News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանում պայթյունից շենք է մասնակի փլուզվել, մեկ մարդ մահացել է, երկուսը վնասվածքներ ստացել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Առավոտյան 7-ն անց 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռայնիսի փողոցի 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական յոթ մարտական հաշվարկ, բուժապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները երկու մարդու դուրս են բերել փլատակների տակից եւ հոսպիտալացրել, ավելի ուշ դուրս են բերել ևս մեկ քաղաքացու, որն արդեն մահացած էր: 56-ամյա տղամարդուն փրկարարները որոնել են նրա հեռախոսին զանգելով, որը գտել են, բայց մարմինն ավելի հեռու է եղել։ 19 մարդ տարհանվել է։

Դեպքի վայր են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը, մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան, ավելի ուշ Ֆեյսբուքում գրել է վարչապետը։

Պայթունից տուժած 41-ամյա տղամարդը մարմնի ամբողջ մակերեսի այրվածք ունի. գտնվում է արհեստական շնչառության տակ, NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Առաջին համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը։ 71-ամյա կնոջ առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հետազոտվել է ամբողջ ծավալով։ Ունի անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ։ Իսկ տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր.

Նախնական տվյալով, գազի պայթյունը եղել է հենց ծանր վիճակում գտնվող Էդգար Մարգարյանի բնակարանում: Բակում հավաքված հարեւանները NEWS.am-ին պատմել են, Էդգարի որդին՝ Էրիկը կյանքում առաջին անգամ գիշերել է ընկերոջ տանը եւ փրկվել:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շենքում դիտարկել է  շինության մյուս հատվածները, լրագրողներին ասել է Ֆելիքս Ցոլակյանը։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների, որ ստացել են սեյսմիկ ծառայությունից, առաջին, երկրորդ եւ երրորդ մուտքերն ամբողջովին ապահով են. 4-րդ մուտքի վերաբերյալ կասկածներ կան: Իսկ 5-րդը փլված մուտքն է:Նախարարը վստահեցրել է, որ առանց տանիքի ոչ ոք չի մնա։

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով, ֆեյսբուքում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մարությանը տեղեկացրել է, որ մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։

Հանրությանը ցնցած եւս մեկ դրամատիկ պատմություն է ողբերգական ավարտ  ունեցել։ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը տեղեկացրել է, որ տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի համակցված վնասվածքներով՝ գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Նրա 4-ամյա եղբայրը նույնպես հիվանդանոցում է։ Իր բաժին ձմերուկն ուտելու համար թոռներին մահու չափ ծեծելու մեղադրանքով ձերբակալվել է պապը, որն ըստ նրա փաստաբանի, հոգեպես անառողջ անձնավորություն է։ Իր 5 երեխաներին դաժանաբար ծեծելու  մեղադրանքով ձերբակալվել էր նաեւ նրանց 28-ամյա մայրը, որը հետո ազատ էր արձակվել, երբ պարզվել էր, որ դարձյալ հղի է։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

Երեխաներին չբաժանելու համար գերատեսչությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում, Ֆեյսբուքում գրել է նրա մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նաեւ նշել է, թե երեկ ողջ օրը լծված էր Թորոսյանի հրաժարականի լուրերը հերքելով, բայց որոշ լրատվամիջոցներ ավելի «կատարելագործված» ստեր են տարածում, ապա ավելացրել, նախարարը կորոնավիրուսի շրջանում օրը 24 ժամ է աշխատել եւ հանգստանալու կարիք ունի։

Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանն էլ լրագրողներին ասել է, թե ֆեյսբուքյան էջ փակելը չի նշանակում հրաժարական։ Ֆեյսբուքը մեր կյանք չպետք է այնքան մտնի, որ էջ փակելը նշանակի հրաժարական»,- ասել է նա։ Սարգսյանը պնդել է, որ Թորոսյանը կոնֆլիկտ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԱԾ էլ չի կանչվել:

Հայաստանում մահացել է արդեն 1125 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 131-ով ու հասել 43067-ի: Մահացել է 7 վարակակիր, որոնցից 4-ն այլ հիվանդությունից։

Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձ քրեաիրավական առումով գոյություն չունի, հետեւաբար որեւէ պաշտոնյա չի կարող քրեական հետապնդման կամ պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետեւանքների կամ խախտումների համար, հայտարարել է «ԷՅՋ-ՎԻ-ԷՅՋ» փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Եթե տեղի չի ունենում դիահերձում, ապա հնարավոր չէ հավաստել, որ մահը եղել է կորոնավիրուսից,- ասել է նա:  «Մենք համարում ենք, որ պետության կողմից իր գործառույթները չկատարելը իր մեջ ներառում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ, որի վերաբերյալ հանդես ենք գալու հանցագործության մասին հաղորդմամբ», ասել է իրավաբանը, նաեւ նշել, որ անվճար իրականացնելու են տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանությունը՝ պետությունից նրանց դրամական փոխհատուցման հասնելու համար:

Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, առաջին դասարանցիների համար 14-ից,  լրագրողներին հայտնել է կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:  Նրա խոսքով, առաջին դասարանցիներին կարող է ուղեկցել միայն մեկ անձ, դպրոցներում կորոնավիրուսի հսկողության պատասխանատուն տնօրենն է, ծախսերը կատարելու են դպրոցները, սակայն կլինեն նաեւ պետական հավելյալ միջոցներ: Փոխնախարարն ասել է նաեւ, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան այս տարի չի հանվի դպրոցներից։

Դատարանը մերժել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու գործով մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Ըստ վերջինների՝ դատախազը մերժել էր ամբողջ ծավալով գործի նյութերին ծանոթանալու իրենց միջնորդությունը։ Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի եւ դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի իր բացակայությամբ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանին առաջադրված 5 տարբեր հոդվածներով մեղադրանքները, Հայաստանի պաշտպանության նախարարության բնորոշմամբ՝ անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ Նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ,- նշել է նա գերատեսչության մամուլի խոսնակը:

Արցախի նախագահը պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի հերոսի կոչում շնորհելու հարցը: Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը պատմագիտության թեկնածու էր, իր ընտրության պահին եղել է դիրքերում, հասցրել է պաշտոնավարել 97 օր՝ 1992-ի հունվարից ապրիլ։ Նրա սպանությունը չի բացահայտվել։

Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ մեղադրողը՝ Պետրոս Պետրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով, նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում։ Կոտայքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանն էլ ազատվել է այդ պաշտոնից ու նշանակվել Երեւանի դատախազ:

Տխուր ավանդույթի համաձայն, երեկ երեկոյան ինքնասպանության հերթական փորձն է ձեռնարկվել Երեւանի Հաղթանակի կամրջի վրա։ Դեպքի վայր մեկնած փրկարարներին ու հոգեբանին հաջողվել է կանխել 21-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը։

«Բարսելոնայի» երկրպագուները փողոցային պայքար են սկսել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ: Համաշխարհային ակումբի խորհրդանիշը դարձած Լիոնել Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու լուրից հետո քաղաքացիները դուրս են եկել փողոց և պահանջել Բարտոմեուի հրաժարականը:

Շրջակա միջավայրի նախարարի հրատապ հանձնարարականով Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ գրություններ կուղարկվեն ոստիկանություն և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմին: Նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը հիշեցրել է, որ սպանված արջուկի կադրերը հրապարակել է ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Այդ արարքի համար նախատեսված է խոշոր տուգանք եւ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.46 դրամով ու հասել  487.17 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.19 դրամով ու կազմել  575.69 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.52 դրամով ու հասել 640.48  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով  ու կազմել 6.43 դրամ:

Օգոստոսի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ կիրակի կշարունակի բարձրանալ: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +29+31:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ