News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նախօրեին երեկոյան մանդատը վայր դնելու մասին է հայտարարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը. այդ մասին նա այսօր գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Տիտղոսակիր ըմբշամարտիկը պարզաբանել է, որ հիմնապատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունն է նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Արսեն Ջուլֆակյանին Ազգային ժողովում կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համար 29-ամյա Նարեկ Ղահրամանյանը: 2018-ից նա Կապանի քաղաքապետի պաշտոնակատարն է:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու որոշումը: «Այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ մեկնաբանություն տալ», ասել է նա:

«Իմ քայլից» Սոֆյա Հովսեփյանը գիտեր, Արսեն Ջուլֆալակյանի համար կա ոչ կոմֆորտ վիճակ, բայց նրա համար անակնկալ է եղել մանդատը վայր դնելու որոշումը։

Սեպտեմբերի 16-ի նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջելու է  Արայիկ Հարությունյանի  հրաժարականը։ Միաժամանակ կուսակցությունը Ազգային ժողովի դիմաց, այդ օրը ժամը 14:30-ին նույն պահանջով ցույց է կազմակերպելու, որին հրավիրում է մասնակցել խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին։

Գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ շեշտելով, որ այն կդադարեցնի միայն, իր խոսքով՝ ազգադավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում։ «Լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են հայոց կրթօջախներում սեռական դաստիարակություն դասավանդում մեր անաղարտ երեխաներին, թե ինչպես են մոռացության թանգարան ուղարկում Հայոց Եկեղեցու պատմության առարկան և փոխարենը ներառում թուրքահպատակ կրթական չափորոշիչներ: Երբ երկու տարի առաջ նկարվում էի սրա հետ, դեռ չգիտեի, որ սրա քիթն այնքան մեծ է, որ խանգարում է իրեն տեսնել հավերժահաղթ Մասիսը», գրել է նա։

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին ցույցի են հավաքվել կառավարության դիմաց՝ պահանջելով պայմանավորվել դաշնության իշխանության հետ, իրենց մեկնումը թույլատրելու համար։ Ցուցարարներից մեկի խոսքով՝ ռուսների հետ չբանակցելով կառավարությունն իրենց դրդում է ինքնասպանության։

Ցուցարարների հետ հանդիպման եկած Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, ակնարկելով պաշտոնավարման սկզբում վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, ասել է՝ բոլորիդ կառավարությունն է, դուռը բացեք ու ներս մտեք։

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքում դիմելով Ռուսաստան մեկնել ցանկացողներին, նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում բարձրացրել է կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: Ըստ նրա՝ ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը:

Կառավարության դիմաց դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել մանրածախ առեւտրականները։ Նրանց խոսքով՝ մաքսազերծման արժեքը բազմապատկվել է՝ առեւտրի կտրուկ կրճատման ֆոնին, եւ իրենց բիզնեսը հայտնվել է կործանման եզրին։  Մանր գործարարները խնդրում են գոնե եւս մեկ տարի իրենց թույլ տալ աշխատել հին սակագներով։

Վարկերի տոկոսադրույքներից  բողոքող քաղաքացիներն էլ ցանկացել են ի նշան բողոքի նստել կառավարության շենքի աստիճաններին, ինչը ոստիկանները թույլ չեն տվել, որքան էլ ցուցարարները հիշեցրել են Փաշինյանի խոսքը, թե կառավարությունը ժողովրդի տարածքն է։ Ցուցարարներից մեկն ասել է, թե իրենց հետ գետնին նստած է  մի տարեց կին, որի թոշակի վրա կալանք է դրված. «Եթե դա ստորություն չի, ապա ինչ է», հարցրել է նա։

Կառավարության նիստում վարչապետ  Փաշինյանն աներկբա է համարել, որ համաճարակը սոցիալական ու տնտեսական վնասներ է պատճառել, բայց կարեւոր է ճիշտ գնահատել այդ վնասները: Ըստ նրա՝ 2020-ի օգոստոսին 2019-ի նույն ամսվա համեմատ ՀԴՄ շրջանառությունը նվազել է  ընդամենը 2.5 տոկոսով: Ընդ որում, այդ ցուցանիշը նոր.է նվազել, մինչեւ այդ բարձր էր։ Ըստ վարչապետի՝ մեկ տարվա մեջ աշխատատեղերն ավելացել են 1,1 տոկոսով համախառն աշխատավարձի ֆոնդերն ավելացել են  8,1 տոկոսով, միջին աշխատավարձն՝ ավելի քան 7 տոկոսով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքում գրել է, թե հուլիսին ու օգոստոսին Երեւանի եւ մարզերի խանութներում հարցուփորձ է արել սպառման շարժի մասին եւ չի եղել  խանութ, որի վիճակը բարվոք լիներ, իսկ գյուղական խանութներում ցույց են տվել «նիսյայի» հաստափոր տետրերը: «Գրասենյակներում տնտեսական վերլուծություններ անելիս եւ ՀԴՄ քանակ հաշվելիս պետք է ուսումնասիրել «նիսյաների» ցուցակները: Հետո նոր կասեք սոցիալական ճգնաժամ կա, թե ոչ», գրել է Սամսոնյանը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերի պատասխանատու Սուրեն Պարսյանն էլ գրել է, որ վարչապետի հայտարարած թվերն իրականության հետ կապ չունեն: Ըստ նրա՝ մանրածախ առեւտուրը կրճատվել է 17,6 տոկոսով, ծառայության ոլորտը՝ 21,6 տոկոսով, հետեւաբար, վարչապետի հայտարարած ՀԴՄ շրջանառության 2,5 տոկոս նվազումը տնտեսագիտական տրամաբանությունից դուրս է։ «Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է․ մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն, եւ ցուցանիշներն ավելի կվատանան, եթե իշխանությունը չվերանայի իր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ կադրերին», գրել է տնտեսագետը:

«Հաղթածները» նախաձեռնության շրջանակում երիտասարդների հետ հանդիպմանը երկրորդ նախագահն ասել է, որ այս իշխանությունը բյուջեի 4.9 տոկոս ավելանալը թռիչքային աճ է համարում, մինչդեռ իր համար դա ամոթալի ցուցանիշ կլիներ: Ռոբերտ Քոչարյանը նաեւ անընդունելի է համարում, որ պաշտոնյաներն իրենց անձնական էջի միջոցով պաշտոնական հաղորդագրություն են տարածում:

«Մենք չէինք խոսում` կարծելով, որ պետք է աշխատել, իսկ մարդիկ հետո դա կգնահատեն: Ես բնույթով մի փոքր կոշտ եմ, չեմ կարող սենտիմենտալ ելույթներ ունենալ, ձեւացնել»,- ասել է Քոչարյանը, ավելացնելով, որ PR-ով չի զբաղվել ու թերեւս դրա հետեւանքով են իր մասին «լեգենդներ» հայտնվել:

Նախկին նախագահի խոսքով՝ այժմ երկրում փորձ է արվում փոխարինել ազգային բաղադրիչը նեոլիբերալ արժեքներով: Հայ եկեղեցու պատմություն առարկան ուսումնական ծրագրից հանելու մասին հարցին ի պատասխան, նա հիշեցրել է, որ իր պաշտոնավարման շրջանում է այն հայտնվել դպրոցում, նաեւ նշել, որ մենք մեծ մշակույթ ու պատմություն ունենք, մեծ ներքին ուժ, բայց փոքրաթիվ ենք։ Ուստի, պետք է ազգային ինքնության հզոր ընկալում ունենանք։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը, ինչպես հայտնում է Politik.am-ը,  Տեր-Պետրոսյանը պնդել է, որ ոչ մի առնչություն չունի գործող իշխանությունների հետ։ Ըստ աղբյուրի՝ Տեր-Պետրոսյանը վստահեցրել է, որ որպես փորձառու պետական այր չէր կարող հարաբերություն ունենալ մի իշխանության հետ, որը տապալել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Նաեւ ասել է, թե ինքը թոշակառու մարդ ու քաղաքական հետաքրքրություններ չունի։ Այս ամենից կայքը եզրակացնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալումը մոտ է։

Հանրապետական կուսակցությանը վերջերս անդամագրված երիտասարդները  հանդիպել են ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, տվել ներքաղաքական եւ միջազգային օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր։ ՀՀԿ-ին անդամագրված երիտասարդներից մեկը Ապրիլյան պատերազմի մասնակից Կարապետ Կարապետյանն է, որն ասել է, թե իրեն զայրացնում է քաղաքական շահի համար Ապրիլյանում հայկական կողմի հաղթանակը կասկածի տակ դնելը։

Ադրբեջանը ցանկանում է հետախուզում հայտարարել երկու հայ սպաների նկատմամբ։ Դատախազությունը հայտնում է, որ որոշումը հիմնված է գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից իբր ստացած ցուցմունքների վրա։ Խոսքը նրա հնարավոր ծառայակիցների մասին է՝ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի։ Երկուսին էլ հեռակա մեղադրանք է առաջադրվել։ Հետախուզում հայտարարելու որոշում ընդունելու համար դատախազությունը դիմել է քննչական մարմիններին, նաեւ Ինտերպոլին։ Որ վերջինը կվերցնի դիմումը՝ միջազգային փորձագետները խիստ կասկածում են։

Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաեւին վրդովվեցրել է իր հայրենակիցների մի մեծ մասի տգիտությունը:  «Այսօր հարցազրույց էին հեռարձակում Լուկաշենկոյի հետ: Ամենուր նշվում է, որ նրանք Ռուսաստանի առաջատար լրագրողներն են: Չորսից երկուսը՝ Սիմոնյանն ու Բաբայանը, գլխավոր խմբագիրներ են: Ռուսական ալիքներով ելույթ են ունենում Կուրղինյանը, Շահնազարովը, Քեոսայանը, երկար կարելի է թվարկել: Նրանք խելացի, բանիմաց եւ տաղանդավոր մարդիկ են, որոնք լավ են տիրապետում ռուսերենին, իսկ դուք չունեք ոչ ռուսերենի, ոչ էլ անգլերենի իմացության տանելի մակարդակ», նշել է նա:

Տնայնագործական օղու զոհերի թիվը հասել է 19-ի, 4 մարդ կուրացել է։ Դեռևս շարունակում է բուժում ստանալ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 մարդ:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 45326-ի: Վերջին տվյալներով ապաքինվել է 41233 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի:

Արցախում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 6 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 323 է, որոնցից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38 մարդ: Բժիշկները 7-ի վիճակը գնահատում են ծանր:

Կառավարության որոշմամբ՝ Արցախին է նվիրաբերվել շտապօգնության 3 ռեանիմոբիլ և 7 գծային ավտոմեքենաներ՝ հագեցած բժշկական սարքավորումներով և պարագաներով: Նվիրաբերվող  10 մեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի լեռնային ռելիեֆին։ Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ դրանք կօգտագործվեն միայն ծննդօգնության դեպքերում։

Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում նաեւ տեսանյութ է հրապարակել ու գրել, որ հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի արժեքը 330 մլն դրամ է։ Նորոգվում է նաև Մակարավանքի հուշարձան տանող հանրապետական նշանակության 3 կմ ճանապարհահատվածը, Բերդավանում էլ՝ նորոգվում են ներհամայնքային փողոցները։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կա «մեծ հավանականություն», որ ռուս ընդդիմադիր  Ալեքսեյ Նավալնուն թունավորել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրամանով: Նրա խոսքով` ԱՄՆ-ն, Եվրամիության հետ միասին, Ռուսաստանին հասկացրել է, որ իրենք ակնկալում են, որ չարագործները պատասխանատվության կենթարկվեն: Ըստ Պոմպեոյի՝ «աշխարհը հասունացել է եւ հասկացել, որ նորմալ երկրներն այս կերպ չեն աշխատում, եւ դա թանկ կարժենա ռուսների համար»:

Պոմպեոյի ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Նավալնու «թունավորման» գործում ռուս պաշտոնյաների ներգրավվածության մասին հայտարարությունները  հիմքեր չունեն: «Մենք սովոր ենք անհիմն հայտարարություններին»,- ասել է Դաշնության արտգործնախարարը: Նա նշել է, որ Գերմանիան չի պատասխանում Նավալնու թունավորման հետազոտությունների արդյուքները տրամադրելու Մոսկվայի հարցումներին, սակայն պահանջում է հետաքննություն անցկացնել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.48 դրամով ու կազմել 488.33 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.01 դրամով ու հասել 578.09 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.14 դրամով ու հասել 635.95  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու կազմել 6.48 դրամ:

Սեպտեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ