News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արտակարգ դրությանը փոխարինելու է գալիս կարանտինը։ Ազգային ժողովն  առաջին ընթերցմամբ ընդունել է երկրում կարանտին մտցնելու նախագիծը: Կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ՝ 28-ը: Ըստ այդմ, վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման եւ արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետը կամ քաղաքապետն իր վարչատարածքային միավորում կարող է կարանտին մտցնել:  

Կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անձնական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների խախտումը կտուգանվի 300-500 հազար դրամով կամ մինչեւ մեկ ամիս կալանքով: Եթե խախտումների պատճառով մարդու առողջությանը լուրջ վնաս է հասցվել կամ վարակվել է միանգամից մի քանի մարդ, խախտողին սպառնում է 500-700 հազար դրամի տուգանք կամ ազատազրկում 1-3 ամիս կամ մինչեւ 2 տարի ժամկետով: Իսկ եթե դրանց հետեւանքով պատահաբար մահ է պատճառվել մարդուն,  մեղավորին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում:

Նոր օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելուց հետո պարետատան ինստիտուտը կլուծարվի, օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: Այդպիսով, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կազատվի պարետի պաշտոնից

«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու այդ փաթեթին, քանի որ այն ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլեu ստեղծում է նորերը, հայտարարել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով` իրենք 3-4 ամիս է առաջարկում են անցնել նոր ռեժիմի` հրաժարվելով արտակարգ դրությունը պարբերաբար երկարաձգելուց, քանի որ դա անուղղելի վնաս է հասցնում երկրին: Մարուքյանն առաջարկել է գոնե «կարանտին» տերմինը փոխարինելով այլ բառով:

«Բարգավաճ Հայաստանը» նույնպես դեմ է կարանտին մտցնելու նախագծին։ ԲՀԿ  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ շատ ուսանողներ ընդունվել են Եվրամիության երկրների բուհեր եւ եթե մենք Հայաստանում կարանտին ենք հայտարարում, ապա դա վատագույն ազդանշանը կլինի այդ երկրների համար: «Շատ ուսանողներ մինչեւ օրս չեն կարողանում վերադառնալ»,-ասել է նա եւ ընդգծել. «Կարանտինի դեպքում ոչ մի երկիր չի բացի Հայաստանի հետ սահմանը»:  Բացի այդ, ըստ նրա, օրենսդրական նախաձեռնությունը հակասում է Սահմանադրության որոշ կետերին:

Արձագանքելով Մարուքյանին եւ Զոհրաբյանին՝  «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե նրանց փաստարկը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: «Այսինքն, ձեր կարծիքով եվրոպական երկրների արտգործնախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ վայ, «կարանտին» բառը կա, վերջ, պետք է Հայաստանից ոչ մեկը չգա մեզ մոտ»,- ասել է Ռուբինյանը:

Ռուսաստան մեկնել ցանկացողները կառավարության առջեւ բազմակի ցույցերից հետո այսօր էլ հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց: «Մենք այստեղ տուն չունենք, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: Կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում հետ վերադառնալ: Խնդրում ենք իրավասուներին՝  մեզ օգնել, գնանք հասնենք մեր ընտանիքներին» ասել են նրանք:

Նրանց հետ հանդիպմանը «ԼՀԿ» ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ եթե «մեր վարչապետը զանգի Վրաստանի վարչապետին, ասի՝ հայկական համարանիշերով 50 մեքենա կա, մեր ոստիկանությունը կգա կուղեկցի սահմանից մինչեւ Հայաստան, կպատասխանի՝ հարց չկա։ Բայց չեն անում»:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ խորհրդարանը համալրվել է նոր պատգամավորով։ Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ ապաքինման նպատակով։ Այն անցել է ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած թեկնածու Ստեփան Ստեփանյանին, որը երդվել է ամբիոնի մոտ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասել է, թե ինչպես 2015-ին «Բարգավաճ Հայաստանը» չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր: Թե որ ուժերի՝ լրագրողների հարցին, Մակունցը որոշակի պատասխան չի տվել՝ նշելով. «տարբեր ուժերի»:

«Իհարկե տիկին Մակունցը դժվարացել է պատասխանել, թե դրանք ի՞նչ ուժեր են» Ֆեյսբուքում գրել է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Քանի որ Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է, անցել են գիտաֆանտաստիկայի ժանրին: Զավեշտալի է, որ ինչ որ ուժերի ազդեցության մասին խոսում է մի քաղաքական ուժի անդամ, որի մի ահռելի հատված ամենասերտ կապերն ունի հայտնի Սորոսի գրասենյակի ու նրա փողերի, մի մասն էլ՝ տարբեր տեսակի փոքրամասնությունների հետ: Նեղություն քաշեք ու «Իմ քայլի» պիտակը ԲՀԿ-ի վրա մի փակցրեք», գրել է Իվետա Տոնոյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 44461-ի: Այս պահին բուժվում է 4041 մարդ: Անցած մեկ օրում մահացել է COVID-19 ունեցող 5 մարդ, նրանցից մեկը այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 1163 է։

Հունաստանին պետք է աջակցել սահմանների անվտանգության հարցում, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը` նախազգուշացնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ճնշումների եւ շանտաժի մասին:

«Եթե մենք զիջենք  Թուրքիային, տուրք տանք Էրդողանի շանտաժին, ապա` մնաս բարով Եվրոպա»,- ասել է Կուրցը:

Քյոլնում կորոնավիրուսի պատճառով սնանկացել է Եվրոպայի ամենախոշոր հասարակաց տունը:  Ձեռնարկության ղեկավար Արմին Լոբշայդը պարզաբանել է, որ համավարակի ժամանակ կառավարությունն արգելել է սիրո քրմուհիներին  ծառայություններ մատուցել: Հիշեցնենք, որ հուլիսից գերմանուհի մարմնավաճառները Լոբշայդի գլխավորությամբ ցույցեր էին կազմակերպում, խնդրելով թույլ տալ իրենց աշխատել, սակայն ապարդյուն

Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը լայվ է մտել Լոռի բերդից։ Նա մի քանի բառով ներկայացրել է բերդի պատմությունը, նշել, որ այն եղել է Բագրատունիների մի ճյուղի՝ Կյուրիկյանների Տաշիր-Ձորագետի թագավորության կենտրոնատեղին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.52 դրամով ու կազմել ուղիղ  488.00 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.08 դրամով ու հասել 578.43 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.76 դրամով ու հասել 648.99  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու կազմել 6.51 դրամ:

Սեպտեմբերի 5-9-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն ատիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Մայրաքաղաքում եւս առաջիկա օրերին տեղումներ չեն լինի։ Գիշերը Երեւանում կլինի +18 +20, վաղը ցերեկը 33-35 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ