատմական փաստ, որ ողջույնը վերաբերում է ֆաշիզմի տարածման ժամանակաշրջանին: Փաստ է նաեւ այն, որ քանդակի ստեղծողը ցանկացել է պատկերել, այսպես կոչված, սպորտային ողջույն, որը ծագել է 1924 թվականին»:

«Սակայն, քանի որ ժեստը կարող է ուղղակիորեն կապվել ֆաշիզմի հետ, մենք որոշել ենք միջոցներ ձեռնարկել եւ արձանը հանել մուտքից»,- ասել է տնօրենը: «Այն կմնա ներսում, այն կարելի է տեսնել ուղեկցվող շրջագայության ժամանակ, երբ մենք կկարողանանք մանրամասն բացատրել ժեստի պատմությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել