News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամուլսարի հանքավայրում արդյունահանումը սկսելու «Լիդիան» ընկերության մտադրության հետ կապված մամուլում եւ հանրության շրջանում բազմաթիվ փաստարկներ, պնդումներ եւ հաճախ լուրեր կան Ամուլսարում ոսկու, ուրանի եւ թորիումի առկայության մասին։ Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմեց Հայաստանի ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանին՝ խնդրելով պարզաբանել, թե Ինստիտուտն այս հարցերի հետ կապված ինչպիսի տվյալներ ունի։

Ինստիտուտն Ամուլսարում արդյոք երբեւէ հետախուզում անցկացրե՞լ է եւ անմիջաբար այն շրջանում, որտեղ նախատեսվում է սկսել արդյունահանումը։ Եթե ոչ, ապա Ձեզ արդյոք հայտնի՞ է՝ երկրի պաշտոնական կառույցներն այնտեղ հետազոտություններ անցկացրե՞լ են, այդ թվում՝ ոսկու կամ ուրանի առկայության։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Ամուլսարի եւ հարակից տարածքներում հայ-Շվեյցարական համագործակցության շրջանակներում իրականացրել է միայն գիտական ուսումնասիրություններ, ինչպես օրինակ ապարների հասակագրում ժամանակակից, ճշգրիտ մեթոդներով: Օրինակ հանքաքարից ալունիտ միներալի վրա 40Ar/39Ar հասակագրումից ստացվել է 30.5 ± 0.1 Ma (միլիոն տարի) հասակ (հանքավայրի հասակն է): Մոնցոնիտ, մոնցոդիորիտային ինտրուզիվ ապարներում ցիրկոն միներալի բյուրեղացման հասակը ստացվել է 34.2 ± 0.5Ma եւ 34.8 ± 0.5 Ma: Իրականացվել են աշխատանքներ, թե ի±նչ երկրադինամիկ պայմաններում է առաջացել հանքավայրը եւ այլն:

ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ հետ համատեղ իրականացրել են 50.000 (հիսուն հազար) ճառագայթման լաբորատոր հետազոտություններ՝ հանքավայրի եւ ազդակիր համայնքների տարածքների բնական գամմա ճառագայթման ռադիացիոն ֆոնի մոնիտորինգ եւ եզրակացրել, որ տվյալները բավարարում են ՀՀ ճառագայթային անվտանգության նորմերին եւ կանոններին, ինչպես նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին:

Կա՞ն արդյոք ոսկու առկայության այլ տվյալներ, բացի ընկերության տվյալներից։ Տվյալներ կա՞ն արդյոք ուրանի եւ թորիումի առկայության վերաբերյալ։

«Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված ժամանակակից անալիզներից բացի այլ տվյալներ ոսկու պարունակությունների մասին չկան: Ուրանի եւ թորիումի պարունակությունները ըստ Լիդիան ընկերության կողմից ներկայացված տվյալների չեն գերազանցում միջին կոնցենտրացիաները երկրակեղեւում (ուրանի միջին կոնցենտրացիան երկրակեղեւում U-1,8 ppm է, 10.000 ppm = 1%): Ամուլսարում ուրանի միջին պարունակությունները ստորին հրաբխային ապարներում 0.65 ppm է, վերին հրաբխային եւ կոլուվիալ առաջացումներում՝ ավելի քիչ:

Ընկերությունից պնդում են, որ «Գրոմովյան արշավախումբը» անցկացվել է այլ վայրում, ամենեւին ոչ այնտեղ, որտեղ նախատեսված է արդյունահանումը։ Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։

Քարտեզները համադրելուց պարզ է դառնում, որ 1952-54 թվականներին ուսումնասիրված ռադիոակտիվ տարրերի համեմատաբար բարձր պարունակությամբ 2x3մ հատվածը (ըստ «Գրոմովյան արշավախմբի» հաշվետվության) գտնվում է 5,5 կմ հեռավորության վրա այն տարածքից, որտեղից նախատեսվում է հանքաքարի արդյունահանումը: Արշավախմբի կողմից ներկայացրած տարածքը մասամբ համընկնում է դատարկ ապարների լցակույտի (ԴԱԼ) տեղամասի հետ, որտեղ հանքարդյունահանման աշխատանքներ չեն նախատեսվում, այն ծածկվելու է կավի շերտով, եւ դատարկ ապարներով ըստ «Լիդիանի» հաշվետվությունների։

Նախկինում արդեն հաղորդվել էր, որ արշավախումբը Ամուլսարի շրջանում ուրան է հայտնաբերել, բայց արդյունահանման համար անբավարար քանակությամբ։ Կարո՞ղ է արդյոք եղած քանակության դեպքում հանքավայրի արդյունահանումն անդրադառնալ ջրի, հողի, մարդկանց վիճակի վրա։

Այո, «Գրոմովյան արշավախմբի» հաշվետվության 108 էջում գրված է, որ առանձին տեղամասերում առկա ուրանի եւ թորիումի պարունակությունները շահագործման համար հետաքրքրություն չեն ներկայացնում: Ցանկացած հանքավայրում աշխատանքները կարող են վատ անդրադառնալ շրջակա միջավայրի վրա, եթե չեն իրականացվում բնապահպանական աշխատանքներ: Ցավոք, Հայաստանում հանքավայրերը մեծ վնաս են հասցնում բնությանը, հատկապես պոչամբարների գոյությունը արդեն բնապահպանական աղետ է, դա է պատճառը, հավանաբար, որ չկա վստահություն հանքարդյունաբերության նկատմամբ: Սակայն այո, ներկայիս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հանքավայրը շահագործել մինիմալ բնապահպանական կորուստներով: Եթե աշխատանքներ իրականացվեն Ամուլսարում, անշուշտ անհրաժեշտ է մշտական մոնիտորինգ եւ պաշտպանիչ միջոցառումներ՝ նման խնդիրներից խուսափելու համար:

Ամուլսարի պաշտպանները մեծ ռադիոակտիվ ֆոնի մասին են հայտարարել այն բանից հետո, երբ ընկերությունը որոշակի աշխատանքներ է սկսել։ Դուք այս կապակցությամբ տվյալներ ունե՞ք։

Ռադիոակտիվ ֆոնի բարձրացման մասին տվյալներ ունենալու համար անհրաժեշտ է երկարատեւ (մինչ աշխատանքների սկսելը) եւ հետագա ամենօրյա մոնիտորինգ: Հնարավոր չէ մեկ չափումով նման եզրակացության գալ: Նման տվյալների հավաքագրում մեր ինստիտուտի կողմից չի իրականացվել:

Ձեր կարծիքով՝ 300 տարի շարունակ ջրի եւ հողի վիճակի վերահսկողություն իրականացնելու «Էլարդի» հանձնարարականի պատճառը ո՞րն է։

«Էլարդ»-ի մասնագետները կանխատեսել են ոչ թե 300 այլ մինիմում 30 տարի հետ փակման սպասարկում եւ մոնիտորինգ: Միայն կարող եմ ենթադրել, որ գնահատականը տրվել է ըստ «Լիդիանի» 2014 թվականի հաշվետվության տվյալների, որտեղ դատարկ ապարների մոտ 40 տոկոսը թթվագոյացնող են համարվել, հետագայում արված ուսումնասիրությունների արդյունքում նրանք եզրակացրել են, որ միայն 11 տոկոսն է թթվագոյացնող: Նմանատիպ հարցերին ավելի ճշգրիտ պատասխանելու համար անհրաժեշտ է սեփական ուսումնասիրությունները ունենալ, ինչի հնարավորությունը չի ունեցել նաեւ «Էլարդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ