News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը կլինի 70 րոպե, գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով:

Համալսարանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ ասվում է. «Առկա բակալավրիատի 1-ին կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից առկա հիմունքներով՝ սեպտեմբերի 15-ից անցում կատարելով հիբրիդային եղանակի։

Առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ և առկա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից՝ հիբրիդային եղանակով։

Հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 22-ից՝ հիբրիդային եղանակով։

Հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն նոյեմբերի 2-ից՝ հիբրիդային եղանակով։

1-ին հերթի դասերը կմեկնարկեն ժամը 9.30-ին

2-րդ հերթինը՝ ժամը 14.00-ին

3-րդ հերթինը՝ ժամը 18.20-ին:

Ելնելով ուսանողների հավասարաչափ բաշխման և կուտակումներից խուսափելու անհրաժեշտությունից՝ ուսումնական գործընթացի կազմակերպման հերթափոխերը կսահմանվեն հետևյալ կերպ՝

1) առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերը՝ առաջին հերթ, բացառիկ դեպքերում՝ շաբաթական մեկ օր երկրորդ հերթ,

2) առկա մագիստրատուրայի 1,5 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ,

3) առկա մագիստրատուրայի 2 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երրորդ հերթ։

Առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի բոլոր կուրսերի դասախոսությունները կանցկացվեն առցանց։

Առցանց դասախոսությունները կկազմակերպվեն միասնական գործիքով (zoom, google meet) և դասախոսությունների հղումներն կամրակցվեն հաստատված դասացուցակին։

Առցանց դասախոսություններին ուսանողները պարտավոր են ամբողջ ընթացքում միացրած վիճակում թողնել տեսակապը, իրենց օգտահաշիվները բացել իրենց անուն ազգանուններով։

ՀՊՏՀ-ում սահմանվում են հետևյալ հակահամաճարակային կանոնները.

1-ին հերթի դասեր ունեցող ուսանողները և աշխատակիցները պետք է համալսարան ներկայանան առավոտյան ժամը 8:30-ին, իսկ 2-րդ հերթի ուսանողները և դասախոսները՝ ժամը 13։20-ին՝ դասապրոցեսը սահմանված ժամերին սկսելու համար:

Մինչև համալսարան մուտք գործելը անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ կանգնելով համալսարանի մուտքերի առջև արված գծանշումների մոտ:

Համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների անհատական ջերմաչափում: Բուհը վարում է ուսանողների և աշխատակիցների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող ուսանողների և աշխատակիցների տվյալները, որոնց մուտքը բուհ արգելվում է։

Պարտադիր է կրել դիմակ համալսարանում գտնվելու ողջ ժամանակահատվածում:

Ուսանողները և աշխատակիցները համալսարան պետք է մուտք գործեն հետևյալ մուտքերից.

Կառավարման ֆակուլտետ՝ մուտքը Նալբանդյան փողոցից (կենտրոնական մասնաշենք)։

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից (դարպասներ)։

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից (դարպասներ)։

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից (դարպասներ)։

Ֆինանսական ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից։

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ մուտքը Հերացի փողոցի կողմից։

Սիրելի ուսանողներ, դասացուցակները և գործընթացի մասին ձեզ հետաքրքրող հավելյալ տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում:

Հետևեք ՀՊՏՀ պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին»:

Տպել
Ամենաշատ