News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արցախի Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է, որ Ուրֆանյանի հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի, որը, իր խոսքով՝ կհաստատի սիրով ու հպարտությամբ: «Դա իմ տղայի արածի գնահատականն էր, իր արյան չոր կաթիլները»,- NEWS.am-ին ասել է հերոսի մայրը՝  տիկին Համեստը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 12։53-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։  Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական ջոկատը։ Պարզվել է, որ հերթական կեղծ ահազանգն էր. տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ 

Արտակարգ դրության ողջ ընթացքում խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց, այլեւ պետական մարմինների համար, որոնք դառնում են այդ կարգավորումների իրավական զոհը, կառավարության նիստում հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը բողոքել է, որ օրենքների փաթեթը, որոնք նախատեսում են արտակարգ դրության վերացումից հետո նոր կարգավորումներ, իր գրասենյակ է ուղարկվել ընդամենը մեկ օր առաջ եւ իրենք մեկ օր են ունեցել առաջարկների համար: Այս փաստից դժգոհել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ մինչեւ վերջին պահը պարզ չի եղել, որ իրենց նախարարությունը պետք է զեկուցող լինի, որ նախագծի վրա հրատապ ռեժիմով աշխատել են առողջապահության նախարարության հետ: Փաշինյանը տարակուսել է. «Հունիսից մինչեւ այսօր աշխատել եք հրատապ ռեժիմո՞վ: Կգնաք կքննարկեք մինչեւ ստորագրման բերելը»,-բարկացած ասել է վարչապետը:

Նիստին, ի դեպ, առողջապահության նախարարը չէր մասնակցում, թեեւ նրա արձակուրդը սկսվում է օգոստոսի 31-ից: Նախարարությունի NEWS.am-ին հայտնել են, որ Արսեն Թորոսյանն այդ պահին Ազգային ժողովում մասնակցել է բյուջետային քննարկման: Հիշեցնենք, որ արդեն քանի օր է լուրեր են շրջանառվում, որ թեժ վեճ է տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի եւ Թորոսյանի միջեւ, ինչից հետո վարչապետը նախարարին արձակուրդ է ուղարկել: Նախարարի խոսնակն էլ հերքել էր այդ լուրերը:

Հրաժարականի մասին լուրերը քաղաքական շահարկումներ են, որ արդեն երկու տարի է շարունակվում է,  «Ազատություն» ռադիոկայանին ասել է առողջապահության նախարարը։ «Վարչապետի նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանդիպել»,- ասել է Արսեն Թորոսյանը եւ ընդգծել, որ կորոնավիրուսով հիվանդացածների եւ դժբախտաբար մահացածների տոկոսը ցույց է տալիս, որ առողջապահական համակարգը արել է ավելին, քան կարող էր։

Կառավարությունը հավանություն է տվել նախագծերի փաթեթին, որը թույլ կտա առանց արտակարգ դրությունը երկարաձգելու շարունակել համաճարակի դեմ պայքարը եւ հասնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն:

Հայաստանում մահացել է 1130 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում գրանցվել է COVID-19-ով  վարակվելու 203 նոր դեպք: Ընհանուր թիվը հասել է 43270-ի:

Փաստացի այս պահին բուժվում է 5153 պացիենտ: Երեկ արձանագրվել է 4 մահ, որոնցից մեկը՝ այլ հիվանդությունից։

Կառավարության բակում ցույցի եկած «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամները հայտարարել են, որ կառավարությունը տապալել է համավարակի դեմ պայքարը։  «Բացվելու են քրեական գործեր եւ մահ առ մառ պատասխան եք տալու, որովհետեւ այս հանգած խաղաղ մարդիկ ձեր խղճերի վրա են», վստահեցրել է Նարեկ Մանթաշյանը։

ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը որոշել է մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու մասին նախագիծ, որը Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի ԲՀԿ  խմբակցությունը: Որոշվել է նաեւ դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը:

Տնտեսական լրագրողների հետ հանդիպմանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե չի կարծում, թե որեւէ լուրջ բան արվել է Հայաստանում բիզնեսները փրկելու համար: «Փրկել բառն եմ օգտագործում, որովհետեւ մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած:  Անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ամենից վատն այն է, որ այդ ամենը ներկայացվում է որպես մարդկանց լավություն անելու քայլեր: Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն: Իրենց գրպանից չի այդ ամենը։ Եթե այս պայմաններում դուք նույնիսկ այդ քայլերը չանեք, ապա ինչո՞վ պետք է զբաղված լինեք ընդհանրապես»:

Վերջին 2 տարվա ընթացքում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոսով, ասել է  Ռոբերտ Քոչարյանը: «Պետական գնումները կոռուպցիայի համար ամենագայթակղիչ ոլորտն են: Հիմա ինչպե՞ս հավատանք, որ համակարգային կոռուպցիա չկա», ասել է նա

Կառավարության շենքի բակում կրկին բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները, որոնք պահանջում են, որ վարչապետ Փաշինյանը բանակցի Դաշնության դեսպանատան հետ՝ իրենց մեկնելու հարցը կարգավորելու համար։ Հիշեցնենք, որ Բագրատաշենում արդեն մեկ ամիս կուտակված մեկ խումբ այսօր երկու ավտոբուսով մեկնել է Ռուսաստան։

Մեկնողները Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ ինչ անեն նրանք, որոնք Հայաստանի քաղաքացի են, բայց նրանց ապրուստը, ընտանիքի մի մասը Դաշնությունում է։

Դատարանը մերժել է  ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպանները պնդել են, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք, թաքնվելու կամ խոչընդոտելու ռիսկ նույնպես չկա։ Նրանք մատնանշել էին նաեւ Խաչատրյանի առողջական խնդիրները, պնդելով, որ իրենց պաշտպանյալի առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։

Դատարանի որոշումը Խաչատրյանի պաշտպանական թիմը բողոքարկելու է։ Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ ակնհայտ էր, որ արդար դատական ակտ չի կայացվի, դատարանը ֆիզիկապես հնարավորություն չուներ այսքան կարճ ժամանակում ծանոթանալ գործի նյութերին։

Ոստիկանությունը բացահայտել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու կամ մասնակցելու եւս մեկ դեպք: 4 միլիոն դրամի ապրանքի հափշտակությունից հետո հափշտակողի եւ տուժողի պարզաբանումների գործը համակարգող այսպես  կոչված՝ «օրենքով գող» Անդրանիկ Ս.-ն կալանավորվել է։

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան պատմել է նոր ընտրություններում հաղթանակի դեպքում իր գործողությունների մասին:

Ես ազատ կարձակեմ բոլոր քաղբանտարկյալներին: Ազատ կարձակվեն Վիկտոր Բաբարիկոն, Սերգեյ Տիխանովսկին: Իմ թիմը կօգնի պահպանել երկրում կայունությունը: Դրանից հետո նոր արդար ընտրություններ կլինեն, ասել է նա:

Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Բելառուսի նկատմամբ ամենաբարձր մակարդակով դիվանագիտական ջարդ է սկսվել: «Այսօր Բելառուսի նկատմամբ հիբրիդային պատերազմ են վարում։ Հարեւան պետությունները միջամտում են մեր  ներքին գործերին։ Հայտարարում են, որ եթե Բելառուսը փլուզվի, ապա Գրոդնոյի շրջանը կփոխանցվի Լեհաստանին: Նրանց դա չի հաջողվի»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսավոր իրադարձություն էր. տեղի է ունեցել Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման և տեղադրման արարողությունը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով ու կազմել 487.03 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.22 դրամով ու հասել 575.91 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.74 դրամով ու հասել 643.22  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու  կազմել 6.49 դրամ:

Օգոստոսի 28-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեւանում նույնպես տեղումներ չեն դիտվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +31+33:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ