News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը բացառապես «Իմ քայլը» խմբակցության փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է Սահմանադրական Դատարանի 3 դատավորներ: «Բարգավաճ Հայաստան» եւ Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։ Երվանդ Խունդկարյանը ստացել է 84 կողմ, 2 դեմ, Արթուր Վաղարշյանը՝  86 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթիրյանը՝  85 կողմ, 3 դեմ ձայներ: Նրանց ընտրության համար անհրաժեշտ էր ստանալ պատգամավորների 3/5-ի ձայները: Այժմ Սահմանադրական Դատարանը պետք է իր կազմից նախագահ կընտրի:

Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արկադի Խաչատրյանին: Կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 4-ը: Այս պաշտոնը թափուր էր մնացել ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանի՝ մանդատը վայր դնելուց հետո։

Ընդդիմության նախաձեռնությամբ կորոնավիրուսի դեմ կառավարության եւ պարետատան քայլերի արդյունավետության, այդ ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման հարցերն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման առիթով ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե քանի որ իշխող խմբակցությունն ընդդիմությանն է մեղադրում վիրուսի տարածմանը նպաստելու համար, ուրեմն պետք է քննարկել «այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների, Հռոմի եւ Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կորոնավիրուսը պինցետով եւ արաղով ախտահանելու, հիմա լեռներում մագլցող «սկալալազ» նախարարի բազմաթիվ հայտարարությունները։

Նաիրա Զոհրաբյանը նկատի ուներ նաեւ Ֆեյսբուքյան օգտատեր Վալերի Մանուչարյանին, որը հրապարակել է իր տուգանվելու մասին տեսանյութը: Քաղաքացին պարզաբանել է, որ ընկույզ ուտելու պահին է իջեցրել դիմակը, ոստիկանն էլ պնդել է, որ ընկույզը սնունդ չի համարվում:

Համացանցում հայտնվել է նաեւ Գյումրիում քաղաքացիների ու ոստիկանների միջեւ վեճ ու դրան հաջորդած քաշքշուկ պատկերող տեսանյութը, որտեղ երեւում է, որ ներկաներից շատերը դիմակ չեն կրում, այնուհանդերձ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանցից մեկին կամ երկուսին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 11-ից կարանտին է, որի մասին որոշմամբ սահմանված համաճարակի գոտի ելումուտի հատուկ ռեժիմը խախտելը պատժվում է 50.000 - 70.000 դրամ տուգանքով: Կարանտինի ընթացքում մարդկանց տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի  սահմանափակումները խախտելու եւ  դրանց զննմանը խոչընդոտելու տուգանքը 10 հազար է։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտողը, ռեժիմի խախտումով հավաքների կազմակերպիչն ու անցկացնողը կտուգանվեն 50-ից 200 հազար դրամով, դրանց մասնակցողը՝ 10 հազարով, հանրային միջոցառումների կազմակերպիչն ու մասնակցողը 50-ից 100 հազարով,  դիմակ չկրելը 10 հազարով։ Տոնական կամ հիշատակի միջոցառումներին կարող է մասնակցել ոչ ավելի, քան 60 մարդ։ Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 150 նոր դեպք է գրանցվել, եւ վարակված մարդկանց թիվն անցել է 46 հազարից։ Նախօրեին արձանագրվել է երկու վարակվածի մահ, որոնցից մեկն այլ հիվանդությունից։ Նրանց ընդհանուր թիվը 1203 է։

Շիրակի մարզի Սարապատ համայնքի բնակիչներից Վահան Մինասյանն ահազանգել է Shamshyan.com-ին, որ այսօրվանից դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարեւան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, եւ իրենք պատրաստվում են 3 գյուղերի ծնողներով իրենց երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ճանապարհը գնալ գալով շուրջ 12 կմ է: Տրանսպորտի խնդիրը լուծում էր մարզպետարանը, որն այս անգամ միկրոավտոբուսի փողը չի փոխանցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ցուցադրել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանն իր մասնակցությունը: «Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչեւ 950 երեխայի»,- գրել է նա:

Վարչապետն այցելել է նաեւ դասասենյակներ, զրուցել երեխաների հետ, ծանոթացել նրանց ուսման պայմաններին եւ հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ, դպրոցի բակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հորդորել է լավ սովորել, նշել, որ հասկանում է, թե ինչ մեծ անհարմարություն է դիմակով ապրելը: «Իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները, բայց վերջերս նկատեցի, որ աչքերն օգնում են, որ մեր ժպիտներն ավելի արտահայտիչ լինեն», ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը նախօերին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի երեխաների։ Փաշինյանն իր ձեռքով խորոված է պատրաստել երեխաների համար եւ տեսանյութը հրապարակել Ֆեյսբուքում։ 

Ադրբեջանական Գաջալի գյուղի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի հայտարարությունը հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը։ Ըստ Շուշան Ստեփանյանի՝ սահմանի այդ հատվածում հրադադարի ռեժիմը երեկ չի խախտվել: Նախօրեին Ալիբեյլի գյուղի ուղղությամբ կրակելու մեղադրանքի առիթով էլ նա հայտարարել էր, թե Ադրբեջանն է փորձում ամրաշինական աշխատանք ծավալել մեր դիրքերի դիմաց, բայց որեւէ գյուղի ուղղությամբ հայկական կողմը կրակ չի բացել։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստն ընթացել է փակ դռների հետեւում: Նրա փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի գույքի եւ հաշիվների կալանքի վերացման մասին եւ, ինչպես ավելի վաղ խոստացել էր, դատարանին ներկայացրել էր փորձագետի գնահատականը, սակայն խնդրել էր նիստը դռնփակ ռեժիմով անցկացնել. դատարանը բավարարել էր խնդրանքը:

Քննությունն ընտրված նյութեր է ներկայացրել դատարան, դռնփակ նիստից հետո հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է, որ 2008-ի փետրվարի 23-ին իր հրավիրած խորհրդակցությունը «Երկրապահ» միությունում տեղի ունեցող գործընթացների հետեւանքն էր: Սակայն գործում չկա ոչ մի նյութ կամավորների միությունում տեղի ունեցածի վերաբերյալ:

Երկրորդ նախագահի աջակիցներն, ավանդույթի համաձայն, դատարանի բակում ցույց են կազմակերպել։ «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը շինծու է եւ ենթակա կարճման, քանի որ իրավական որեւէ հիմնավորում չկա։

Ուսման վարձը բարձրացնելու դեմ բողոքող ուսանողները հավաքվել են Երեւանի պետական համալսարանի մոտ ու երթով շարժվել կառավարություն։ Նրանց առաջնորդում է համալսարանի ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։ Ուսանողները պահանջում են մասնակի փոխհատուցում, այլապես դուրս կմնան բուհերից։

Կառավարության առջեւ Դավիթ Ափոյանը վարչապետի օգնականին է հանձնել ավելի քան 5000 ուսանողի ստորագրությամբ նամակը՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով։

Ավանդական դարձած ցույցն են ազգային ժողովի դիմաց շարունակել նաեւ Ռուսաստան մեկնելու պահանջով հանդես եկող քաղաքացիները։ Դիտարկմանը, որ Ռուսաստանը չի բացում ճանապարհը, ցուցարարներն ասել են, թե իրենց խնդրանքն էլ հենց այդ է, որ բանակցեն եւ համոզեն Դաշնության իշխանություններին։

Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի զորքեր ու զինտենիկա մոտեցնելու տեղեկությունների ֆոնին այդ երկրի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Օլեգ Վոինովը հայտարարել է, թե Բելառուսը չի բացառում ուժային պատասխանի հնարավորությունը ռազմական սպառնալիքներին` Միութենական պետության եւ ՀԱՊԿ համաձայնագրերի շրջանակում:

Երեքշաբթի նաեւ հայտնի է դարձել, որ ռուս զինծառայողներ են ժամանել Բելառուս՝ մասնակցելու համատեղ զորավարժությունների: Վարժանքին կմասնակցեն 1,5 հազար  զինծառայողներ, 150 միավոր ավիացիոն, մարտական եւ հատուկ տեխնիկա:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.06 դրամով ու կազմել 485.31 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել 576.60 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.02 դրամով ու հասել 625.86  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  6.46 դրամ՝ 1 ռուբլու դիմաց:

Սյունիքում ու Արցախում սեպտեմբերի 16-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Հայաստանի մյուս մարզերում եւ Երեւանում կդիտվի առանց տեղումների եղանակ: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում,  նաեւ Արցախում կնվազի 4-6 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը` +32 +34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ