News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում անօրինական հայտարարված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Բադիան եւ 11 այլ առաջնորդներ Եգիպտոսի դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ 2013թ. Պորտ Սաիդում ոստիկանական բաժանմունքի վրա կատարված հարձակման գործով: Այս մասին հայտնում է Al-Youm Al-Sabia տեղեկատվական պորտալը:

Դատապարտվածների թվում են ասոցիացիայի բարձրագույն ղեկավարության մի շարք անդամներ, այդ թվում՝ Մուհամմեդ ալ-Բելտագին եւ քարոզիչ Սաֆուաթ Խիգազին: Եվս 59 մեղադրյալներ դատապարտվել են վեց ամսից երեք տարի ժամկետով: Դատարանը վերանայել է Պորտ Սաիդում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման քրեական գործը, որի ընթացքում սպանվել էին հինգ իրավապահներ: 2015-ին «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդները դատապարտվել էին ցմահ ազատազրկման, սակայն նրանք բողոքարկել էին դատավճիռը, որից հետո գործն ուղարկվել էր վերանայման, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2013-ի հուլիսին զինվորականների կողմից իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիին տապալելուց հետո Եգիպտոսի դատական իշխանությունները հարյուրավոր մահապատժներ եւ երկարաժամկետ ազատազրկումներ են սահմանել, ներառյալ՝ ցմահ ազատազրկումները, որոնք առնչվել են ինչպես «Մուսուլման եղբայրներ»-ի շարքային անդամներին, այնպես էլ ասոցիացիայի ղեկավարներին: Նրանց դեմ հարուցվել են մի շարք մեղադրանքներ՝ բռնության հրահրումից, դիտավորյալ սպանություններից եւ խոշտանգումներից մինչեւ բանտերից փախուստ եւ լրտեսություն։

76-ամյա Բադիան արդեն մի քանի մահապատժի ու ցմահ ազատազրկման է դատապարտվել: Նրա դեմ հարուցված մի քանի գործեր ուղարկվել են վերանայման, մի շարք վճիռներ մեղմացրել կամ ամբողջությամբ չեղարկվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ