News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի  ֆեյսբուքյան անձնական եւ պաշտոնական էջերն այլեւս հասանելի չեն։ Լուրեր են շրջանառվում, որ նախարարը հրաժարական է ներկայացրել։ Լուրը ճշտելու՝ NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասել է, թե «Այդ լուրերին չի անդրադառնում եւ չի մեկնաբանում»։ Նույնը ասել է նաեւ նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

Մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է եւ նրան որոնում են, հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած լուրը, որով մոլորվածը դիվերասանտ է ներկայացվել:

Շաբաթ օրը զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Խաչիկ Բաղդասարյանը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են զինվորական  հոսպիտալ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Խաչիկն Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր, Ռուսաստանից էր եկել ծառայության անցնելու: Արտենիի գյուղապետը NEWS.am-ին հայտնել է, որ մինչ բանակ մեկնելը նա  որեւէ հիվանդություն չի ունեցել:

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն այսօր ավտոերթ է կազմակերպել՝ պահանջելով կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Մեքենաների շարասյունը կարճ կանգառ է արել  Ազգային Ժողովի դիմաց, ապա շարժվել նախարարություն, որը շրջապատված էր ոստիկաններով: Հարությունյանի հրաժարականը պահանջում են, նախաձեռնողների ձեւակերպմամբ՝ հայատյաց քաղաքականություն վարելու համար:  Նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը քաղաքացիներին կոչ է արել օգոստոսի 28-ին, ժամը 13-ին գալ կրթության նախարարության դիմաց՝ «Թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը» կարգախոսով բողոքի ցույցին մասնակցելու:

«Թույլ չենք տալու, որ պղծեն մեր դպրոցները,  մեր երեխաներին, թույլ չենք տալու, որ Հայոց եկեղեցու պատմությունը հանեն դպրոցներից, երեխաներին պարտադրեն դիմակ: Ռեժիմը խուճապի մեջ է», հայտարարությունից հետո ցուցարարները վանկարկել են՝ «Արայիկ հեռացիր»: Այնուհետեւ ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը «Իմ քայլը» խմբակցության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ չի քննարկվել, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Օրակարգ նախապես չի ծրագրվել. անդրադարձել ենք թե արտաքին քաղաքական հարցերի, թե  բարեփոխումներին, ասել է Մակունցը։ Հայ զինվորականի Ադրբեջանում հայտնվելու մեկնաբանությունների  շուրջ հարցին ի պատասխան՝ իշխող խմբակցության ղեկավարն ասել է, թե նիստը փակ է եղել, հետեւաբար մանրամասներ չի կարող հայտնել: Ի դեպ՝ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով. «Հաճույքով, բայց ուշանում եմ»:

Վերջին օրերին սոցիալական ու հանրային հարթակներում բուռն քննարկման հիմնական թեման նաեւ ուսումնական հաստատությունների համար պարտադիր համարվող ուղեցույցն է, որը շատ մանկավարժների ու աշակերտների ծնողների համոզմամբ, ոտնահարում է երեխաների իրավունքները։ Մանկավարժ, մարզիչ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանի տպավորությամբ՝ ուղեցույց մշակողները երբևէ դպրոցում չեն եղել և չեն պատկերացնում, թե ինչի համար է ընդհանրապես ուսումնական պրոցեսը։

Աղբյուր Սերոբ 7 հասցեի  բնակիչները ճանապարհ են փակել՝  դժգոհելով հարևանությամբ բարձրահարկ շենք կառուցելու որոշումից։ Ոստիկանները փորձել են ճանապարհը բացել։

«Այս նեղ փողոցի այն կողմն էլ է առած, այնտեղ էլ է բարձրահարկ շենք կառուցվելու: Խեղդվե՞ն մարդիկ այստեղ:  Ես մինչեւ այսօր Նիկոլի կողմից եմ եղել, բայց այսօրվանից լրիվ հիասթափվել եմ իրենից», ասել է ցուցարար կինը:

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում աշխատանքի անցնելու կապակցությամբ, իր դիմումով եւ գլխավոր դատախազի հրամանով պաշտոնից ազատվել է գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երեւանի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը կոլեգիան միաձայն հավանության է արժանացրել: Բաղդասարյանը 33 տարեկան է, նա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրողն է։ 

Երկրորդ նախագահը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ պետությունից հօգուտ իրեն 2 մլն դրամ բռնագանձել: Նրա ներկայացուցիչ Հայկ Ալումյանը NEWS.am-ին հայտնել է, որ հայցի պատճառն այն է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստում հրապարակել է նախկին նախագահի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Վրաստանի հյուսիս-արեւելքում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվը  հասել է 17-ի։ Վթարը տեղի ունեցել կիրակի օրը, Բիսո գյուղի մոտ: Տեղացի զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է կիրճը գրեթե 80 մետր բարձրությունից: Փրկարարներին հաջողվել է ավտոբուսից դուրս բերել 3 վիրավորի: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:

Հանգստյան օրերին Բելառուսում դարձյալ անհանգիստ էր։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով ու զինված է ժամանել իր նստավայր՝ Անկախության պալատ, որի հարեւանությամբ ընդդիմության բողոքի ցույցն էր։ Հրապարակված տեսանյութում երեւում է, որ Լուկաշենկոն ուղղաթիռից դուրս է գալիս հրացանը ձեռքին։

Ավելի վաղ ցուցարարները «Հերոս-քաղաք Մինսկ» հուշակոթողից շարժվել էին դեպի Անկախության պալատ, սակայն նրանց շարժումն արգելափակել են հատուկջոկատայիններն ու հատուկ տեխնիկան։ Փողոցներում տրանսպորտի երթեւեկությունը կանգնեցվել է։ Ուժայինները կոչ են արել ցրվել եւ չխախտել զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության պահանջները։ Սակայն մարդիկ երկար ժամանակ չեն հեռացել հրապարակից։

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Բեռլին բուժվելու՝ որպես «կանցլերի հյուր», հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունն այն բանից հետո, երբ լրագրողները նկատել են, որ օդանավակայանից հիվանդանոց ճանապարհին շտապօգնության մեքենային ուղեկցում է անվտանգության մի ամբողջ շարասյուն, օդից էլ երկու ուղղաթիռ։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր բլոգերը կոմայի մեջ էր ընկել Տոմսկից Մոսկվա մեկնող ինքնաթիռում, որը շտապ վայրէջք էր կատարել Օմսկում։

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն վարակվել է Covid-19-ով եւ նրա վիճակը գնահատվում է ծանր։ «Ջերմությունը հասել է 39-ի։ նա պայքարում է»,- հայտարարել է Տիմոշենկոյի խոսնակը։ Ուկրաինայում, որի բնակչությունը գրեթե 50 միլիոն է, վարակվածների թիվը 105 հազար է, մահացել է 2271 մարդ։

Հայաստանում մահացածների թիվը հասել է 1110-ի։ Անցած մեկ օրում գրանցվել է  նոր կորոնավիրուսով վարակվելու 33 նոր դեպք, ընդհանուր թիվը 42825 է: Վիրուսից մահացել է 2 մարդ, եւս մեկ վարակակիր մահացել է այլ հիվանդությունից։ Շաբաթ-կիրակի արձանագրվել էր վարակման 315 եւ մահվան 10 դեպք։

Քննչական կոմիտեում քննվող գործով մեղադրանքներ են առաջադրվել Խաշթառակ գյուղում ծեծի ենթարկված երեխաների մորն ու պապին, որոնք արդեն ձերբակալված են։ Հիշեցնեմ, որ պապի ձեռքով ծեծվելուց հետո երկու թոռները հայտնվել են հիվանդանոցում։ Պարզվել է նաեւ, որ նրանց մայրը եւս պարբերաբար ծեծել է, նաեւ փայտով, իր 5 երեխաներին ու եղբոր երկու զավակներին։ Մյուս երեխաներն էլ հիվանդանոցում են հայտնվել մկնդեղով թունավորվելու պատճառով։

Կիրակի, Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախման պատճառն ադրբեջանցիների կողմից իրենց ոչխարները հայկական տարածք մտցնելն է եղել,  «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը NEWS.am-ին հայտնել է, որ խորհրդային տարիներից են ադրբեջանցիներն այդպես վարվում։ Ավելի ուշ ոստիկանության մոտ հավաքվել են հայեր, որոնք պահանջել են ազատ արձակել 3 ձերբակալվածներին։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ Պարի Սեն Ժերմեն - «Բավարիա» հանդիպման ավարտից հետո թիմի ֆանատներն անկարգություններ են հրահրել Փարիզի փողոցներում: Նրանք սկսել են հրկիզել մեքենաներ, օգտագործել պայթուցիկներ:

Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել: Կա 138 ձերբակալված:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 0:1 հաշվով պարտություն էր կրել «Բավարիայից»:

Հորդառատ անձրեւից հետո հանգստյան օրերին Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի փողոցներով գետակներ էին հոսում: Ալավերդցիներից Կորյուն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել եւ կատակով նշել. «Դեբեդ գետը տեղափոխվել է»:

Կալիֆոռնիայի Քինգս բիչ քաղաքի մթերային խանութից արջը չիփսեր է թռցրել։ Հաճախորդներից մեկը նկարահանել է, թե ինչպես է արջը ներխուժում խանութ եւ դուրս գալիս չիփսերի փաթեթով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.20 դրամով ու  կազմել 485.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.26 դրամով ու հասել 574.20 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.68 դրամով  ու կազմել  636.94  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.54 դրամ:

Օգոստոսի 25-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն  աստիճանաբար կբարձրանա: Երեւանում եւս մի քանի օր տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 14-16 աստիճան զրոյից բարձր, 25-ի ցերեկը՝ +25 +27։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ