News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյուղացու խաղողը 150 դրամով չընդունելը հանցագործություն է այդ նույն գյուղացու նկատմամբ. գյուղացին ուղղակի այդպես կկործանվի։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանը:

«Պահանջում ենք հանդիպում վարչապետի հետ, ուզում ենք որոշել խաղողի մթերման մի կայուն գին, պատկան կառույցներից մեզ որևէ մեկը որևէ բան չի առաջարկում, անգամ չեն էլ փորձում հարցը լուծելու տարբերակ առաջարկել, վերացրեցին Գյուղնախարարությունը, դա էլ չկա, որ այնտեղից գան ու գյուղացուն մի բան ասեն, իսկ 150 դրամից ցածր խաղողի մթերումը հանցագործություն է, մարդիկ վարկի տակ են, չեն կարողանա ձմեռն անցկացնել»,- ասաց Ավագյանը։

Դիտարկմանը, թե երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խաղողի մթերման 100 դրամ գնի մասին լուրը թյուրիմացություն է, և մթերման իրեն հայտնի գինը 135 դրամն է, Հենրիկ Ավագյանն ասաց.

«Այդ 135 դրամով դեռ որևէ մեկը խաղող չի մթերել, բայց մթերել են 92 դրամով, մի՞թե կարելի է սուտ խոսել այդ կարգի։ Նախարարին հերքում եմ, սուտ է ասում։ Սամվել Ալեքսանյանը մեր Արտաշատում տրիկոտաժի գործարանը դարձրել է խաղողի մթերման գործարան և երեկ 5-6 տոննա խաղող է մթերել 92 դրամով։ Խաղողագործին գործարանից ասել են՝ գրադուսը ցածր է, և դա՝ այն դեպքում, երբ մարդը խաղողը քաղելուց առաջ եկել է գործարան, ասել՝ գրադուս տվեք՝ իմանամ՝ քաղե՞մ, թե՞ ոչ, ասել են՝ նորմալ է, գնա քաղի բեր, և երեկ մարդուն այն վիճակում են դրել, որ ինչ գնով էլ ասեին, պետք է խաղողը հանձներ, հո այդ 6 տոննա խաղողը չէ՞ր ուտելու, ընդունել են 92 դրամով»,- ասաց Ավագյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ վերամշակող բոլոր գործարանները խաղողագործների հետ նախապես պայմանագրերում գին չեն նշում, ինչն էլ հնարավորություն է տալիս մթերողներին վերջում սահմանել այնպիսի գին, որը ձեռնտու չէ խաղողագործին։

«Ինչո՞ւ գին չեք նշում, գին նշեք, մարդն իմանա՝ խաղողն աճեցնի՞, թե՞ ոչ։ Գործարաններն այդպես են անում, որովհետև իրենք էժան սպիրտով են աշխատում, դա է պատճառը, որ խաղողը չեն ուզում, և ոչ թե այն, որ տեղ չունեն։ Հարց է առաջանում, բա էդ գործարանը ինչի՞ են տվել Սամվել Ալեքսանյանին, եթե խաղողը չեն մթերում, մի 30 հեկտարանոց գործարանը կոպեկներով տրամադրել են, հիմա էլ ուզում է մարդկանց խաղողն էլ կոպեկներով ընդունի։ Հիմա էլ կոպեկներով խաղողի այգիներ է առնում, բոլորին ասում է՝ ձեր այգիները ծախեք՝ առնեմ։ Նույնն է նաև Պռոշյանի գործարանը, այգիներ է հիմնել, գյուղացուն ասում է՝ իմ այգին ունեմ, ձեր խաղողը ինչո՞ւ մթերեմ։ Հենց այստեղ է, որ կառավարությունը մեծ անելիք ունի»,- ասաց Ավագյանը։

Ըստ Ավագյանի՝ անհնար է, որ խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների միջև առկա տարաձայնություններից անտեղյակ լինեն պատկան կառույցները, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարությունը։

«Նախարարությունն ամեն ինչից էլ տեղակ է, այդ ո՞ր գործարանի տերն իրավունք ունի առանց նախարարության համաձայնության՝ մի բան անի, իրենք գիտեն, չէ՞, թե գործարաններն ինչպես են խաբում գյուղացիներին»,- ասաց Ավագյանը։

Անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, որոնցից մեկով սուբսիդավորվող վարկեր են տրամադրվում մթերող ընկերություններին՝ Հենրիկ Ավագյանը նշեց, որ որևէ աջակցություն չեն տեսել՝ որպես խաղողագործներ, ավելին՝ ինքը վստահ է, որ, ինչպես սպանդանոցների համար մեծ շուքով հայտարարված էժան և սուբսիդավորվող վարկերը դարձան գյուղացիների համար անհասանելի, այդպես էլ լինելու է խաղողագործության համար տրվող վարկերի հետ։

«Ինձ սպանդանոց կառուցելու համար անհրաժեշտ է 30 միլիոն դրամ, արդեն 6 ամիս է՝ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ ու չեմ կարողանում այդ վարկը ստանալ. գրավ եմ դրել բնակարան, ֆերմա, տեխնիկա, հատ-հատ ֆերմայիս բոլոր կենդանիներին նկարել ուղակել եմ՝ այդպես ուզեցին, արել եմ, բայց մեկ է՝ վեց ամիս է՝ սպանդանոց կառուցելու համար վարկ չեմ կարողանում ստանալ։ Ինձ հետ սպանդանոց կառուցելու համար վարկ ստանալու համար դիմել են ևս երեք հոգի՝ նրանց ևս այդ վարկերը չեն տվել»,- ասաց Ավագյանը։

Հենրիկ Ավագյանը նշեց, որ երեկ բողոքի ակցիան դադարեցրել են մեկ պայմանով, որ կառավարությունը սեպտեմբերի 20-ին իրենց առաջարկի լուծման տարբերակ, որը, ըստ նրանց, մթերման գինը 150 դրամ դարձնելն է։

«Եթե գինը 150 դրամ չդարձավ, ապա 2000 խաղողագործ կգա-կհասնի կառավարություն, գնալու ենք ամեն բանի»,- ասաց «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահը:

Տպել
Ամենաշատ