News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ե՛ւ Հայաստանը, եւ՛ Լեռնային Ղարաբաղը ունեն բավարար ուժեր, բավարար միջոցներ՝ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, եւ Ադրբեջանի հուլիսյան ագրեսիային ջախջախիչ հակահարվածը դա եւս մեկ անգամ հաստատեց: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է նախաձեռնել՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար, նախարարը նշեց, որ ցավալի է դիտարկել ատելության մթնոլորտի հրահրումը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ այն տարածաշրջանից դուրս տեղափոխելու փորձը: «Խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի համար կարեւոր սկզբունք է առավելագույն ջանքերի գործադրումը՝ խաղաղության համար նպաստող մթնոլորտ ստեղծելու համար: Անհնար է վարել խաղաղ բանակցային գործընթաց՝ ատելության, պատերազմի հռետորաբանության եւ ուժի կիրառման սպառնալիքի մթնոլորտի առկայության պայմաններում: Անիմաստ է բանակցություններում առաջընթաց ակնկալել, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից` բառերով, ձգտում է խաղաղության: Անհնար է «հայատյացության», ռազմատենչ հռետորաբանության պայմաններում ենթադրել, որ մենք կարող ենք իրական առաջընթաց ունենալ բանակցություններում»,- հայտարարեց ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքերով՝ հետագայում նման բախումներից խուսափելու համար նախ պետք է գիտակցել խաղաղ գործընթացի անհրաժեշտությունը: Պետք է լինի քաղաքական կամք եւ պետք է լինեն կոնկրետ միջոցներ: «Մենք բանակցություններ ենք վարում, այդ թվում` տարբեր կոնկրետ քայլերի շուրջ, որոնք կօգնեն նվազեցնել այս հռետորաբանությունը եւ ատելության սրումը: Այս բլոկն ունի կոնկրետ բովանդակություն, կան բազմաթիվ առաջարկներ մեր կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս բոլոր գաղափարները պետք է իրականացվեն: Մենք լավ օրինակ ունենք, երբ անցյալ տարի կարողացանք իրականացնել Բաքվից, Երեւանից եւ Ստեփանակերտից լրագրողների փոխանակման նախագիծ: Արդյունքները  գուցե համեստ, բայց շատ կարեւոր են: Սա ամբողջ խաղաղ գործընթացի կարեւոր մասն է»,- հիշեցրեց նախարարը:

«Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 12-ին, իրականում 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառումը կրկնելու եւ Հայաստանին ու Արցախին (Լեռնային Ղարաբաղ - ԻՖ) ռազմական գործողությունների միջոցով միակողմանի զիջումներ պարտադրելու փորձ էր: Հուլիսի 12-ին հարձակում կատարվեց Հայաստանի հյուսիս-արեւելքում՝ Տավուշի մարզում գտնվող մեր սահմանային դիրքերի վրա: Օգտագործվեց զգալի քանակությամբ զենք եւ տեխնիկա, այդ թվում՝ հրետակոծության ենթարկվեց խաղաղ բնակիչությունը եւ քաղաքացիական ենթակառուցվածքը: Հայաստանը վճռականորեն հակահարված տվեց այս ագրեսիային՝ վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ե՛ւ Հայաստանը, եւ՛ Լեռնային Ղարաբաղը ունեն բավարար ուժեր, բավարար ռեսուրսներ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, եւ հուլիսյան ագրեսիային ջախջախիչ հակահարվածը դա եւս մեկ անգամ հաստատեց»,- եզրափակեց արտգործնախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ