News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ալկոհոլային թունավորումից մահացել է եւս մեկ մարդ, կեղծ օղուց մահացածների թիվը հասել է 18-ի։ Այս պահին բուժվում է 5 մարդ։ Թունավորման 46 դեպքից 29-ն արձանագրվել է Արմավիրի մարզում, 7-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքում։ Սպիրտը վերավաճառած, դրանից օղի ստացած երեք տղամարդ կալանավորված է, երկուսն արմավիրցիներ են։

Այսպիսի ծանր վիճակում ժողովուրդը երբեք չի եղել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ապարանի կառույցի հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ըստ նրա՝ իշխանությունը պետք է ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա։ «Արդեն երրորդ տարին է գալիս, իրենց ոչ մի ասած չի իրականացել: Գույքահարկն են  ավելացրել, հազարավոր մարդիկ վարկերի տակ են»,- նշել է ԲՀԿ առաջնորդը:

Մանրածախ առևտրականները բողոքի ցույց են անցկացրել կառավարության դիմաց, պահանջելով չեղարկել մաքսը 3,5 անգամ բարձրացնելու որոշումը։ Նրանցից Լիլիա Մարդոյանը  հայտարարել է, թե պատրաստվում է լիկվիդացնել իր խանութը, քանի որ վնասով է աշխատում: «Բոլոր իշխանությունների օրոք աշխատել եմ, ամեն մեկն էլ ունեցել է  իր թերությունները, բայց այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել»,-ասել է նա: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են ՊԵԿ։

Այստեղ նրանց ասել են, որ դիմեն Արարատյան Մաքսատուն: «Ամո´թ» վանկարկելով մանր գործարարներն ուղղվել են մաքսատուն:

Երրորդ նախագահի ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին, համոզված է Ազգային Ժողովի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, քանի որ Սերժ Սարգսյանը ապրիլյան գործողությունների մասին ոչինչ չի խոսել։  Հիշեցնենք, որ նախկին նախագահն իր 3-ժամյա ասուլիսում խոսել է բացառապես Ապրիլյան պատերազմի մասին, նաեւ պատմել Կարեն Կարապետյանին՝ իր դիտողության մասին։ Անդրանիկ Քոչարյանը նաեւ համոզված է, որ երկրորդ նախագահի  քաղաքականություն վերադառնալու միակ ճանապարհը դատաքննությանը չխոչընդոտելն է։ Ըստ «Իմ քայլի» պատգամավորի՝ այդ դատավարությունը ֆարսի է վերածվել Ռոբերտ Քոչարյանի եւ նրա պաշտպանական թիմի թեթեւ ձեռքով։

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ֆարս է, քանի որ դատարանը պատրաստ չէ արդարադատություն իրականացնել: Նրա խոսքով` ցանկացած միջնորդություն լուծվում է դատախազների հայտնած կարծիքի համաձայն, կարելի է ասել, որ դատարանը նույնիսկ մեղադրողներից մեկն է դարձել: Փաստաբանն անդրադարձել է նաեւ տուժողների ընտրության հարցին։

Հայկ Ալումյանն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել ծանոթանալ գործընթացի ձգձգման իրական պատճառներին, հիշեցնելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ գործ էր սարքվել` այս գործը նրանից խլելու համար, հետո գործը երկար ժամանակ չէր փոխանցվում մեկ այլ դատավորի, մինչեւ Աննա Դանիբեկյանը կվերադառնար արձակուրդից կամ այլ պատճառներով բացակայությունից: Ալումյանը հայտնել է, որ հատուկ փաստաբանների հասցեին քննադատություն հնչեցնել սիրողների համար  նիստերի հետաձգման պատճառների գրաֆիկ է կազմվել, ըստ որի 200 օր նիստերը հետաձգվել են իր նշած պատճառներով:

Արցախի անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի կարգադրությունները կամ ծրագրային ռազմավարությունը, այսօր Արցախի խորհրդարանում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը: Ըստ նրա՝ ճիշտ չէ Անվտանգության խորհուրդը ներկայացնել որպես երկրորդ իշխանություն:  Բաբայանն ասել է, որ Նախագահն իր լիազորության մի մասը հրամանագրով փոխանցել է Ավտանգության խորհրդին։ «Դա իր իրավունքն է, թե որ հարցով իրենց  լիազորի, եւ դա ամբողջովին գաղտնի է», նշել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 199 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 45152 դեպքի: Ապաքինվել է 41023 մարդ։ Երկրում COVID-19 ունեցողների շրջանում մահերի թիվը հասել է 1184-ի։ Անցած մեկ օրում մահացել է 5 մարդ, նրանցից 3-ը՝ այլ հիվանդությունից։

Վրաստանում նախօրեին վարակակիրների հայտնաբերման հակառեկորդի՝ մեկ օրում 45 դեպքի առիթով նոր խիստ սահմանափակումներ են մտցվել։ Թատրոնների ու կինոթատրոնների, մանկական զվարճանքի կենտրոնների բացումը հետաձգվել է, երկրում վաղվանից արգելված է հոբելյանների, հարսանիքների, հանդիսությունների, հոգեհացի արարողությունների, սպորտային միջոցառումների  անցկացումը։

Մեղադրանք է առաջադրվել «Արսեն Երեւանսկի» մականունով «օրենքով գողին» ու եւս 11 անձի։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեռեւս 1999-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Դեդ Հասան» եւ «Կնդո Մայիս» մականվամբ անձանցից Արսեն Մկրտչյանը «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ եւ քրեական աշխարհում հայտնի դառնալով որպես «Արսեն Երեւանսկի», դարձել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է, որ TikTok-ում զանգվածային տարածվում է ինքնասպանության իրական տեսանյութ։ Ըստ նրա՝ մասնագետները փորձում են արգելափակել, բայց դեռ անօգուտ։ Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս առաջիկա մի քանի օրը երեխաներին հեռու պահել  TikTok-ից, մինչեւ ամբողջությամբ ջնջելը։ «Տեսանյութի առաջին կադրերը ոչ մի վատ բան չեն հուշում, ինչը ավեի վտանգավոր է այն դարձնում նայողների համար», գրել է մեդիափորձագետը։

Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհին հերթական անգամ փրկվել է մահից Քաբուլում ռումբի պայթյունից: Պայթյունից զոհվել է 4 մարդ, 16-ը՝ վիրավորվել։ Նրանց թվում են նաեւ փոխնախագահի թիկնապահները:

Սալեհի դեմ, որը մինչեւ այդ ղեկավարում էր Աֆղանստանի հետախուզությունը, մի քանի մահափորձ է կատարվել: Վերջինը անցյալ տարի էր. այդ ժամանակ զոհվել էր 20 մարդ, Սալեհին դարձյալ ողջ էր մնացել:

Հնչեղ ձերբակալություն Ռուսաստանում. Դաշնության էներգետիկայի փոխնախարար Անատոլի Տիխոնովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախության մեջ: Նա մեղքը չի ընդունում:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակն է տարել Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում, այն նաեւ առաջինն էր իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Երկրորդ տուրում հայկական թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում 2:0 հաշվով պարտության է մատնել Էստոնիայի հավաքականին: Գոլերը խփել են Ալեքսանդր Կարապետյանն ու հավաքականի նորեկ Վբեյմար Անգուլոն:

Հաղթական խաղից հետո, հայտնի պատճառով խաղին մարզադաշտում հետեւել չկարողացած Հայաստանի հավաքականի երկրպագուները հավաքվել են «Հանրապետական» ստադիոնի շրջակայքում և տոնել ազգային թիմի հաղթանակը:

Հավաքականի հաջորդ խաղերը հոկտեմբերին են։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով ու հասել 488.81 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.80 դրամով ու կազմել 575.08 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.26 դրամով ու կազմել 632.81  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու հասել 6.44 դրամի:

Սեպտեմբերի 10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +30+32:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ