News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործի ամբողջ ծավալը տրամադրելու մասին։

Փաստաբանը նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանին փոխանցված 79 հատորներում նյութեր են պարունակվում «խաղաղ հանրահավաքների» մասին եւ «խաղաղ ցուցարարներին» ցրելու համար հատուկ միջոցների կիրառմամբ ոստիկանության եւ ԶՈւ հատուկ գործողությունների մասին։ Սակայն 500-հատորանոց ընդհանուր գործում բազմաթիվ նյութեր կան այն մասին, որ հանրահավաքները ոչ միշտ են խաղաղ բնույթ կրել, տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ։

«Այդ նյութերը դատարանին չեն փոխանցվել, քննությունը, փաստորեն, դրանք դատարանից թաքցրել է»,- արձանագրեց փաստաբանը։ Նրա խոսքով՝ կարեւորագույն ապացույցներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել 300-րդ հոդվածի 1-ին մասով (մի խումբ անձանց հետ համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործողություններ)։ Սակայն ՔՕ փոփոխությամբ պայմանավորված այս հոդվածով հետապնդումը դադարեցվել է։

Փաստաբանը վստահ է, որ գործում կան նաեւ արդարացնող բնույթի ուրիշ նյութեր։ Առանց ծանոթանալու ամբողջ գործի նյութերին՝ անհնար է արդյունավետ պաշտպանությունը, ընդգծեց փաստաբանը՝ նշելով, որ այս մասին միջնորդություն է ներկայացրել նաեւ նախկինում։

«Կան բազմաթիվ փաստեր այն մասին, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի համար մարդիկ են դատապարտվել։ Թող մեզ ներկայացնեն  նյութերի ամբողջ ծավալը, մենք դրանց մեջ կգտնենք արդարացնող նյութեր»,- նշեց փաստաբանը։

Համանման միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ ընդգծելով, որ առանց ծանոթանալու գործի ամբողջ նյութերին՝ ոչ միայն արդյունավետ պաշտպանությունն է անհնար, այլեւ խախտվում է մրցակցության սկզբունքը, ինչպես նաեւ կողմերի հավասարությունը։ Փաստաբանը շեշտեց, որ պաշտպանվելու սահմանադրական իրավունքի պահպանումը բխում է պետության պարտավորություններից եւ ապօրինի ոտնձգությունների դեմ պայքարի մեխանիզմ է։ Հովհաննես Խուդոյանը բերեց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մի քանի օրինակներ, որ վերաբերում են մրցակցության սկզբունքի պահպանմանը, կողմերի հավասարությանը, ինչպես նաեւ հիշեցրեց պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ երբ խոսքը վերաբերում է անհատ-պետություն դիմակայությանը, հակառակ դեպքում տուժում են հանրային շահերը։

Խուդոյանը շեշտեց, որ պաշտպանության մարտավարությունն ընտրում է պաշտպանական կողմը, եւ ոչ ոք, այդ թվում՝ դատարանը իրավասու չէ որոշելու, թե պաշտպանությունը գործի ինչպիսի նյութերից պետք է օգտվի։ Այսպիսով, դրա համար նա պետք է ծանոթանա բոլոր նյութերին։ Նա բերեց ՄԻԵԴ որոշումը կողմերի հավասարության սկզբունքի կարեւորության մասին։ «Այս դեպքում կողմերից մեկը տեղեկություններ է տնօրինում, մյուսը զրկված է նման հնարավորությունից։ Գործի բոլոր նյութերի տրամադրման մերժումը խախտում է կողմերի հավասարության սկզբունքը եւ Քրեադատավարական օրենսգրքի պահանջները»,- նշեց Հովհաննես Խուդոյանը։

Եթե շարունակենք հետեւել բոլոր նյութերի տրամադրումը մերժելու քննության տրամաբանությանը, սա կարող է վտանգավոր նախադեպ լինել մյուս գործերի համար։ Կարելի ցանկացած գործ անջատել առանձին վարույթ, եւ նյութերը «ֆիլտրել»։ Չափազանցված դա կարող է այսպես լինել․ եթե կա 10 ցուցմունք, մեկն այն մասին, որ մարդը իրավախախտումը կատարել է, իսկ մնյուս ինը մարդու օգտին, կարելի է առանձնացնել այդ մեկը, եւ մարդուն դատապարտել, կարծում է փաստաբանը։ Նա հիշեցրեց, որ մեղադրանքի կողմը նյութերն ընտրում է դատարանում ներկայացնելու համար, սակայն նա իրավասու չէ նույն բանն անել փաստաբանների փոխարեն։

Անդրադառնալով տուժողների հարցին՝ փաստաբանը նշեց, որ գործում մեծ թվով նյութեր կան։ Ընդ որում՝ մի մասը փոխանցվել է նաեւ այս գործի մեջ։ «Քանի որ քննությունն է որոշել, թե ինչ է հարկավոր դատարան ուղարկել, հարց է ծագում՝ ինչո՞ւ նշանակություն ունի Անկախության հրապարակում ծառայողի ցուցմունքը, բայց նշանակություն չունեն մյուս ցուցմունքները»,- նշեց փաստաբանը։ Նա նաեւ շեշտեց, որ հանրահավաքների մի մասն ամենեւին խաղաղ չէին, ինչպես պնդվում է մեղադրական եզրակացության մեջ։ Եթե այս հանգամանքը չպետք է քննարկվի դատարանում, անհրաժեշտ է փոխել բազմաթիվ ձեւակերպումներ։ «Քննիչը ընտրել է միայն այն նյութերը, որոնք կոչված են հաստատելու ամբաստանյալների մեղքը։ Քննչական մարմինը սա չի էլ թաքցնում»,- հայտարարեց Խուդոյանը՝ հավելելով, որ կատարյալ դատարանում սա բավարար կլիներ քրեական հետապնդման դադարեցման համար։ Սակայն պաշտպանության կողմը ընդամենը խնդրում է ծանոթանալ նյութերի ամբողջ ծավալի հետ։

Փաստաբաններն աջակցեցին իրենց գործընկերներին։ Արամ Վարդեւանյանը նշեց, որ անցկացվել է նյութերի հիմնավոր սելեկցիա։ Հայկ Ալումյանը շեշտեց, որ եթե գործի նյութերը փաստաբաններին չփոխանցվեն, տեղի ունեցողը դժվար է դատավարություն անվանել։

«Դատարանը պետք է շահագրգռված լինի ճշմարտության վերհանմամբ, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց դատապարտմամբ։ Կա գործի 500 կամ ավելի շատ հատոր, որոնք առնչվում են քննվող իրադարձություններին։ Մենք ցանկանում ենք դրանք ուսումնասիրել եւ գտնել մեզ հետաքրքրող նյութերը»,- նշեց փաստաբանը՝ առաջարկելով պարզել տուժողների կարծիքը (տուժողներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլեւս մտադիր չեն մասնակցելու դատավարությանը)։ «Վստահ եմ, որ տուժող կողմը եւս շահագրգռված է նյութերի փոխանցմամբ»,- կարծում է փաստաբանը։

Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ գործում կա Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը մեքենաների, այդ թվում՝ ոստիկանական մեքենաների հրկիզման եւ կողոպուտների մասին։ «Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ վերահսկվում է»,- ասում է Արզումանյանը։ «Այս ձայնագրությունը կա, այն ապացույց է ճանաչվել, բայց այս գործ չի փոխանցվել։ Եվ այդպիսի նյութերը բազմաթիվ են»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը։

«Կոչվում է խաղաղ երթ, մինչդեռ Փաշինյանն ասում է «երկիրը պետք է ազատել ղարաբաղցիներից»։ Քաղաքը վերածել էին մարտադաշտի եւ պնդում են, որ եղել են «խաղաղ հանրահավաքներ»,- շարունակեց Միհրան Պողոսյանը։ - Այն, որ ամենը եղել են կազմակերպված գործողություններ, հաստատում են նաեւ վկա Տիգրան Հակոբյանի ցուցմունքները։ Այդ ցուցմունքները եւս այս գործի նյութերի մեջ չեն ներառվել։ Գործի մեջ չի հայտնվել ցուցմունքն այն մասին, թե ինչ հնարքներից են օգտվել մարդկանց փողոցներ հանելու համար»։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ գործում կան «Վիկիլիքսից» կասկածելի տվյալներ։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ «Վիկիլիքսում» 2008 թվականի փետրվարի 13-ի տեղեկություններ կան ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների երկխոսությունների վերաբերյալ այն մասին, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո լինելու են բողոքի զանգվածային հանրահավաքներ, եւ գործողություններին մասնակցելու է «Երկրապահ» ռազմականացված կառույցը։ «Հայտնի՞ է ձեզ նման բան։ Հայտնի չէ։ Քանի որ անհրաժեշտ է կա՛մ այդ աղբյուրի բոլոր տեղեկությունները վերցնել, կա՛մ ընդհանրապես չվերցնել»,- նշեց փաստաբանը։

Հայկ Ալումյանը նշեց, որ միջնորդությունը վերաբերում է մինչեւ այս պահը ստացված բոլոր նյութերին, քանի որ մեղադրանքի կողմը հնարավորություն ունի օգտվելու դատավարության ժամանակ ստացված նյութերից, իսկ պաշտպանության կողմը այդպիսի հնարավորություն չունի։ Խուդոյանի միջնորդությունը վերաբերում էր մինչեւ 2019 թվականի ապրիլի 15-ի նյութերին։

Մեղադրող կողմն իր կարծիքը կհայտնի հաջորդ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժամը 13-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ