News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է Եվրամիության ապակայունացմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսպիսի կարծիք է հայտնել հարցազրույցում, որն այսօր հրապարակվել է Paris Match ամսագրում։

Ֆրանսիացի առաջնորդի խոսքով՝ Էրդողանն «անցկացնում է էքսպանսիոնիստական քաղաքականություն, որը հիմնված է ազգայնականության եւ իսլամիզմի խառնուրդի վրա, որն անհամատեղելի է եվրոպական շահերին եւ Եվրոպայի ապակայունացման գործոն է»։ «Նման իրավիճակում Եվրոպան պետք է տեղի ունեցողն իրատեսորեն գնահատի եւ գործի իր շահերին համապատասխան»,- հավելել է Մակրոնը։

«Ես ամենեւին հանդես չեմ գալիս էսկալացիայի օգտին,- հավելել է նա։ - Սակայն ելնելով համաչափ գործողությունների անհրաժեշտությունից՝ կարեւեր եմ համարում անզոր դիվանագիտության գոյությունից խուսափելը»։ «Մենք արդեն ազդանշան ենք տվել՝ մատնացույց անելով եվրոպական համերաշխության գործունակությունը»,- նշել է Մակրոնը, որն այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ժամանակ քննարկելու է ԵՄ մոտեցումը միջազգային կարեւորագույն խնդիրներին։

Օգոստոսի 12-ին Մակրոնն Անկարային կոչ էր արել դադարեցնել Արեւելյան Միջերկրականում նավթի միակողմանի հետախուզումը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ օրը հայտնել էր, որ երկիրն այդ տարածք է ուղարկում 2 բազմաթիրախային Rafale օդանավեր եւ Lafayette ֆրեգատը։ Սա հարուցել էր թուրքական ղեկավարության կտրուկ արձագանքը։

Այս կապակցությամբ Մակրոնը Paris Match-ի հետ հարցազրույցում հատուկ շեշտել է, որ «Ֆրանսիան միջերկրածովյան տերություն է»։ Նա միաժամանակ հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններում առաջացող խնդրների լուծման հանդեպ ճկուն մոտեցման օգտին։

«Ֆրանսիան ամենեւին չի հետեւում Թուրքիայի նկատմամբ չփոփոխվող դիրքորոշմանը»,- հավաստիացրել է նա։ «Ես եվրոպական երկրների այն սակավաթիվ ղեկավարներից մեկն եմ, որոնք վերջին տարիներին Էրդողանի հետ անձնական հանդիպումներ են ունեցել․ ես նրան Փարիզում ընդունել եմ 2018 թվականի հունվարին։ Շատերը դրա համար ինձ քննադատեցին։ Էրդողանն այն առաջնորդներից մեկն է, որի հետ ես անցկացնում եմ խնդիրների ամենատեւական քննարկումները»,- հայտարարել է Մակրոնը։

Նա նաեւ հիշեցրել է, որ ինքն այցով Թուրքիայում է եղել 2018 թվականի սեպտեմբերին եւ առաջ է քաշել 2019 թվականին Լոնդոնում Թուրքիայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությունը, որին մասնակցել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ