News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանը 19-րդ ազգային հերոսն ունի. առաջին անգամ այդ բարձրագույն կոչումը շնորհվել է բժշկի։ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող բուժկենտրոն ստեղծելու և մեծաթիվ մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար բժիշկ Հրայր Հովագիմյանը պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով: Այս տարվա սկզբին առողջապահության նախարարն էր խնդրել վարչապետին առաջարկել նախագահին արժանին մատուցել բազմաթիվ մարդկանց նոր կյանք պարգեւած բժշկին։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է 6 օր առաջ ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված հայ սպայի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է: Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության հռչակած եւ Ժնևի III կոնվենցիայով ամրագրված ռազմագերիների հանդեպ հարգանքի իրավունքը: Նման գործելակերպն, ըստ պաշտոնական Երեւանի, բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին:

Մեր զինծառայողն առեւանգվել է, թե մոլորվել՝ կպարզի ծառայողական քննությունը, մեր նախնական գնահատականն այն է, որ նա մոլորվել է, լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարը։ «Տարբեր միջազգային կառույցներում, տարբեր ձեւաչափերով աշխատելու ենք, հիմա մեր պահանջն այն է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելեն մեր զինծառայողներին»,-ասել է Դավիթ Տոնոյանը:

«Հայաստանը Ռուսաստանի մտերիմ դաշնակիցն է եւ ռազմավարական գործընկերը: 102-րդ ռուսական ռազմաբազան արծվի թռիչքի բարձրությունից պաշտպանում է մեր Հայրենիքի խաղաղ երկինքը»,- Էրեբունի ավիաբազայում Հարավային ռազմական օկրուգի «Բանակ-2020» ֆորումի բաց դռների օրվա միջոցառմանը հայտարարել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ Տիգրան Փարվանյանը: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ առաջին անգամ է այս ֆորումն անցկացվում Ռուսաստանից դուրս, եւ խորհրդաշական է, որ տեղի է ունենում Հայաստանում՝ արտացոլելով հարաբերությունների եղբայրական բնույթը:

Ազգային արժեքների պաշտպանությունը պետք է դառնա պետական անվտանգության անբաժանելի հոդվածը, եւ դա պետք է ամրագրվի օրենսդրական մակարդակով, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության անդամներից ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նույն նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ կրթության նոր չափորոշիչները, մեր արժեհամակարգը հեղափոխելու փորձերը մերժելի եւ դատապարտելի է համարում։ Լարիսա Ալավերդյանը տարակուսանքով նշել է. «Նա մտածում է՝ ինքը հավե՞րժ է. դա ինձ համար զարմանալի է։ Գրագետ մարդիկ պետք է հասկանան, որ հավերժ պաշտոններ չկան»։

Կրթության նախարարի հրաժարականը պահանջող Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնությունը հերթական հավաքն էր կազմակերպել նախարարության մոտ՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Մի քանի ժամ վանկարկելուց հետո «Կամքի» ակտիվիստները նույն պահանջով երթ են սկսել։

Կրթության չափորոշիչներն ուղղակիորեն հարվածում են ազգային անվտանգությանը, հայտարարել է սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։ Ըստ նրա՝ դրանցով քանդվում են հայոց լեզվի եւ հայկականության հիմքերը։

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում, լրագրողներին ասել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ըմբռնումով է վերաբերվում իր հրաժարականը պահաջողների պահանջներին ու գործողություններին:

Կրթության նոր չափորոշիչներին առնչվող եւ մեր հանրությանը հուզող այլ մտահոգությունների թեմայով մեծ հանրահավաքի է պատրաստվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ ԲՀԿ-ն հանդիպումների շարք է սկսել, Կոտայքի մարզի ակտիվի հավաքին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ըստ նրա՝ կապիտալ շինարարության համար նախատեսված 300 մլրդ դրամից մինչեւ այսօր 12 մլրդն է ծախսվել, եւ այդ միջոցներով, Ծառուկյանի համոզմամբ, պետք է օգնել ուսանողին, ծառայողին, թոշակառուի, մշակույթի գործիչներին: Ծառուկյանը շեշտել է, որ հասարակության մեծ մասը դեմ է կրթական ոլորտի այս փոփոխություններին. Կորոնավիրուսից հետո պետք է ամեն ամիս մարդկանց տան իրենց աշխատավարձի գոնե 75 տոկոսի չափով աջակցություն, ոչ թե միայն մեկ անգամ 60 հազար դրամ: «Որովհետեւ պետությունն է արգելել մարդկանց աշխատել: Օրավարձով աշխատողներին էլ պետք է տային 60 հազար դրամ մինչեւ արտակարգ իրավիճակի վերջը»,- ասել է Ծառուկյանը:

ԱԱԾ-ից կադրային որեւէ արտահոսք չի եղել, ԱԺ-ում լրագրողներին ասել է Ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Քյարամյանը լրագրողների մյուս հարցերին չի պատասխանել:

Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի զրույցի գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է, գրել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը եւ իշխանությանը հորդորել հանրությունից չթաքցնել տեղեկությունը: Նա հիշեցրել է, որ վարչապետի մտերիմ, պատգամավոր Վահե Ղալումյանն է ասել, թե շատ հնարավոր է, որ ձայնագրությունն արել է Վանեցյանը։ Բաբայանն էլ պնդում է, որ գաղտնալսման գործը բացահայտել է Արթուր Վանեցյանը, որը էթիկայից ելնելով չի հայտնում մանրամասները, բայց վարչապետը դա կարող է անել:

Կառավարական առանձնատների վերանորոգման գործում թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։ Վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող ՊՈԱԿ-ի կատարած ֆինանսական չարաշահումների մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են նաեւ պաշտոնական մարմինները։ Կայքի տվյալով՝ գրպանվել է 250 մլն դրամ։ Վերանորոգվածներից մեկն էլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքն է, որը Սերժ Սարսգյանի օրոք արդեն նորոգվել էր։ Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահն է։

Հերթական փոփոխությունը վարչապետի խորհրդականների թիմում։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից։

Հայաստանում մահացել է 1135 կորոնավարակակիր. Անցած մեկ օրում կյանքից հեռացել է 6 մարդ, որոնցից մեկը՝ այլ հիվանդությունից։ Մահացածներից ամենաերիտասարդը 53-ամյա կին է։ Միաժամանակ գրանցվել է վարակվելու 181 նոր դեպք, COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը 43451 է:

Մինսկում սկսվել են բողոքի ցույցի մասնակիցների ձերբակալությունները: Երեկ երեկոյան Անկախության հրապարակում հավաքվածներին ուժայինները կոչ են արել չխախտել կարգը, լրագրողներին պատվիրել չնկարահանել: Ըստ լրագրողների՝ մարդկանց առանց ուժի գործադրման մտցրել են ոստիկանական ավտոմեքենաների մեջ եւ տարել:

Պաշտոնական Մինսկի հետ Կիեւը դադարեցրել է շփումները։ Ըստ Ուկրաինայի արտգործնախարարի՝ իր երկիրն այդ քայլին է դիմել՝ արձագանքելով Բելառուսում խաղաղ ցուցարարների սպանություններին։ «Մենք միացել ենք Բելառուսի հանդեպ Եվրամիության դիրքորոշմանը»,- հավելել է Դմիտրի Կուլեբը։

Ալեքսանդր Լուկաշենկոն էլ խոստանում է Եվրամիությանը ցույց տալ, թե որոնք են իսկական պատժամիջոցները։ «Նրանք երես են առել եւ մոռացել, թե ինչ է Բելառուսը։ Եվ կարծում էին, թե մեզ կարելի է ծնկի բերել, տանկերով ու հրթիռներով վախեցնել… Տեսնենք, թե ով ում կվախեցնի»,- շեշտել է Բելառուսի առաջնորդը, որը մտադիր է բոյկոտել Լիտվայի նավահանգիստները։

«Կառուցենք Հայաստանը նորովի»․ վարչապետ Փաշինյանն այս վերտառության տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ Ներքին Կարմիրաղբյուրում նորոգվում է հրետակոծությունից վնասված 9 տուն, Չինարիում՝ 12-ը։ Հիմնանորոգվել է Նորաշեն-Մովսես ավտոճանապարհը, Այգեպարում էլ՝ ներհամայնքային բոլոր փողոցները։

Եվ դարձյալ «Հաղթանակ» կամրջից ինքնասպանության փորձի մասին. երեկ երեկոյան ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել փրկարարները եւ կանխել 40 ամյա տղամարդու՝ կամրջից ցած նետվելու փորձը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով ու կազմել 487.24 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.32 դրամով ու հասել 579.23 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.44 դրամով ու հասել 646.66 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 6.54 դրամ:

Հայաստանում օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում եւս անձրեւներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կլինի 18-20, վաղը ցերեկը 33-35 աստիճան զրոյից բարձր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ