News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի ընտանիքին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու կապիտանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջոցառմանը։ NEWS.am-ի հետ զրույցում Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստն ասաց, որ հրավերն օրեր առաջ է ստացել, բայց հստակ չգիտեր, թե ինչի համար։ «Ինձ համար շատ անակնկալ էր, անձամբ նախագահն է ինձ հետ հեռախոսազրույց ունեցել, ուղղակի հրավիրեց, ասաց՝ Ձեզ անակնկալ եմ պատրաստել, իհարկե, ինձ համար հասկանալի էր, իսկ այսօր էլ տեսա, որ արդեն հայտարարություն է արել։

Ինձ ոչ մի բան պետք չի, տղայիս սխրանքը միայն թող արժևորեն։ Եթե թվում է, որ ես դրանով կարող եմ սփոփվել, չէ, բայց դա իմ տղայի արածի գնահատականն էր, իր արյան չոր կաթիլներն էր»,- ընդգծեց տիկին Համեստը՝ հավելելով, որ դեռ 4 տարի առաջ պիտի շնորհեին այդ բարձրագույն կոչումը։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ԱՀ Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Համեստ Ներսիսյանը բազմիցս էր խոսել այն մասին, որ որդուն պետք է հերոսի կոչում շնորհեն։

Ըստ նրա՝ իհարկե, դրանով ինքը չէր սփոփվելու, բայց որդին դրան արժանի էր։ Հեղափոխությունից հետո էլ տիկին Համեստը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ, սակայն նրա խոսքով՝ իր գրությանը պատասխան այդպես էլ չի ստացել։

«Ես կարծում եմ, որ լռությունը համաձայնության նշան է, և Հայաստանի Հանրապետությունն էլ իրեն կարժեւորի որպես արժանի սպայի։ Փաշինյանը արժևորում է սպային և տղայիս սխրանքին պետք է գնահատական տրվի»,-եզրափակեց Համեստ Ներսիսյանը։

 

Տպել
Ամենաշատ