News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Արդեն երկու տարի է  մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է: Այս մասին իր հովդածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ»  եւ տոտալ քարոզչությամբ,  շարունակվեց դատարանների շրջափակմամբ, գաղտնալսման սկանդալով, Սահմանադրական դատարանի յուրացման փորձերով, անհնազանդ դատավորների հանդեպ բռնաճնշումներով,  կամակատար դատավորների համակարգի ստեղծումով եւ այլն։ Այսօր հասել ենք այս տրամաբանական շղթայի սպառմանը։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...

Բարձր էյֆորիկ ալիքը իշխանության հետ արդեն սկսել է խաղալ իր չար կատակը։ Այն, ինչը իշխանությունը մինչեւ վերջին կաթիլն օգտագործեց իր շահի համար, հիմա աշխատում է իր դեմ։ Հարցը եկավ  հասավ իր սպառման կետին. Ինչ անե՞լ։ Կարելի է շարունակել եւս մի քանի ամիս, բայց միեւնույն է  անկհայտորեն լուծումներ են պետք։

Ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:Մենք այդ մասին բազմիցս նախազգուշացրել էինք։ Չէր կարելի մարտի 1-ի գործը նեղացնել, սահմանափակել սահմանադրական կարգի տապալման անհասկանալի, խիստ վիճելի հոդվածով։ Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի եւ դատախազության որոշումը ՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր եւ դատապարտված էր ձախողման։ Իսկ մարտի մեկի զոհերի հարազատները, ծնողները այս գործի շրջանակներում չէին ստանալու իրենց որդիների մահերի վերաբերյալ հարցի պատասխանը։ Հասարակությունը չէր ստանալու որեւէ  պարզաբանում՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ։

Քննվող գործն, ըստ էության, մարտի մեկի զոհերի հետ անմիջական կապ չունի, եւ զոհերի հարազատները քրեական գործի առանձնացած այս մասով դատական պրոցեսում անելիք չունեին։ Բայց նրանց երկու տարի շարունակ խաբել են, հուսադրել՝ այս նիստում չէ, հաստատ մյուսում կստանաք ձեր հարցերի պատասխանները։

Հիմա  Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները որոշեցին դադարեցնել մասնակցությունը դատական նիստերին՝ մեղադրելով դատախազությանը՝ բավարար կամք եւ ջանքեր չգործադրելու համար։ Պաշտպանական կողմը եւս գտնում է, որ ՀՔԾ-ն եւ դատախազությունը իրականացրել են քրեական գործի թերի քննություն։ Ստացվում է մի իրավիճակ, երբ եւ տուժողները, եւ պաշտպանական կողմը մեղադրում է իրավապահներին, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ կողմից ստեղծած ծուղակում։

Եվ թեեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականին հայտարարել էր, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է, պարզվեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Իրականությանը չէր համապատասխանում նաեւ մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանությունը ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի կողմից կատարված լինելու վարկածը, որքան էլ վարչապետն այդ լուրն իմանալուց հետո «էմոցիոնալ պահեր» ապրեր։

Իսկ առաջիկայում էմոցիոնալ պահեր ապրելու են ՀՔԾ-ն, դատախազները, որոշ դատավորներ. շատ լուրջ եւ շատ զգայուն էմոցիոնալ պահեր։ Ժամանակակից աշխարհում կա հստակ խաղի կանոն. չի կարելի խաբել ժողովուրդներին։ Մի պահից այդ մեխանզիմը սկսում է աշխատել քո դեմ։ Եվ կարեւոր չէ՝ դա քաղաքական, թե իրավական խաբեություն է։ Դա չար մեխանիզմ է, եւ ամեն կերպ պետք է խուսափել դրանից։

Մարտի մեկի գործով առանցքային հարցերը բացահայտված չեն, որովհետեւ ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Չեն կարողանում իրավապահները, կամ միգուցե չեն ուզում, դժվար է ասել, սակայն տպավորություն է, որ մարտի մեկի ՀՀ տասը քաղաքացիների սպանությունների բացահայտման համար ոչինչ չի արվում։ Քննությունը նման խնդիր չէր դրել, եւ ուրվագծվում է շատ կոնկրետ հարց. իսկ արդյո՞ք, իշխանությունները  շահագրգիռ են մարտի 1-ի իրական բացահայտմամբ։

ՀՔԾ-ն, դատախազությունը, հանրության էյֆորիան, Փաշինյանի քաղաքական  սխալ հաշվարկը տարան մարտի 1-ի գործի տապալման։ Իշխանությունը ներգրավեց ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգը՝ իր բոլոր բաղադրիչներով, իսկ նրանցից որեւէ մեկը համարձակություն չունեցավ զգուշացնել սխալ ընտրված ճանապարհի մասին։ Անհեռանկար քրեական գործը, թշնամանքն ու ներքին պառակտումները, ինչպես սովորաբար արվում է, արդարացվեց ժողովրդի պահանջով. էյֆորիայի, շոկի մեջ գտնվող ժողովուրդն ինքնուրույն չէր մտածում։ Իսկ մենք գիտենք, որ ժողովրդական պահանջի ցուցիչները շատ անցողիկ են. զգացմունքները թուլանալու, վերափոխվելու հատկություն ունեն ։

Փաշինյանը սխալվեց իր հաշվարկներում, թե  այդ ճանապարհով իր իշխանությունը կուժեղանա։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Այսօր արդեն չկա թե՛ երկու տարի առաջվա մթնոլորտը, թե՛ հակումը՝ ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել։

Սխալ էին նաեւ հաշվարկները միջազգային արձագանքի առումով։ Ե՛վ ՄԻԵԴ-ը, եւ՛ Վենետիկի հանձնաժողովը արձանագրեցին խնդիրներ քրեական օրենսգրքի այն հոդվածներում, որոնցով մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով։Եվ առաջիկայում եւս լինելու են անակնկալ վճիռներ։

Հիմա եկել է լուծումներ գտնելու պահը.

Նախ անհրաժեշտ է դադարել շարժվել հասարակությանը մշտապես լարվածության, սթրեսի եւ ներքին պառակտումների մեջ պահելու ճանապարհով, հատկապես, որ վերջին ժամանակահատվածում Էմոցիաների վաճառքի մեթոդն այլեւս նույն արդյունավետությամբ չի գործում։

Երկրորդ. Հասունացել է ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի հրաժարականների ժամանակը։ Չպետք է տարբերակում դրվի այս մարմինների պատասխանատվության աստիճանի միջեւ։ Որքան էլ այսօր պետական մարմինները փորձեն պատասխանատվությունը միմյանց վրա բարդել, երկուսն էլ ունեն իրենց բաժինը մարտի 1-ի քննությունը տապալելու, գործի քննության օբեյկտիվությունը քաղաքական պատվերին ստորադասելու, իշխանական եւ սոցցանցային տրենդին տեղի տալու հարցում։

Երրորդ. Պետք է արձանագրել, որ գործի վարույթը ենթակա է կարճման։ Չի կարող տարիներով ձգձգվել սահմանադրական կարգի տապալման անհեռանկար, քրեական օրենսգրքի խիստ վիճելի հոդվածներով առաջադրված մեղադրանքը։ Որեւէ դատարան չունի հնարավորություն այս գործով վերջնական դատական ակտ կայացնելու, որովհետեւ գործը դատարան է ներկայացվել թերի, խախտումներով, հակասահմանադրական գործողությունների արդյունքում։ Այս գործը մի օր պետք է կարճվի։ Որքան շուտ, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել անկանխատեսելի հետեւանքները։

Չորրորդ. Մարտի 1-ի լուծման կարեւորագույն ուղղությունը պետք է լինի իրական եւ, ոչ շահարկվող, հարգանքը  զոհերի ընտանիքներին եւ սպանությունների մեղավորների բացահայտումը։  Պետք է դադարել օգտագործել զոհերի ընտանիքների վիշտը։  Դա կլինի իրական հարգանքը զոհերի հիշատակին։ Մարտի 1-ի հուշարձանը պետք է բացվի ներքին համերաշխության մթնոլորոտում՝ թեկուզ չհայտարարված, բայց տեսանելի։ Հակառակ դեպքում դարձյալ գործ կունենանք վշտի պարզ շահարկման հետ։

Եվ վերջում, պետք է վերհանել մարտի 1-ի իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է անցնել դժվար խոսակցության փուլը, որը կարող է դուր չգալ տարբեր շրջանակների։ Բայց այդպես են հասարակությունները ձեռք բերում նոր ողբերգություններ թույլ չտալու ունակություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի
Հուշարձանն կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի այգում...
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման համար կհատկացվի 96,41 մլն դրամ
Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու...
Մարտի 1-ի գործով 24 դատավորից համակարգում մնացել է կեսը. արդարադատության նախարար
Կարգապահական պատասխանատվությունը վերահսկողության ամենագործուն մեխանիզմն է, կարծում է Կարեն Անդրեասյանը...
«Մարտի 1-ի» գործը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 24-ին՝ 14։00-ին…
Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է. մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը...
«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի». Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1-ի» գործը տապալելու մասին
Հրաժարական տալն ինքնանպատակ չի, եթե որեւէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է…
Ամենաշատ