News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մի խումբ ուսանողներ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից քայլերթ են իրականացրել դեպի Կառավարության շենք: Նրանք 5000-ից ավելի ստորագրություններով խնդրանք-պահանջ են պատրաստել, որով պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում: Ուսանողները նշում են, թե համավարակով պայմանավորված, երբ կրթական գործընթացը շարունակվել է հեռավար տարբերակով, եղել է ոչ բարձր որակով, ինչի հետևանքով ուսանողները տուժել են: Այժմ ստիպված են վճարել գումար՝ դրա դիմաց համարժեք կրթություն չստանալով:

Երթի մասնակիցները նշեցին, որ համաճարակային իրավիճակում ուսանողները տուժել են նաև ֆինանսապես, նրանց ծնողները մատնվել են հարկադիր պարապուրդի, ինչն էլ ավելի է բարդացնում ուսման վարձի վճարումը:

Ու թեև Կառավարության աջակցության ծրագիր է եղել, սակայն այն կազմվել է ոչ թե սոցիալական, այլ կրթական բաղադրիչով, ինչից նրանք բավարարված չեն եղել, ու այսօր էլ կան շատ ուսանողներ, որոնք դեռ նախորդ տարվա ուսման վարձը չեն վճարել:

«Կարծում եմ՝ Կառավարությունը պետք է իր հոգածության տակ գտնվող կրթության ոլորտը ուշադրության կենտրոնում պահի և ուսանողներին ընդառաջի, որ ֆինանսական խնդիրների պատճառով կրթությունից չզրկվի: Կրթությունը մեր ապագան է, և դրա վրա կատարված ցանկացած ներդրում արդարացված է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ