News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ մահացել է 1087 կորոնավարակակիր։ Երեկ մահացել է 5 մարդ, որոնցից COVID-19 ունեցող 2-ը՝ այլ հիվանդությունից։ Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 319-ի:

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ:

Առայսօր COVID-19 հաստատվել է 268 մարդու մոտ, նրանցից 248-ը հաղթահարել է հիվանդությունը, փաստացի բուժում է ստանում 18 մարդ,  2-ի վիճակը գնահատվում է ծանր:

Նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակները համեմատելով՝ կարող ենք ասել, որ ունենք կորոնավիրուսային իրավիճակի կայունացում, կառավարության նիստում նշել է  առողջապահության նախարարը։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ կտրուկ անկումներ դժվար կարողանան արձանագրել, սակայն սահմանափակումները պետք է մնան։

Վարչապետ Փաշինյանն էլ նկատել է, որ կայունություն ասածը հարաբերական է, որովհետև ցանկացած պահի կարող է փոխվել ու դառնալ անկայունություն։

Նույն նիստում Նիկոլ Փաշինյանը  Ասիական զարգացման բանկից կորոնավիրուսի խնդրում 2 միլիոն դոլարի դրամաշնորհի հարցով զեկուցելու համար խոսքը սխալմամբ փոխանցել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ապա ուղղել սխալը՝ ձայն տալով առողջապահության նախարարին:

Հերթական պաշտոնանկությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Ավետիսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

Նախօրեին  Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում պապից դաժան ծեծի ենթարկված երկու երեխաներն էլ  Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում են։  Ըստ բուժհաստատության մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանի՝ 4-ամյա փոքրիկը որոշ չափով գիտակցություն ունի, առկա է գանգային արյունազեղում, իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ունի համակցված վնասվածքներ, անգիտակից է, նրա կյանքին վտանգ է սպառնում։

Գեւորգ Դերձյանը տեղեկացրել է նաեւ՝  Երևանի իրենց տան 2-րդ հարկի պատուհանից ցած ընկած 5-ամյա երեխայի վիճակը նույնպես ծանր է։ «Նա ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,- նշել է նա:

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Գագարին ավանում 4-ամյա տղան էլեկտրահարվել է ու մահացել։ Բժիշկների հերթապահ խումբը նրան «Հրազդան» բուժկենտրոն է հասցրել արդեն մահացած վիճակում:

Հեռուստաաշտարակի հարեւան ձորակում խեղդամահ վիճակում 3 օր առաջ գտնված աղջկա  ինքնությունը պարզվել է, նա Երեւանի բնակիչ է, 26 տարեկան, մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։ Ըստ shamshyan.com-ի՝ սպանությունը կատարելու կասկածանքով՝ որոնվում է Իրանի քաղաքացի 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, որը ժամանակավոր բնակվել է Աջափնյակում, իսկ հիմա անցել է հայ-իրանական սահմանը։

Ռուսաստան մեկնել ցանկացողները շարունակում են բողոքել կառավարության դիմաց, պահանջելով ու խնդրելով պայմանավորվել վրացական կողմի հետ՝ մեկնելու թույլտվության համար։

Կինը համոզված է, որ վարչապետը երկրով չի զբաղվում, դրա փոխարեն  սոցցանցերում է շատ ակտիվ:

Քաղաքացիներից մեկն էլ իր հետ բերել էր Ռուսաստան մեկնելիս մահացած քաղաքացու նկարը: «Վախթանգ Մելքումյանն ավտոբուսով մեկնելու ճանապարհին է մահացել: Նա էլ է մեր կողքին կանգնել ու պայքարել այս  խնդրի համար»,- ասել է  ակցիայի մասնակիցը: Քաղաքացին նշել է նաեւ, որ այս պահին արդեն մոտ 2200 ընտանիք է սպասում երկրից գնալուն, բայց այդ թիվն անընդհատ ավելանում է եւ շատերը մտադիր են անվերադարձ մեկնել: «Եթե կառավարությունն իր սահմանած օրենքները չի հարգում՝ ժողովուրդն ինչպե՞ս հարգի»,- ասել է նա:

Հուլիսի 30-ից Բագրատաշենում կուտակված ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն էլ դեռ չգիտեն, թե երբ են մեկնելու։ Նրանցից մեկը  NEWS.am-ին հայտնել է, որ մարդիկ հուսահատ վիճակում են, վաճառում են իրենց մեքենաները՝ ընտանիքներին սննդով ապահովելու համար։ Ամեն վայրկյան սպասում են  Ռուսաստանի դեսպանատան զանգին։ Ռուսական կողմը դիմել է Վրաստանին, այժմ սպասում են թույլտվությանը։

Կառավարության մոտ ցույցի էին եկել նաեւ Եկմալյան շենքի բնակիչները։ Նրանցից մեկն ասել է, թե հույս ունեին, որ այս կառավարության օրոք մի բան կլուծվի։ Նրանց  բնակարանները դեռևս 2006-ին, որպես հանրային գերակա շահ, քանդվել են, բայց առ այսօր նրանք բնակարան չեն  ստացել, և  ոչ էլ փոխհատուցում:

Սկանդալը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ Սորոսի գրասենյակի միջեւ ավելի է խորանում։ Սորոս-Հայաստանի կառավարություն կապերի մասին ամենօրյա պնդումներին հակադարձելով Սիմոնյանը հայտարարել էր, մեջբերում եմ. «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ Հայաստանում իշխանության վրա ազդեցություն ունենան»։  Որպես Սորոսի գրասենյակ հայտնի «Բաց հասարակության հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանն էլ դիմել է  ԱԺ նախագահին՝ խնդրելով ձեւավորել ԱԺ էթիկայի հանձնաժողով և քննարկել Ալեն Սիմոնյանի հարցը։  Տիկին Մինասյանը նշել էր, որ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան Ջորջ Սորոսին վիրավորելն է։ Ի պատասխան, Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովորդին և նրա ընտրած իշխանությանը։ Մեեծծ տառերով գրեք դա ձեր գրասենյակի պատին ու մերվեք այդ մտքի հետ։ Սա Հայաստանն է և վերջ»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված  միջադեպը գրեթե մեկ ամիս դեռ ուսումնասիրում է։ NEWS.am-ին հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասել է, թե տվյալներ էին անհրաժեշտ եւ իրենք երեկ  Հայկ Սարգսյանին հրավիրել են հանձնաժողով։ Մեկնաբանության համար ԱԺ պատգամավորի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին տեսանյութ էր հրապարակվել,  որտեղ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի էր կազմակերպել։ Ըստ Հրապարակ թերթի կայքի՝ լողափը կապ ունի  Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարի մասին, իրավագիտակից քաղաքացիներին կոչ է արել կես կգ-ից թեթեւ քաշով մանրաձուկ չգնել։  Նորանշանակ նախարարը հայտնել է, որ իրենք թույլատրել են մինչև 200 տոննա արդյունագործական ձկնորսության քանակ, պայմանագրեր են կնքել առայժմ 150 տոննայի համար, ապօրինի ձկնորսությունն էլ չեն հանդուրժելու։

Փոխարենն այս փուլում ավելացնենք ձկնային պաշարները և կատեգորիկ արգելենք ձկնորսությամբ զբաղվելը, թույլատրում են ևս 200 տոննա ձուկ որսալ,  NEWS.am-ին ասել է  «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը։ Ձկնորսությունը թույլատրելով, ըստ նրա երկու վտանգավոր գործողություն ենք կատարում. Սևանից հանում ենք այն ձկնապաշարը, որը կարող է օրգանական նյութի սպառող լինել և խոչընդոտել ծաղկման պրոցեսին։ Երկրորդը՝ մենք չգիտենք այդ ձկներում միկրոցիստինի քանակը, որն այդ օրգանական նյութերի սպառման արդյունքում կարող է անցնել ձկների մեջ, իսկ այնուհետև մարդուն։ «Ի՞նչ է նշանակում Սևանում ապօրինի ձկնորսության դեմ պայքարելու համար թույլ տալ Սևանում ձկնորսոթյամբ զբաղվել, ես դա չեմ հասկանում»,- ասել է Վարագյանը։

Նոր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքի ամսին է հանրությանը տեղեկացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության Հակոբ Արշակյանը: «Հայկակական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը»,- Ֆեյսբուքում գրել է նա։

Սեպտեմբերի 15-ից դպրոցների վերաբացման լուրը ուրախացրել է ծնողներին ու աշակերտներին, մտահոգել՝ դիմակի պարտադիր կրման պատճառով։ NEWS.am-ի հետ զրույցում աշակերտի մայր Հեղինե Հարությունյանն ասել է, որ իր երկրորդ դասարանցի դստեր դեմքից դիմակը պարբերաբար ընկնելու է եւ նա այն նորից է դնելու՝ այս անգամ մանրէներով հագեցած վիճակում։ Ծնողներ կան, որ ընդհանրապես դիմակի պատճառով երեխաներին չեն ողարկելու դպրոց։ «Նախարարը չի պատկերացնում, թե երկրորդ դասարանի երեխան ինչպե՞ս է դիմակ կրելու ու 45 րոպե դասաժամի նստի», ասել են նրանք։ Սահմանադրագետ Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ 16 տարեկանը չլրացած անձանց նկատմամբ չի կարող վարչական պատասխանատվություն սահմանվել, եւ ընդհանրապես, դիմակի պարտադիր կրման պահանջը հակաօրինական ու հակասահմանադրական է։

NEWS.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել է տեսանյութ, թե ինչպես են ոստիկաններն անչափահաս տղային բերման ենթարկում՝ դիմակ չկրելու համար։ «Երեկ՝ 21։30-ի սահմաններում, ոստիկաններն անխղճաբար ծեծի էին ենթարկում մի տղայի՝ ընդամենը դիմակ չկրելու համար։ 4-5 բերետավորներ այդ խեղճ ու անպաշտպան հայ քաղաքացուն ստորացրին քաղաքացիների ներկայությամբ»,- գրել է ընթերցողը։

Ի պաշտպանություն Ամուլսարի՝  ջերմուկցիներն ու հարակից համայնքների բնակիչները հերթական ավտոերթն են նախաձեռնել դեպի Երեւան։ Նրանք ժամը 16-ին հավաքվել են Օպերայի հարակից տարածքում։ «Ծիծաղելի է, որ հեղափոխություն ապրած երկրի կենտրոնում մարդիկ իրենց ոտնահարված իրավունքների, շրջակա միջավայրի պահպանման համար, ստիպված են օր ու գիշեր լինել դրսում եւ ֆիզիկական պատնեշ դառնալ այդ սպառնալիքին»,- նշված է նրանց ուղերձում:

Երեւան հասած ավտոերթի մասնակիցները միացել են Ազատության հրապարակում հավաքված բնապահպաններին։ Ակցիայի մասնակիցները քայլերթով գնացել են  Հանրապետության հրապարակ։ Ակցիայի մասնակիցներն ունեն թմբուկներ եւ պաստառներ՝ ««Ամուլսար ասելիս ծնկներս դողում են». Հայաստանի կառավարություն», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք» գրություններով։ Ամուլսարի  պահապանները հայտարարել են, որ այսպիսով սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մեծ շղթայի։

Ռուսաստանցի արմատական ընդդիմադիր, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիին միացված է արհեստական շնչառության սարք, նրա վիճակը  կայուն ծանր է: Ինքնաթիռը, որում գտնվել է Նավալնին, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, երբ նրա վիճակը վատացել է: Տոմսկից թռիչքից առաջ Նավալնին միայն թեյ է խմել օդանավակայանի սրճարանում: Հիմնադրամի մամուլի խոսնակը ենթադրում է, որ սլանդալային վարքով հայտնի գործչին թունավորել են:

Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է Եվրամիության ապակայունացմանը։ «Պարի մաչ» ամսագրին հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Էրդողանը վարում է էքսպանսիոնիստական քաղաքականություն, որը հիմնված է ազգայնականության եւ իսլամիզմի խառնուրդի վրա, որն անհամատեղելի է եվրոպական շահերին եւ Եվրոպայի ապակայունացման գործոն է։

Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն Ինսթագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել ամուսնու ծննդյան տարեդարձից։ Օգոստոսի 19-ին 52 տարեկան դարձած Սամվել Ալեքսանյանը փչելով հանգցնում է տորթի վրայի մոմերը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.42 դրամով ու հասել  484.72 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.50 դրամով ու կազմել 573.71 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.82 ու կազմել  636.05 դրամ,  ռուսական ռուբլու փոխարժեքը  նվազել է 0.04 դրամով ու կազմել 6. 56 դրամ:

Օգոստոսի 21-ին Հայաստանի հյուսիսային մարզերում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը կշարունակի փոքր-ինչ բարձրանալ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը +34+36 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ