News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կեղծ օղուց Հայաստանում մահացածների թիվը հասել է 14-ի, նրանցից 9-ը՝ Արմավիրում է թունավորվել, մյուսները՝ Երեւանում։ Այսօր ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել, մեկն ավարտվել է մահով։ Ըստ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ եւս մեկ տուժած, որն ընդունվել էր առաջին համալսարանական հիվանդանոց՝ մահացել է: Երեւանյան դեպքերն, ըստ համաճարակաբանական հետազոտության արդյունքի, կապ չունեն Արմավիրի կեղծ օղուց չեն:

Օղու թունավորումից Արմավիրում մահացած 53-ամյա Գագիկ Սարգսյանի հարազատները կարծում են, որ եթե նրան ժամանակին տեղափոխեին Երեւան, կյանքը կհաջողվեր փրկել։ «Շտապօգնությունը», ըստ մահացածի եղբոր, անհրաժեշտ սարքավորումներ չի ունեցել, նույնը եւ հիվանդանոցը։ Բժիշկները նույնիսկ չեն կարողացել պարզել խնդիրը, խորհուրդ են տվել ռեանիմոբիլի համար վճարել եւ կանչ գրանցել Երեւանից, սակայն մեքենան այդպես էլ չի ժամանել, եւ թունավորվածը երեք ժամ անց մահացել է։

Տնայնագործական օղուց թունավորման ու մահերի քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: Քննչական կոմիտեից հիշեցրել են, որ երեկ Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել էր անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով:

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած 4 հոգու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, կայուն դինամիկայով: «32 եւ 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. դրանք հաջող են ընթացել: Մյուսների վիճակում փոփոխություն չկա»,- հայտնել են առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք, որ պայթյունը խլել էր երկու մարդու կյանք։

COVID-ով վարակվածների շրջանում էլ մահերի թիվը հասել է 1173-ի։ Երեկ օրվա ընթացքում մահացել է 4 մարդ, մեկը՝ այլ հիվանդությունից։ Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 197-ով եւ անցել 44 հազարից։

1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այս մասին Ֆեսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ շնորհավորել պատմական  օրվա առիթով: Հիշեցնենք, որ նախորդ սեպտեմբերի 2-ին, նա նշել էր, թե Արցախն անկախացել է խորհրդային Ադրբեջանից, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել քաղաքագետների ու վերլուծաբանների շրջանում։

Շնորհավորելով անկախության տարեդարձի առիթով՝ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մաղթել է հարատեւ խաղաղություն, բարեկեցություն եւ նոր հաղթանակներ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական եւ միջազգային նորմերով, հաստատուն որոշում կայացրեց Արցախը հռչակել անկախ պետություն, որին աներկբա սատար կանգնեց ամբողջ հայությունը, նշել է  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Արցախն արել է իր ընտրությունը եւ այլեւս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախը մշտապես եղել է եւ կմնա մեր միասնության ու հաղթանակների խորհրդանիշը, գրել է Սերժ Սարգսյանըhttps://news.am/arm/news/599947.html:

Կարմիր Խաչի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները չեն այցելել Գուրգեն Ալավերդյանին, եւ այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մամուլի ասուլիսին հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, ավելացնելով, որ հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ չի կարող մանրամասներ հայտնել: «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման հնարավորություն այս պահին հայկական կողմը չունի։ Միայն այս տարի Հայաստանի իրավասության տակ է հայտնվել Ադրբեջանի 2 քաղաքացի: Ի տարբերություն Ադրբեջանի՝ այստեղ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացնում, ռազմագերիների չեն վերածում, ասել Աննա Նաղդալյանը:

Գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին, հայտնել է նրանց  փաստաբան Գոռ Միքայելյանը։ «Մալաքյանները, իբր, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, հետո ծեծել են ԱԱԾ քննիչներին, այնուհետև օգնության հասած Ճանապարհային ոստիկաններին, ապա նաև ՊՊԾ գնդի ոստիկաններին, փաստորեն՝ գրեթե բոլոր իրավապահ մարմինների ներկայացուցիչներին», գրել է փաստաբանը եւ հրապարակել Մալաքյան եղբայրների մի քանի լուսանկար՝  հետեւությունների համար, թե ով՝ ում է ծեծել։

Նոր նշանակում ոստիկանությունում։ Նախագահի հրամանագրով Արա Ֆիդանյանը նշանակվել է հանրապետության ոստիկանապետի տեղակալ: Ֆիդանյանը 41 տարեկան է, 2005-ից աշխատում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում, 2011-ից բյուրոյի պետն է:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ եւս մեկ քրեական գործ է հարուցվել։ Նախորդը՝ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների աշխատանքը ենթադրյալ խոչընդոտելու եւ սպառնալիքների առիթով էր, այս մեկն արդեն Սեւանի ափին գտնվող Գասպարյանին պատկանող շինությունների եւ ցանկապատի օրինականության մասին է։

Կասեցված լիազորություններով ՊՎԾ կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի քննությունը վերսկսվելու է։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ դատավոր Մաթեւոսյանը բավարարել է իր բողոքը քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ:

Եկեք չկարեւորենք, թե որեւէ քաղաքական ուժի ղեկավարի հանդիպել ենք, չենք հանդիպել, պաշտոնավարման 100 օրվա առիթով ասուլիսում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ հանդիպումը մերժելու որոշման վրա վարչապետ Փաշինյանի ազդեցության մասին հարցին։ «Հաստատ դա վարչապետի հետ չենք քննարկել, որովհետեւ մենք շատ ավելի կարեւոր հարցերից ենք խոսում՝ բանակի, սպառազինության, ռազմավարական տնտեսական ծրագրեր եւ այլն, ասել է Հարությունյանը: Արցախում ճանապարհաշինությունն ու բնակելի տների կառուցումը վերաբնակեցման նպատակ ունեն, ասել է Արցախի նախագահը եւ նշել, որ արդեն իսկ լիբանանահայ մի քանի ընտանիքներ տեղափոխվել են Արցախ:

Պաշտոնական տվյալներով՝  պաշտոնյաները ստացել են 100 մլն դոլարից ավելի պարգեւավճար, սա նշանակում է, որ նրանք զարտուղի ճանապարհով մտել են մեր պետության բոյւջեի մեջ, լրագրողներին ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հայաստանում «թավշյա հեղափոխության» պատճառների մասին հարցին ի պատասխան, Ռոբերտ Քոչարյանը, ՌԲԿ-ին հետ հարցազրույցում ասել է, որ անշուշտ հոգնածություն կար Հանրապետական կուսակցության իշխանությունից:

«Բայց ես կարծում եմ, որ պոպուլիստական ալիքի ակնհայտ միտում կար, եւ դա, հավանաբար, պայմանավորված է սոցիալական ցանցերի զարգացմամբ, տեղեկատվական դաշտի ապակենտրոնացմամբ: Իշխանություններն էլ չհասցրեցին իրենց քաղաքական գործիքները հարմարեցնել այս իրավիճակին»,- ասել է նախկին նախագահը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է լուրերը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Լուրը հերքել էր նաեւ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:

Դեռեւս այս տարվա մարտին գիտխորհրդի նիստում են որոշվել նոր վարձաչափերը, լրագրողների հետ հանդիպմանը նշել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված պայմաններում վարձավճարների բարձրացմանը: Մայիսի վերջին 4060 դիմում է եղել վարձերով ընդունվելու, ընդ որում, կեսը՝ ամենաբարձր վարձավճարով մասնագիտությունների գծով:

Սեպտեմբերի մեկին մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ծրագիրը: Առաջին փուլով տարբեր երկրներից ժամանած 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Նրանք աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում ու մի շարք նախարարություններում:

Այսօր ցերեկը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել Երեւանի Հաղթանակի կամրջից ինքնասպանության հերթական փորձի մասին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու հոգեբանը կարողացել են կանխել 34 տարեկան քաղաքացու ինքնասպանության փորձը եւ ուղեկցել ոստիկանություն։

Երեւանի քաղաքապետարանը 150 մլն դրամ կուղղի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական եւ Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը, Ֆեյսբուքում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա այցելել է  նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված է եւ շուտով կվերսկսի գործել։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրվված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Ըստ վարչապետի տիկնոջ մամուլի ծառայության՝ դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։

Թուրք-հունական լարվածությունը չի թուլանում եւ դեռեիւս առկա է ռազմական բախման վտանգը։ Գերմանական մամուլը գրում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռազմական միջադեպ է ցանկանում հրահրել` Միջերկրական ծովի արեւելքում քաղաքական գոյատեւման համար։ Ըստ մամուլի՝ Էրդողանը թուրք գեներալներին հրահանգել է առանց զոհերի խորտակել հունական նավը, սակայն գեներալները հրաժարվել են:

Դարի ֆուտբոլային գործարքը. այն արժե 700 միլիոն եւրո։ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պայմանավորվել է City Football Group-ի հետ, որին է պատկանում անգլիական «Մանչեսթեր Սիթին»: 33-ամյա Մեսին 3 մրցաշրջան կացկացնի «Մանչեսթեր Սիթիում», այնուհետև կտեղափոխվի City Football Group-ին պատկանող ամերիկյան «Նյու Յորք Սիթի», որտեղ կխաղա 2 տարի:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.43 դրամով ու հասել  487.29 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.50 դրամով ու կազմել 578.51 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.28 դրամով  ու կազմել 651.21  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել  6.59 դրամ:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով:

Երեւանում օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +32+34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ