News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դատարանը անվավեր է ճանաչել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած առաջին իսկ որոշումը եւ պարտավորեցրել քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ դիմումը։

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 29-ին դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ:

Կազմակերպությունից հայտնում են, որ խախտման դեպքը վերաբերվում էր 2019թ. հուլիսի 17-ին «Ազատություն» լրատվականի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում՝ դատական իշխանությանը վերաբերող լրագրողի հարցի պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի թույլ տված հետեւյալ արտահայտությանը. «այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ։ Սա «տիրոջ ստրուկ» դատական համակարգ է։ Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը եւ դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում ենք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր եւ քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 05.12.2019թ. թիվ 01/2019 որոշմամբ կազմակերպության դիմումը թողնվել էր առանց քննության՝ դիմում ներկայացնելու համար «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետից ուշ դիմելու պատճառաբությամբ: Այս որոշումը Հանձնաժողովի գործունեության ընթացքում ընդունված առաջին որոշումն էր։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն 2020թ. հունվարի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 29.11.2019թ. դիմումով մատնանշված դեպքի առթիվ վարույթ հարուցելու եւ համապատասխան եզրակացություն ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Օգոստոսի 24-ին Վարչական դատարանը վճիռ է կայացրել, որով բավարարել է կազմակերպության հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով հանձնաժողովի 05.12.2019թ. թիվ 01/2019 որոշումը՝ պարտավորեցնելով քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ