News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի միջուկային ոլորտի 75-ամյակի տոնակատարության օրը տեղի է ունեցել խորհրդային նշանավոր եւ հայ գիտնական, պետական գործիչ, միջուկային արդյունաբերության հիմնադիր-հայրերից մեկի՝ Անդրանիկ Պետրոսյանցի հուշատախտակի բացումը:

Հուշատախտակը (ճարտարապետ՝ Նատալյա Վիլվովսկայա) տեղադրվել է Պովարսկայա փողոց 31/29 տան ճակատային մասում, որտեղ բնակվել է հայտնի գիտնականը: Շենքի վրա նաեւ հուշատախտակ է բացվել՝ նվիրված խորհրդային միջուկային նախագծի ղեկավարներից մեկին՝ Ավրաամի Զավենյագինին:

Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ իր ելույթում ընդգծելով հայտնի գիտնականի եւ պետական գործչի հիշատակը հավերժացնելու կարեւորությունը:

«Սա շատ նշանակալի օր է մեզ համար: Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում մենք հավերժացնում ենք մեր անվանի հայրենակից, ականավոր գիտնական Անդրանիկ Պետրոսյանցի հիշատակը, որի կյանքն ու կենսագրությունն անբաժանելիորեն կապված են խորհրդային միջուկային արդյունաբերության զարգացման հետ: Ողջ կյանքի ընթացքում Պետրոսյանցը սերտ կապի մեջ է եղել իր հայրենիքի հետ, եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ, իր նշանակալի ներդրումն է ունեցել հանրապետությունում ատոմային ոլորտի զարգացման եւ հայկական ատոմակայանի կառուցման գործում»,- ասել է դեսպանը:

Պետրոսյանցի արժանիքների մասին միջոցառման ժամանակ պատմել են միջուկային էներգիայի եւ արդյունաբերության վետերանների միջտարածաշրջանային հասարակական շարժման նախագահ Վլադիմիր Օգնեւը, ակադեմիկոսի թոռը՝ Անդրեյ Պետրոսյանը, ինչպես նաեւ ոլորտի այլ գործիչներ:

Անդրանիկ Մելքոնովիչ Պետրոսյանց (1906, Վլադիկավկազ - 2005, Մոսկվա) – խորհրդային գիտնական եւ պետական գործիչ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի պետական կոմիտեի նախագահ (1962-1965), ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահ (1978-1986): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1962), ինժեներատանկային ծառայության գեներալ-մայոր (1945):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ