News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսօր ցերեկը ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ հեռուստաաշտարակի հարեւանությամբ գտնվող ձորակում դի կա։ Ըստ  shamshyan.com-ի՝  իրավապահներն այնտեղ հայտնաբերել են 20-25 տարեկան  խեղդամահ արված աղջկա դի։ Այժմ նրանք պարզում են մահացածի ինքնությունը եւ ձեռնարկում են գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Վաղը՝ օգոստոսի 19-ի կեսօրին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,   պաշտոնաթողությունից հետո իր առաջին ասուլիսում կպատասխանի Ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին: Նրա գրասենյակից պարզաբանել են, որ մամուլի ասուլիսը տեղի կունենա բացօթյա կանաչ հատվածում, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Հետաքրքիր բացահայտումներ են լինելու, այդ թվում՝ ինչու հենց հիմա, եւ ինչու Ապրիլյանի մասին»,- NEWS.am-ին հայտնել է գրասենյակի պատասխանատուն:

Սահմանադրական Դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո միտքը փոխել է եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացրել իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։ Ավետիսյանը պարզաբանել է, որ պատգամավորների մի մասի՝ ՍԴ դերի, դրա անդամի ապաքաղաքականացվածության եւ անկախության վերաբերյալ մոտեցումներն  իր ունեցածին համահունչ չեն, որոշ դեպքերում՝ նաեւ անընդունելի են։ «Նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար», գրել է նա։

Գարեգին Նժդեհի արձանի մոտ հացադուլի 5-րդ օրը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին է այցելել շտապօգնության մեքենան եւ բուժզննում անցկացրել։ Այս օրերին անվանի մարզիկին են այցելել նաեւ քաղաքական եւ արվեստի դեմքեր, մարզիկներ, հորդորել դադարեցնել հացադուլը, զորակցություն հայտնել։ Նրան հատկապես ոգեւորել են շարքային քաղաքացիները։  Ինչքան է դեռ շարունակելու հացադուլը՝ տիտղոսակիր բռնցքամարտիկը նշել է․ իր պայմանները հստակ են։

Իսրայել Հակոբկոխյանին այսօր  այցելել են ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանովը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մոր` Ռոզա Ծառուկյանի հետ,  մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագին և խաղողօրհնության կարգին: Զրուցելով բնակիչցների հետ, նա ասել է, որ ԲՀԿ երիտասարդական թեւի հարցումներով պարզվել է, որ հարցվողների 90 տոկոսը դեմ է, որ կրթության ոլորտում իշխանության նախաձեռնած փոփոխություններին։ 

Տավուշյան մարտերի մասնակից, ազգային հերոսի կոչման ներկայացված կապիտան Ռուբեն Սանամյանը զինված ուժերում ծառայում է  8 տարուց ավելի, NEWS.am-ին  փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել է, որ Տավուշյան մարտերում հակառակորդի Orbiter թռչող սարքը ոչնչացրած Սանամյանն  արիությամբ աչքի էր ընկել դեռ 2012 թվականին եւ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչման արժանացնելու, 71 զինծառայողի էլ Մարտական խաչ առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններով պարգեւատրելու  միջնորդություն է ներկայացրել երկրի նախագահին

Առավոտվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուային հիվանդության 38 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 41701-ի: Արձանագրվել է մահվան 6 դեպք, նրանցից ամենաերիտասարդը 45 տարեկան է։ Մահերի ընդհանուր թիվը 1067 է։  Ի դեպ՝ երեկ վիրուսից մահացած 30-ամյա երիտասարդը  ոչ մի ուղեկցող հիվանդություն չի ունեցել։

Հերթական կադրային փոփոխությունը ուժային կառույցում, այս անգամ երկրորդ էշելոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեւորգ Մովսեսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Նախորդող օրերին մամուլը գրում էր, որ Փաշինյանն ամբողջովին փոխել է իր եւ կնոջ թիկնազորների անձնակազմը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Լճաշեն համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին։ Վարչապետը շրջել է մանկապարտեզի   սենյակներով։ Շրջայցի ընթացքում լճաշենցիները Փաշինյանին են մոտեցել իրենց եւ համայնքի հոգսերով։ Վարչապետւ հորդորել է սոցիալական հեռավորություն պահպանել եւ դիմակներ կրել։

Վարչապետը շրջել է Գեղարքունիքի նաեւ մի քանի այլ համայնքներում, ծանոթացել ճանապարհների նորոգման ընթացքին, զրուցել գյուղացիների հետ, դիմակներ բաժանել, լուսանկարվել։ Գանձակում մի տարեց կին ցանկացել է նրան իր համակրանքը արտահայտել։

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել,  պարգեւատրվել է 1 մլն 800 հազար դրամով։ Արձակուրդի մեջ գտնվող Հայկ Մարությանին փոխարինող  փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր   կարգադրության մեջ հիմնավորել է պարգեւավճարը՝ «աշխատանքային եւ ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքով»։ Քաղաքապետի նախկին թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ մինչեւ  2019-ի վերջը Աջափնյակում մետրոյի 2 կայարանի եւ Նորքը կենտրոնին կապող ճոպանուղու նախագծման աշխատանքն ավարտելու մասին խոստումները, նրա խոսքով, փաստորեն սկվազնյակներ էին։ 

Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը։ Ընդդիմությունը չի ընդունում նախագահի ընտրության արդյունքները եւ չի համակերպվում պարտության մտքի հետ։ Ցույցեր են եղել նաեւ հանգստյան օրերին։

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը հեռացել էր Լիտվա եւ հայտարարել մեծ քաղաքականությունից հեռանալու մասին, թերեւս ոգեւորվելով Արեւմուտքի աջակցությունից, տեսաուղերձ է հրապարակել եւ   պատրաստակամություն հայտնել հանդես գալ որպես ազգային առաջնորդ։ Նա խոստացել է Բելառուսում փողոցներ անվանակոչել այս օրերին զոհվածների անունով, թեեւ առայժմ հայտնի է մեկ զոհի մասին։ «Մենք բոլորս ցանկանում ենք դուրս գալ այս անվերջ շրջանից, որի մեջ ենք հայտնվել 26 տարի առաջ։ Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել եւ այս ժամանակահատվածում հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանդարտվի, մտնի նորմալ ռիթմի մեջ եւ մենք նոր ընտրություններ անցկացնենք», ասել է նա։

Բելառուսում նոր ընտրություններ չեն լինի, իր կողմնակիցների հանրահավաքում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդգծելով, որ այն կործանարար ճանապարհ է պետության համար, ինչն ինքը մահից հետո էլ թույլ չի տա։ Նա   «ծնկի է իջել» իր կողմնակիցների առջեւ, որոնք, ըստ նրա, դրան արժանի են, նաեւ  խոնարհվել է։ Լուկաշենկոն Արեւմուտքի առաջնորդներին կոչ է արել Մինսկի ցուցարարներին զորակցության ուղերձների փոխարեն իրենց երկրներում կարգուկանոն հաստատել։ Գործադուլ հայտարարծների մասին Լուկաշենկոն ասել է, թե նրանք մի անի հարյուր հոգի են ու եղանակ չեն ստեղծում։

Տարբեր ձեռնարկությունների գործադուլավորներին է միացել Բելառուսական պետական «Բելհեռուստառադիոընկերության» անձնակազմի մի մասը: Նրանք հայտնել են, որ կգնան աշխատավայր, սակայն չեն աշխատի, թեեւ աշխատակիցների մի խումբ ազատման դիմում գրել է: Ղեկավարությունը գործադուլավորներին աշխատելու կամ հեռանալու ժամանակ է տվել։

Կիրակի Մադրիդում բազմամարդ ցույց է տեղի ունեցել ընդդեմ դիմակների պարտադիր կրման եւ այլ սահմանափակումների։ Դիմակների կանոնը մտցվել էր մայիսին հանրային տրանսպորտից օգտվող անձանց համար, իսկ ավելի ուշ տարածվել է ամբողջ երկրի վրա։ Ցուցարարներին զայրացրել է նաեւ հանրային վայրերում 2 օր առաջ ընդունված ծխելու արգելքը։

Գիշերը Լոնդոնում մահացել է Այսուլթան Նազարբաեւը՝ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը։ Մահվան պատճառը նախնական տվյալով՝ սրտի կանգն է։  Այսուլթան Ռախաթովիչը 30 տարեկան էր։ Նա Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր որդին էր, 2010 թվականին ավարտել էր Բրիտանիայի Թագավորական ռազմական ակադեմիան, 1 տարի աշխատել Ղազախստանի Պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունում, ուժերը փորձել է նաեւ ֆուտբոլում։

Գրող Արթուր Հյարապետյանը հայտնել է, որ դերասանուհի Նարինե Ոսկանյանի կամ Պաուզա Անոյի վիրահատությունը անցել է բարեհաջող, եւ նրա տրամադրությունը ինչպես միշտ բարձր է։ Հիշեցնենք, որ վիրահատության փողը փոխանցել էին ամերիկահայ մի բարերար եւ Ռուբեն Հայրապետյանը։ Ինքը՝ Պաուզա Անոն խնդրել է էլ փող չուղարկել, թե չէ ստիպված կլինի ինքն էլ բարեգործությամբ զբաղվել։  

Հայաստանի կառավարությանը պատկանող միակ օդանավը չեխական Օստրավայում ներկել են՝  ավելացնելով մեծ չափի դրոշ, որ հիշեցնում է «Աերոֆլոտի» Airbus A350-ը, հաղորդվում է AviaNews-ի Telegram ալիքում։ Ալիքը հրապարակել է նաեւ երկրի «Համար մեկ» օդանավի լուսանկարները։

Օգոստոսի 17-ից «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացել է իր դռները զբոսաշրջիկների առաջ,  ֆեյսբուքում գրել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, եւ վերահրապարակել իր ֆոտոշարքը Արցախից։ Հիշեցնենք, որ նա մոտ երկու ամիս է՝ արշավ է նախաձեռնել համացանցում՝ ներկայացնելով հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։

Ֆոտոշարքը քննարկումների հերթական ալիքն է բարձրացրել սոցհարթակներում։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է, որ իրեն Հիսուսի հետ համեմատող Փաշինյանի կինը նրանից հետ չի մնում։ «Շարունակելով իր  ֆոտոսեսիաները և իբրև թե գովազդելով Արցախի Տիգրանակերտը՝ իրեն երևակայել է Տիգրան Մեծի կին ու համապատասխան «հանդերձանքով» է ներկայանում, կատարելով իր ֆանտասմագորիկ երազանքները... », գրել է Համբարյանը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով ու կազմել  484.65 դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 2.59 դրամով ու հասել 574.50 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1,22 ու հասել 635.38 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 6.60 դրամի:

Օգոստոսի 18-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում տեղումների չեն սպասվում: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ