Լրագրողների աշխատանքին խոչնդոտելը քրեական հանցագործություն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով նրան, որ արգելվել է լրագրողներին լուսաբանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի աշխատանքները:
«Գեւորգ Մուրադյանը նիստերի դահլիճում ասաց, որ իբր լրագրողները կարող են մտնել շենք, ոչ ոք նրանց չի խանգարում, բայց ինքներդ տեսնում եք, որ շենք մտնելու հնարավորություն չկա:
Ինքը բնականաբար իր վրա չի վերցնի պատասխանատվությունը, ենթադրում եմ, որ այս որոշումը մնալու է ԵՊՀ-ի պատմության հերթական փակ դռների պատմությունը: Փաստացի սրա համար պետք է պատասխան տա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը եւ նաեւ Գեւորգ Մուրադյանը, որովհետեւ անվտանգության ծառայողներն ասացին, որ ինքն է ասել, որ լրագրողներին ներս չթողնեն: Նա նման իրավասություն չունի»,-ասաց նա:
ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ սկբում եղել է քննարկում, քվեարկության է դրվել լրագրողներին ներս թողնել-չթողնելու հարցը. «Սկզբում ասացին, որ դա պարետի որոշմանը հակասում է: Լրագրողներին ներս թողնելուն դեմ արտահայտվեցին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Հայկակ Արշամյանն էլ առաջարկեց ներս թողնեն տեսախցիկներն առանց օպերատորների ու լրագրողների, իսկ տեսախցիկներն իրենք իրենց տեսանկարահանում իրականացնեն, լրագրողներն էլ դրսում տեսնեն, թե ինչ է կատարվում ներսում:
Դա ԵՊՀ ծրագրի ու կանոնադրության խախտում է, որովհետեւ բուհը պետք է լինի հնարավորինս բաց եւ իմ աշխատանքի թիվ մեկ պարտավորությունն այն է, որ հանրությունը լիարժեք տեղյակ լինի ԵՊՀ-ում տեղի ունեցող պրոցեսներից: Դա ֆիքսված է ԵՊՀ ռազմավարական պլանով:
Նիստն սկսեց նախագահել հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամը: Նախ Միքայել Մալխասյանը հարց հարձրացրեց, թե ով է ուղարկել ծանուցումը, քանի որ այն ստորագրված չէր: Պետք է խորհրդի նախագահն ուղարկեր, այնինչ խորհրդի նախագահ չկա: Գեւորգ Մուրադյանը խոստովանեց, որ ինքն է ուղարկել: Մենուա Սողոմոնյանը առաջարկեց, որ կառավարության ցուցակով առաջադրված Վահան Պապիկյանը եւ Գեւորգ Մուրադյանը վայր դնեն իրենց լիազորությունները, որովհետեւ ըստ եթե խորհրդի անդամներից մեկը ոչ լեգիտիմ է, ապա ամբողջ խորհուրդի աշխատանքը դառնում է ոչ լեգիտիմ: Նա հիմնավորեց, որ Պապիկյանը վարչապետի աշխատակազմում պաշտոն է զբաղեցնում, ինչը չկա օրենքով նախատեսված պաշտոնների ցանկում: Իսկ Գեւորգ Մուրադյանի դեպքում հիմնավորեց, որ ինքը ներկայացված է որպես «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր, իսկ այդ ՍՊԸ-ն հայտնի չի հանրությանը: Խորհուրդը դեմ քվեարկեց այդ առաջարկներին: Հաստատվեց նախապես ուղարկված օրակարգը, որը ենթադրում էր նախագահի ընտրություն, քարտուղարի ընտրություն եւ քննարկել ԵՊՀ ռեկտորի եւ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ հարցեր»,-ընդգծեց նա:
Նշենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այս պահին ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում երեք հարց է:
Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։
Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։
Լրագրողներին թույլ չեն տվել ներս մտնել եւ լուսաբանել նիստը: Գեւորգ Էմին-Տերյանը այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Վարագ Սիսեռյանը և Ժաննա Անդրեասյանը դեմ են, որ լրագրողներին ներս թողնեն»:











