News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հյուսիսարևելյան զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի սադրանքի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, վերջին օրերին պետական սահմանի այդ հատվածում ադրբեջանական կողմն ակտիվացել է և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ մեծացնելով առաջնագծում լարվածությունը:  Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով հայկական ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել գործողություններ:

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խնդրել է մեկ րոպեով հարգել մեր զինծառայողի հիշատակը: «Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում են ամրաշինական աշխատանքներ չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը, օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճակն է արդեն երկու շաբաթ, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանցիներն ունենալով վիրավոր՝ ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ: Այս դեպքերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը տեղեկացված են այս ամենի վերաբերյալ: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չեն այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որեւէ մեխանիզմ: Այսօր ունենք զոհ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն մտահոգություն է հայտնել, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար հասկանալի է, որովհետեւ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասել է նախարարը:

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն էր բարձրացրել, նույն պահանջով էլ խորհրդարանի դիմաց ցույց նախաձեռնել։ ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը հայտարարել է, որ Հարությունյանը տապալել է իր ղեկավարած բոլոր ոլորտները՝ կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը։ Էդմոն Մարուքյանն առաջարկել է, որ Հարությունյանն ինքը հրաժարական տա։ Նախարարն ասել է, թե իր հասցեին կեղծ լուրեր են տարածվում եւ այլաբանորեն պաշտպանել կրթության նոր չափորոշիչները, ըստ ամենայնի, ակնարկելով Գագիկ Ծառուկյանին։

Հարությունյանի հրաժարականի պահանջին միացել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Հարցը քվեարկության կդրվի վաղը։ 

Այդ պահին դրսում շարունակվող ցույցի ընթացքում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանն ասել է, որ հարցումներ են անցկացրել, եւ դրանց արդյունքները համադրելով, հասկացել են, որ Հարությունյանի համակարգած ոլորտներում ձախողումների շքերթ է։

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով գրեթե ամենօրյա ցույց անցկացնող «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության շարժման անդամները նույնպես Ազգային ժողովի դիմաց էին։ Շարժման համահիմնադիր Վահագն Չախալյանը ու մեկ քաղաքացի բռնի ուժով բերման ենթարկվեցին։

Ինչպես խորհրդարանում, այնպես էլ առավոտյան հրավիրած ասուլիսում Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե եթե իր հրաժարականի հիմքեր լինեին, ինքը մեկ րոպե ավելի չէր մնա այդ պաշտոնին եւ ինքնուրույն դիմում կգրեր: Թիմի ներսում, ըստ նրա, նման օրակարգ չկա նաեւ այն պատճառով, որ ինքը հեղափոխության առաջնորդներից մեկն է։ Նրա խոսքով՝  բողոքները կապված են իր իրականացրած մեծ ռեֆորմների փաթեթի հետ: Նախարարի համոզմամբ՝ իր հրաժարականը պահանջողները հանրային աջակցություն չունեն:

Առավոտյան Արայիկ Հարությունյանի հրաժարականի նախաձեռնության առիթով միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովում. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձել են «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ Հարությունյանին ուղղված պաստառ ներս մտցնել նիստերի դահլիճ: Այդ պահին Ալեն Սիմոնյանն է դուրս եկել, ծանոթացել գրությանը, ապա հորդորել անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ:

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանը արդեն ներս տարված պաստառի կողքին նկարվելու նպատակով դիրքավորվել էին դրա կողքին։

Նիստի ընթացքում Անի Սամսոնյանը Արարատ Միրզոյանին հիշեցրել է, որ նա 2018-ի ապրիլին հրավառ նյութեր է դահլիճ բերել եւ վառել դրանք ամբիոնի մոտ, Ազգային ժողովի նախագահն անկեղծացել է, թե այդ ժամանակ հեղափոխություն էին անում։

Կնոջը քաշքշելով բերման ենթարկելու հերթական միջադեպն է գրանցվել Երեւանում։  Ոստիկաններն ասել են, թե նա դիմակ չի կրել կամ սխալ է կրել, կինն էլ պնդել է հակառակը, քանիցս շեշտել, որ իրեն շատ վատ է զգում: Դեպքի վայրում գտնվող տղամարդիկ վրդովվել են ոստիկանների պահվածքից, փորձել բացատրել, որ կնոջ նկատմամբ բռնություն չգործադրեն, նույնիսկ պատրաստակամություն հայտնել վճարել նրա տուգանքը, միայն թե հանգիստ թողնեն նրան։   Չնայած քաղաքացիների հորդորներին, ի վերջո  ոստիկանները կնոջ թևերից բռնած՝ նստեցրել են ոստիկանական մեքենա ու բերման ենթարկել:

Այս եւ համանման նախորդ միջադեպերին Ազգային ժողովում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահը։ Արդեն որերորդ դեպքն է՝ ոստիկանները բռնի ուժով քաղաքացիներին, որոշ դեպքերում կանանց, լացացնելով բերման են ենթարկում, ասել է   Էդմոն Մարուքյանը՝ իրավապահների գործողությունները համարելով ոչ իրավաչափ։   «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը նշել է, որ բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն եւ դրանից հետո կարելի է դատապարտել կամ չդատապարտել:

Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք.  վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46376-ի: Բուժվողների թիվը մեկ օրում ավելացել է 126-ով: Կորոնավիրուսից մահացել է եւս 3 մարդ։ Վարակվածների շրջանում մահերի թիվը հասել է 1206-ի:

Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչներն այսօր փակել էին Երեւան-Երասխ մայրուղին՝ բողոքելով խաղողի մթերման ցածր գներից։ Ժողովուրդը վարկեր է վերցրել, Ռուսաստան չեն գնացել, մնացել ու մշակել են, եթե մթերման ինքնարժեքը 100 դրամ է, ինչպես են վարկերը մարելու, բողոքել են նրանք։

Երեւանցին տեղյակ չի, որ գյուղացին 100 դրամով է խաղողը վաճառում ու մինչեւ իրենց է հասնում, դառնում է 400 դրամ, ասել է շահումյանցի խաղողագործը։

«Այ սա է ժողովրդի ցեղասպանությունը, մեր պետության ղեկավարները ցեղասպանություն են անում»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ավելի ուշ շահումյանցիները դադարեցրել են բողոքի ակցիան՝ որոշելով սպասել մինչեւ սեպտեմբերի 20-ը։

Կառավարության դիմաց հերթական մարդաշատ բողոքի ակցիան են իրականացրել առեւտրականները, որոնք բողոքում են մաքսավճարների բազմապատիկ աճից։ Նրանք հանդիպել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ եւ կրկին դժգոհ  մնացել։

Այնուհետեւ մանրածախ բիզների ներկայացուցիչները քայլերթով շարժվել են դեպի Ազգային ժողով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է, որ 2020-ի հունվար–հուլիսին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը աճել է 256%-ով։ «Արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի: Այս աճն ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի, մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, որոնքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին», գրել է նա:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.38 դրամով ու կազմել  484.93 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.65 դրամով ու կազմել 575.95 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.93 դրամով ու հասել 627.79  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով՝ հասնելով 6.49 դրամի:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, նաեւ քամու ուժգնացում: Իսկ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ