News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել Յոսիհիդե Սուգայի նշանակման նախաշեմին։ Նախարարներից յուրաքանչյուրը այդ մասին խնդրագիրը փոխանցել է վարչապետ Աբեին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Յոսիհիդե Սուգան, որը Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդն է, պատրաստվում է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը ստանձնել չորեքշաբթի։ Ակնկալվում է, որ խորհրդարանը Սուգային պաշտոնապես վարչապետ կընտրի օրվա երկրորդ կեսին կայանալիք արտահերթ նիստում։

Դրանից հետո, ինչպես սպասվում է, նա նոր կառավարություն կձեւավորի։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆինանսների նախարարը կլինի Տարո Ասոն, արտգործնախարարը՝ Տոշիմիցու Մոտեգին, բայց կառավարության որոշ անդամներ, որոնք աշխատել են Աբեի օրոք, նոր կառավարությունում իրենց պաշտոնները կպահպանեն։ Պաշտպանության նախարար Տարո Կոնոն, հավանաբար, կնշանակվի վարչական բարեփոխման պատասխանատու։ Առողջապահության նախարար Կացունոբու Կատոն կդառնա Սուգայի հաջորդը կառավարության գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Ճապոնիայի վարչապետ Աբեն օգոստոսի 28-ին հայտարարել էր առողջական խնդիրների պատճառով հրաժարական տալու մտադրության մասին։ Նա այդ ժամանակ նշել էր, որ երկրի կառավարությունը կղեկավարի մինչեւ իր հաջորդին ընտրելը։ Աբեի հաջորդը վարչապետի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ նրա ժամկետի ավարտը՝ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսված են 2021 թվականի աշնանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ