News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Վճռականությունը բանակցային գործընթացքում, բանակի ուժեղացումը, տնտեսական հաջողությունները, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը 1998 թվականից հետո թույլ տվեցին փոխել միջնորդների վերաբերմունքը գործընթացին, բեկել իրավիճակը։ Նրանք հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում, այլ իսկապես ձգտում ենք վերամիավորման։ Այս մասին երկրորդ նախագահի պաշտոնական յություբյան ալիքում  տեղադրված՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես իրեն ավելի ուշ հաջողվեց փոխել իրավիճակն, երբ 1996թ. Լիսաբոնում պարզ դարձավ, որ ամբողջ աշխարհը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս եւ պատրաստ չէ տեսնել Ղարաբաղի ինքնորոշումը Ադրբեջանի կազմից դուրս։

«Մեկ քայլով չէր, մեկ քայլի կոմբինացիա չէր։ Մի քանի գործոն միասին աշխատեցին։ Առաջինը․ ընդհանրապես ինչի՞ շուրջ էր Հայաստանում կոնֆլիկտը։ Կարո՞ղ է Հայաստանը զարգանալ՝ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման, թե՞ ոչ։ Առաջին նախագահի հետ հրապարակային բանավեճը հենց դրա շուրջ էր։ Որովհետեւ համոզմունք կար, որ Հայաստանը չի կարող զարգանալ, «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի կա Ղարաբաղի հարցը»։ Հիշո՞ւմ եք այս հայտնի հայտարարությունը։ Հիմա մենք պետք է ապացուցեինք, որ այդպես չէ։ Եթե դու մտածում ես, որ Հայաստանը չի կարող զարգանալ, ուրեմն քո համար Ղարաբաղը բեռ է, որից պետք է օր առաջ ազատվել։ Հնարավոր է լավ տարբերակով, հայանպաստ տարբերակով, բայց, այնուամենայնիվ, ընկալումը, որ սա բեռ է, կար։ Մեր խնդիրը եղել է ապացուցել, որ դա այդպես չէ։ Որ դա բեռ չէ, դա հնարավորություն է։ Ղարաբաղի մարտունակությունը, ընդհանրապես, անվտագության հարցերում քո մոտեցումը, Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններում ասիմետրիկ կոնֆեդերատիվ ինչ-որ բան կառուցելը լրացուցիչ ուժ է հաղորդում, եւ բանակցային գործընթացում դիտորդները սկսում են հասկանալ, որ դու բեռից ազատվելու հոգեբանությամբ չես առաջ շարժվում։

Եվ վերագնահատվեց ամեն ինչ։ Եթե մենք տնտեսական հաջողություններ չունենայինք, նաեւ այս մոտեցումը չէր փոխվի։ Բանակցային գործընթացում վճռականությունը, տնտեսական հաջողությունները, նաեւ բանակի ակնհայտ ուժեղացումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում ավելի բարձր աստիճանի հասցնելը․ այս բոլոր կոմպոնենտները բերեցին նրան, որ միջնորդները սկսել են հասկանալ, որ Ղարաբաղից արագ ազատվելու մոտիվացիա չկա։ Հակառակը, կա Ղարաբաղը շատ եւ շատ երկար պահելու, ուժեղացնելու մոտիվացիա, եւ, ի վերջո, ապագայում Հայաստանի հետ միավորելու մոտիվացիա կա։ Նման պարագայում իհարկե մոտեցումները փոխվում են, որովհետեւ միջնորդը ուզում է հաջողության հասնել, բայց հաջողության հասնել հնարավոր տարբերակների մեջ։ 1999-2000-2001 թվականներին նրանց համար հաջողության հասնելու այլ տարբերակ արդեն գոյություն չուներ»,– ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ բեկումը մեկ օրում չի առաջացել։

«Բանակցային գործընթացում մենք դա 1-2-3 տարվա մեջ զգացել ենք։ Ես, օրինակ, զգացել եմ․ ինչքան մեր մոտ վիճակը ամրանում էր, այնքան ավելի հարգանքով էին սկսում վերաբերվել եւ ընդունել քո դիրքորոշումը։ Հետո կյանքում էլ է այդպես․ եթե մարդիկ ինչ-որ հարցի շուրջ բանակցում են, էական նշանակություն ունի այդ մարդու կշիռը։ Մարդն իրենից ի՞նչ է ներկայացնում։ Սենց ծնկի վրա չոքած վիճակո՞ւմ է, թե՞ ամուր ոտքերի վրա կանգնած եւ պայքարելու պատրաստ է»,– ասել է երկրորդ նախագահը։

Քոչարյանի խոսքով՝ Քի-Վեստը մենք երբենք այնքան մոտ չենք եղել բանակցային գործընթացի իրական առաջխաղացմանը, որքան Քի-Վեստում։

«Քի-Վեստում Հեյդար Ալիեւը վերջին պահին հրաժարվեց ստորագրել պատրաստ պայմանագիրը, եւ հրաժարվելու մասին հայտարարեց հենց այնտեղ, երբ որ Քոլին Փաուելը բացեց այդ հանդիպումը։ Նրանց համար անակնկալ էր։ Ես նայում էի ամերիկացիների դեմքերին։ Պատասխանատուն Քերի Քավանոն էր, քրտնած էր։ Ես գրքում նկարագրել եմ այդ դրվագները։ Անակնկալի են եկել բոլորը։ Բայց այն ժամանակ մոտ մեկ շաբաթ ես տեսնում էի, որ Հեյդար Ալիեւը գալու է եւ հրաժարվի։ Ես երկու անգամ դեսպանին հրավիրել եմ եւ ասել, որ այն քննարկումները, որոնք կազմակերպվել էին Ադրբեջանի խորհրդարանում, ուղղակի հուշում էին, որ հող է նախապատրաստվում հրաժարվելու համար։ Չլսեցին․ հիմա ստացան էն, ինչ որ ստացան։ Այդ կարգի մոտիկ հարցի կարգավորմանը երբեք չենք եղել մինչ այդ եւ դրանից հետո»,– ասել է նա։

Հարցին, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, որից Հեյդար Ալիեւը հրաժարվեց, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.

«Որքան հիշում եմ, Վարդան Օսկանյանը նույնիսկ հրապարակել էր իր գրքում այդ փաստաթուղթը։ Դա, ըստ էության, Ադրբեջանի կողմից Ղարաբաղից հրաժարվելն էր։ Ղարաբաղը միանում էր Հայաստանին։ Մեր զիջումն այն էր լինելու, որ մենք համաձայնվում ենք Մեղրու շրջանում սուվերեն ճանապարհի իրավունք տալ։ Նույնիսկ այն ժամանակ այդ ճանապարհի մոդելավորումը ցույց տվեցին։ Դա հիմնականում լինելու էր թունել-էստակադաների տեսքով։ Մոտավորապես նման բան կա Բալկաններում․ այն ճանապարհը, որը կապում է Դուբրովնիկը Խորվաթիայի մյուս մասի հետ։ Դուբրովնիկը անկլավ է Բոսնիա-Հերցեգովինայի տարածքում, եւ մոտավորապես նման կարգավորում կա այնտեղ։

Հետաքրքիրը գիտե՞ք ինչն էր։ Ղարաբաղի անկախությունը նրանց համար ավելի դժվար էր ընկալվում, քան Հայաստանին միանալը։ Գուցե տարօրինակ հնչի, բայց այն ժամանակ, իմ տպավորությունը սա էր։ Այո, նրանք իհարկե ուզում էին տարածքների փոփոխություն, եւ Ալիեւը հայտնել էր այդպիսի ցանկություն։ Սրա մասին ես նույնպես գրքում գրել եմ, բայց մենք բանակցել ենք միայն սուվերեն ճանապարհի մասին, եւ այդ ճանապարհի իրավունքն էր այն ենթադրյալ պայմանագրի նախագծում, որը կարող էր ստորագրվել Քի-Վեստում։ Եվ դրա դիմաց բացվում էին նաեւ բոլոր ճանապարհները, կոմունիկացիաները։ Այդ դեպքում պետք է բացվեր նաեւ ճանապարհը Ադրբեջանից Նախիջեւան։ Ուղղակի տվյալ դեպքում սուվերեն իրավունքը ենթադրում է, որ դու չես որոշում, ինքը կարող է օգտվել այդ ճանապարհից, թե ոչ։ Միեւնույն է, այդ ճանապարհները պետք է բացվեին, այդ միջանցքից նրանք կօգտվեին, ուղղակի այդ օգտվելու երաշխիքների հարցն էր»,– ասել է Քոչարյանը։

Հարցին, թե ի՞նչ մոտիվացիայով էր Ադրբեջանն սկզբից պատրաստ, իսկ վերջին պահին հրաժարվել, Քոչարյանը պատասխանել է. «Հրաժարվելը հասկանում եմ, թե ինչու է եղել։ Նաեւ ճաշի ժամանակ Հեյդար Ալիեւը բացատրեց ինձ։ Մենք իրար մոտ էինք նստած, ինքը բացատրեց, որ չէր սպասում Ադրբեջանում այդպիսի արձագանքի։ Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, հրաժարական տվեց Վաֆա Գուլուզադեն, Տոֆիկ Զիլֆուգարովը՝ իր աշխատակազմից։ Մի շարք հրաժարականներ եղան։ Ինքը ասաց հետեւյալը․ «Ես կարծում էի, որ իմ հեղինակությունը թույլ կտա այս բարդ որոշումը կայացնել եւ կյանքի կոչել»։ Ու ասաց, որ «ես ոնց որ թերագնահատել եմ այս հարցի զգայունությունը ժողովրդի համար եւ գերագնահատել իմ ազդեցության աստիճանը»։ Նա շատ ազնիվ խոստովանեց»։

Հարցին, թե կա տեսակետ, որ Քի-Վեստից հետո ամերիկացիները առաջին անգամ հասկացան, որ Ադրբեջանի խնդիրը Ղարաբաղը գրավելն էր առանց ժողովրդի, այլ ոչ թե հակառակը, եւ փորձեցին արդեն դեյթոնյան մոդելներ առաջարկել Քոչարյանին, որտեղից էլ առաջացավ ընդհանուր պետության գաղափարը, Քոչարյանն ասել է. «Ընդհանուր պետության գաղափարն առաջացել է մինչեւ այդ, եւ ամենից հետաքրքիրն այն է, որ առաջացել է ոչ թե ամերիկացիների, այլ ռուսական կողմի մոտ։ Առաջարկը հնչեցրել է Եվգենի Պրիմակովը։ Եթե չեմ սխալվում, եղել է 1998 թիվը, ամռան սկիզբ։ Ինքը դեյթոնյան մոդելի պես էր։ Որպեսզի հասկանալի լինի, ասեմ․ Բոսնիա-Հերցեգովինայի պետության ստեղծման հիմքում ընկած է այդ Դեյթոնի համաձայնագիրը, որը համաձայնեցվել է Դեյթոնում (ԱՄՆ) 1994 թ․, եւ ստորագրվել Փարիզում 1995թ․-ին։ Այդ պայմանագիրը կյանքի կոչելու համար ռմբակոծվել է սերբական կողմը, մտցվել է 60 հազարանոց զորքը, որից 30 հազարը եղել են ամերիկացիներ։ Մաքուր ամերիկյան պրոյեկտ էր Բալկաններում։ Այսպիսի ուժ է կիրառվել այդ համաձայնագիրը իրականացնելու համար։ Իմաստը հետեւյալի մեջ է․ երկու անկախ միավոր ստեղծում են ընդհանուր պետություն։

Ըստ էության կոնֆեդերացիա է, բայց մի պահ պատկերացրեք, որ նշանակված է ներկայացուցիչ, որն ունի ՄԱԿ-ի մանդատ եւ բարձրագույն իշխանությունն է, կարող է դատարանների որոշումը բեկանել։ Եվ մինչ օրս այդ պաշտոնյան կա։ Այսօր այդ պաշտոնում ավստրիացի է։ Այդ հզոր ուժը կիրառված է, որ այդ երկրում խաղաղություն հաստատվի մի մոդելով, որի երաշխավորներից մեկն այն ժամանակ նաեւ Ռուսաստանն էր, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ։ բայց դա եղել է այն ժամանակ, երբ Ռուսաստանը շատ թույլ էր։ Սա է այդ մոդելը։ Ստեղծված են երկու ինքնուրույն պետություն եւ մի ձեւական մարմին, որը ցույց է տալիս, իբր այդ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանված է։ Այդ մոդելը Ռուսաստանը փորձել է կիրառել առանց այդ գերագույն ներկայացուցչի, առաջարկելով վրացիներին՝ վրաց-աբխազական, եւ վրաց-հարավօսական հակամարտությունը կարգավորելու համար։ Վրացիները կատեգորիկ մերժեցին եւ դրանից հետո Պրիմակովն այդ տարբերակն առաջարկեց մեզ։

Գիտեմ նաեւ սրա շուրջ բամբասանքները, թե Հայաստանը համաձայնվել է եւ այլն։ Այն ժամանակ ես խորը ուսումնասիրել եմ Դեյթոնի համաձայնագիրը եւ պատասխանել եմ Պրիմակովին՝ ոչ այո, ոչ էլ ոչ։ Ես համոզված էի, որ Ադրբեջանն ընդհանրապես չի քննարկելու այս հարցը, որովհետեւ դուք ասում եք, որ 7 մլն Ադրբեջանը պետք է համաձայնի 150 հազար հայկական բնակչություն ունեցող Ղարաբաղի հետ ստեղծել միասնական պետություն։ Ամեն մեկն իր համար ու Ղարաբաղը 150 հազարով այլ պետության 50 տոկոսանոց բաժնետեր է դառնում։ Եվ ուժ կիրառելու որեւէ բանաձեւ չկա, կամավոր սկզբունքով Ադրբեջանը պետք է համաձայնվի՞։ Դա ոչ թե լավ կամ վատ է մեզ համար, ես ոչ այո եմ ասում, ոչ էլ՝ ոչ։ Կարելի է այդ հարցը քննարկել, եթե դուք Բաքու թռնելուց հետո ասեք, որ Ադրբեջանը պատրաստ է այս հարցն ընդհանրապես քննարկել։ Այսպիսի դիվանագիտական պատասխան է եղել։ Ինքը միանգամից մեկնեց Բաքու, վերադարձավ Մոսկվա, այնտեղից զանգեց․ ասաց, որ կատեգորիկ մերժեցին, եւ թեման փակվեց։ Նույնիսկ փաստաթուղթ չի եղել։ Եղել է գաղափար մի էջի վրա, ուղղակի նկարագրված։ Սա է ընդհանուր պետության ամբողջ թեման, որը մեկ-մեկ շահարկվում է այնպիսի ձեւավորումներով, որ ուղղակի զարմանում եմ եւ ասում․ լավ, էս մարդիկ սա որտեղի՞ց են վերցրել»։

Հարցին՝ հնարավո՞ր է միջազգային այնպիսի իրավիճակի ստեղծում, որտեղ նոր Դեյթոն է ի հայտ գալու մեր փոխհարաբերությունների մեջ, եւ ինչպիսի՞ն է պոտենցիալ այնպիսի իրավիճակը, որտեղ նոր «Դեյթոնի» պայմանները թելադրվելու են Հայաստանին ու Ադրբեջանին, Քոչարյանը պատասխանել է.

«Չեմ տեսնում նման տարբերակ։ Նման կարգի որոշումները կիրառում են կոնֆլիկտի թեժ ֆազայի ժամանակ։ Պատերազմ էր գնում, եւ այն ժամանակ խորվաթների, բոսնյակների եւ սերբերի բնակչությունը մոտավորապես համաչափ էր, համադրելի, եւ տարածքը երկու միավորների միջեւ բաժանվեց 51/49 հարաբերակցությամբ։ 51—ը՝ խորվաթների ու բոսնյակների ֆեդերացիայի համար, եւ 49 տոկոս՝ սերբերի համար։ Ղարաբաղը եւ Ադրբեջանը բոլորովին այլ են՝ թե տարածքով, թե բնակչության չափով։ Բայց խնդիրն այն է, որ նման մանդատ միջնորդները կարող են ստանալ ՄԱԿ-ից թեժ ֆազայի ժամանակ, երբ պատերազմը վերածվում է հումանիտար աղետի։ Այդ մանդատով միջնորդները կարող են պարտադրել խաղաղության, այլ ոչ թե համոզել, որ կողմերը գտնեն խաղաղ կարգավորում։ Այն ժամանակ կոնֆլիկտն այնպիսի թեժ վիճակում էր, որ այդպիսի որոշում կայացվեց։ Ղարաբաղում այդպես չէր։ Դեյթոնի մոդելի պես որոշում կարող էր լինել, եթե բռնկվի նոր պատերազմ, որը բերի հումանիտար աղետի։ Նման որոշում կարող էին կայացնել, օրինակ, 1993-94 թթ․-ին Ղարաբաղի վերաբերյալ, բայց այն ժամանակ Սովետը նոր էր փլուզվել, եւ իրականում ոչ մեկ չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Ով այստեղ կշահի, ով կկորցնի։ Սովետը շատ ավելի արագ փլուզվեց, քան ենթադրվում էր, եւ այդ խոշոր պետությունները եւ ուժային կենտրոնները չեն հասցրել կողմնորոշվել՝ դա նրանց օգտին է, թե վնաս է, ինչ չափով, ոնց, ինչ են իրենցից ներկայցնում հայերը, ինչպիսի պետություն է լինելու Ադրբեջանը, Վրաստանը։ Իսկ երբ որ չկա հստակ պատկերացումներ եւ անորոշությունները շատ են, որոշումներ, սովորաբար, չեն կայացնում։ Բալկաններում հստակ գիտեին, որ դա պետք է միացյալ Եվրոպայի մաս դառնա եւ արել են ամեն ինչ դրա համար, եւ ռուսական ավանդական մեծ ազդեցությունը Բալկանների համար՝ հնարավորինս չեզոքացնելու համար։ 60 հազար ՆԱՏՕ-ի զորք մտցնել՝ այդ պայմանագիրը կյանքի կոչելու համար, սա նշանակում է էական մեծ շահերի առկայություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանին պետք է վերջնագիր ներկայացվի՝ կամ դադարեցնում է պատերազմը, կամ համանախագահները ճանաչում են Արցախը. Բեքարյան
Պետությունների եւ միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի եւ թափ առնի Արցախի անկախության ճանաչումը...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը, թե ինչ են խոսել փակ հանդիպումների ժամանակ
Այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այլընտրանքային լուծում...
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը
Նշվում է, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվել է 61 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ...
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. հանդիպելու է Յենս Ստոլտենբերգի, Ժոզեպ Բորելի հետ
Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ...
Այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի միջազգային ճանաչմանը. ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքի
Մարդասիրական հրադադարի վերաբերյալ նախկին երկու պայմանավորվածությունները, որոնք սկզբից առաջ քաշվեցին Մոսկվայի, ապա նաեւ...
ՌԴ-ում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին հայտնել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցից հատված․․․
Ամենաշատ