News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, կապ չունի, թե որ հարցի շուրջ և ցուցաբերի իր անվստահությունը մեր նկատմամբ, անձամբ ես պատրաստ եմ հեռանալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե «համոզված ենք, որ շուտով մեր ժողովուրդը ոչ միայն տալու է նախկինների գործը շարունակող այս վարչակազմի գնահատականը, այլև ոտքի է կանգնելու և նրան ուղարկելու է ուր որ հարկն է»։

«Ես համոզված եմ, որ այս հարցով ժողովուրդը ոտքի չի կանգնի, որովհետև ժողովուրդը ճիշտ է գնահատում իրողությունների ընթացքը, ճիշտ է գնահատում իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների տված խոստումները, որ չեն կարող են միջամտել դատական համակարգի  գործունեությանը և բազմաթիվ խաչաձև առիթներով այդ հանգամանքը հաստատվում է»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։

 Իշխող ուժի պատգամավորը հիշեցնում է 4 տարի առաջ տեղի ունեցած՝ ՊՊԾ գնդի գրավումը։

«Այն ժամանակ և դրանից որոշակի ժամանակ հետո էլ, իհարկե, հասարակության մեջ պահանջ, քաղաքական ըմբոստություն կար, և այդ իմաստով «Սասնա ծռերի» գործողությունները որոշակի շրջանակներում համակրանք էր վայելում, բայց դա չի նշանակում, որ դա ճիշտ ճանապարհն էր»,- նշեց նա։

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ օգոստոսի 12-ին, երբ  «Սասնա ծռերի» գործով դատական նիստին մեղադրող դատախազները հրապարակեցին մեղադրական ճառը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ քաղաքական հետապնդումները շարունակվում են՝ թավշյա փաթեթավորմամբ և մատուցմամբ։

«Այսինքն՝ եթե որևէ մեկը դատվում է սպանության գործով, դա կարելի՞ է անվանել քաղաքական հետապնդում և որևէ մեկը կասկածում է այն հանգամանքին, որ այսօր քննչական գործընթացներն այնքան կխեղաթյուրվեն, որ ասենք՝ իրականությունից հեռու  կլինի՞, չէ որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել և փառք Աստծո, այսօր հնարավորություն կա, մասնավորապես՝ ես էլ պատրաստ եմ ոչ միայն «Սասնա ծռերի» հարցով, այլ ցանկացած քաղաքացու իրավունքները, եթե ոտնահարվել են, իմ ուժերի ներածին չափով օգտակար լինեմ, բայց քանի որ «Սասնա ծռերը» որոշակի համակրանք են վայելում ժողովրդի շրջանակներում, ապա իրենք հանգիստ կարող էին այնպիսի իրողություններ ստեղծել, որ այդ քննությունն ընթանար թափանցիկ և օբյեկտիվ, որպեսզի պարզվեր՝ էդ ցավալի դեպքերի հետևում ով էր կանգնած և որ ուժերը։ Կարծում եմ՝ ով սպանում  է քաղաքացու, առավել ևս ոստիկանին, ապա ինքը պետք է պատասխան տա, որովհետև ես ոստիկանին երբեք չեմ ընկալել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը։ Անձամբ ֆիզիկական հարվածներ  ստանալով ոստիկանններից՝ ես իրենց ընկալել եմ պետականության մի մաս, հետևաբար պետականության մի մասի վրա զենք բարձրացնելը ես համարում եմ անընդունելի, նշում եմ՝ ոչ իշխանությունների վրա, որ մենք ասում ենք՝ ապստամբություն, եթե դու ապստամբություն ես անում, դու պետք  է զենք բարձրացնես այսպես կոչված  իշխանությունների վրա, ոչ թե պետականության մի մասի վրա։

Հիմա  «Սասնա ծռերը», նրանց  համակիրները պնդում են, որ առաջին սպանությունը ինչ-որ ձև կարելի է մտածել, որ հա, փոխհրաձգություն է եղել և այլն, որի հետևանքով ցավալի դեպք է տեղի ունեցել, բայց կոնկրետ այդ ոստիկանի մահը, որը տեղի է ունեցել սառնասրտորեն, ինքս, իհարկե, 100 տոկոսով համոզված չեմ, թե ով է արել, բայց համոզված եմ, որ այսօրվա իրողություններում կարելի է 100 տոկոսով ապացուցել, թե ով է արել։ Ով արել է՝ պետք  է պատասխան տա»,- արձագանքում է իշխող ուժի պատգամավորը։

 Ըստ Հովիկ Աղազարյանի՝  իշխանությունների դեմ հարվածի տարբեր աղբյուրներ կան, օրինակ՝ հեռուստաաշտարակը գրավելը։

«ՊՊԾ գունդը  դա իշխանության  ․․․․ էդ  ուրիշ բան է, որ չարաշահել են,  ծառայել են ինչ-որ նպատակների, ես դա չեմ  ժխտում, բայց այդ ինստիտուտը պետականության մի մաս է, իսկ իշխանությանը ավելի մոտ ինստիտուներ են հեռուստաաշտարակը, նախագահական նստավայրը, եթե օրինակ՝ դրանք գրավեին, դա մի փոքր ավելի ուրիշ կլիներ էլի։ Ես այն ժամանակ էլ համաձայն չեմ եղել այդ մոտեցմանը, իրենց կատարած քայլի հետ»,- հավելեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Նա սարսափելի է համարում  այն, որ «Սասնա ծռերի» ակտիվիստներն այնպիսի քայլեր են անում, որ «վաղը չէ մյուս օրը կարող է դժվարություններ առաջացնել հավանական ներման գործընթաց սկսելու առումով»։

«Այսօր Նիկոլ Փաշինյանը և ոչ մեկ չի կարող ասել՝ ես արգելում եմ դատել, դատը պետք է լինի, ուրիշ բան, որ այնտեղ սխալներ, թերություններ կան։  Հասարակությունը,  քաղաքական գործիչներս հետևում ենք, որ ամեն ինչ մաքուր և ճիշտ արվի, բայց ինչ-որ տեղ գնահատելով, որ այդ մարդիկ այդ քայլին գնացել են ոչ թե անձնական շահ հետապնդելով, այլ գտել են, որ այդ ձևով պետք է ժողովրդին ոտքի հանել բռնազավթված իշխանության դեմ, ինչին ես համաձայն եմ, էդ ամեն ինչը հասկանալի է, բայց միանաշանակ պարզ է, որ  դատը պետք է լինի։ Դատից հետո, թե ինչ հավանական տարբերակներ կան, հաշվի առնելով այդ հանգամանքները՝ կարող է ներման գործընթաց սկսվեր, բայց, ցավոք սրտի համակիրներն ու ակտիվիստներն  իրենց պահվածքով այս պահին առաջացնում են խոչընդոտներ՝ հետագայում  նմանատիպ գործընթացներ սկսելու ճանապարհին»,- ասաց  Հովիկ Աղազարյանը։

Իշխող ուժի պատգամավորն ամփոփելով խոսքը նշեց, որ «Սասնա ծռերի» անդամների հրապարակումներն՝ ուղղված իշխանություններին, վատ է գնահատում։

«Որովհետև եթե չլիներ հեղափոխությունը, այսօրվա իրավիճակը, ապա իրենց ճակատագրերը շատ սարսափելի կարող էին լինել։ Այսօրվա մթնոլորտը, որը շատերս, ցավոք սրտի, երբեմն օգտագործում ենք ի չարս, իջնելով նեղ անձնական տիրույթներ, հայհոյանքների մակարդակ, բայց ոչինչ, դա էլ կանցնի, այս թափանցիկ մթնոլորտում կարելի է հասնել ամենաարդարացի դատավճռին»,- եզրափակեց նա։

 Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստին, դատախազները հրապարակեցին մեղադրական ճառը։ Դատախազները միջնորդեցին՝ Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Էդվարդ Գրիգորյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Արեգ Կյուրեղյանին ևս` 8 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա,  Սեդրակ Նազարյանին` 9 տարվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանին դատապարտել 8 տարի 9 ամիս ազատազրկման, Արմեն Բիլյանին` 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին` ցմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով:

Հիշեցնենք նաև, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավել էին Ոստիկանության ՊՊԾ գունդը։ Գնդի գրավման օրերին զոհվեցին երեք ոստիկաններ՝ գնդապետ Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը, Յուրի Տեփանոսյանը։ Վերջինիս հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, պնդում է, որ սպանությունը գործել են ոստիկանները, իսկ Տեփանոսյանի կինը նշում է՝ «ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ոստիկանը կարող է ոստիկան սպանել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ