News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Շենգավիթ» բուժկենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։ Հարազատները NEWS.am–ին պատմել են, որ Սեդայի հղիությունն անցել է առանց որեւէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա եւ մեղադրում է բուժանձնակազմին։ Բուժանձնակազմը հերքում է մեղադրանքը։ Հարուցվել է քրեական գործ։

Կառավարության շենքի դիմաց շարունակել են բողոքի ակցիաները հագուստի ու կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքել են մաքսավճարների բազմապատիկ աճից, նշել, որ ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, մինչդեռ սպառողը գնողունակ չէ։ 

Ցույցի մասնակիցներն ասել են, որ մարզերի քաղաքներում նույնպես բողոքի ակցիաներ են լինելու:

Առեւտրականների ցույցի ընթացքում ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում։ Մի պահ իրավիճակը լարվել է, ոստիկանները փորձել են բերման ենթարկել երիտասարդներից մեկին, սակայն ներկաները չեն թողել:

Լարված իրավիճակ էր Արմավիրի մարզում. 3 ժամից ավելի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ Երասխահուն գյուղի մոտ, 4 գյուղերի բնակիչներ  փակել են ճանապարհը եւ պահանջել հանդիպում էկոնոմիկայի նախարարի եւ Արմավիրի մարզպետի հետ։ Գյուղացիները  չեն կարողանում իրացնել իրենց աճեցրած բանջարեղենը։ Նրանց խոսքով՝ իրենց խաբել են, հորդորելով բադրիջան ու բիբար աճեցնել, որոնք, սակայն, չեն կարողանում վաճառել։

Հաշվի առնելով համավարակը պետությունը պետք է օգնի ուանողներին  վարձավճարների հարցում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսխորհրդի երիտասարդների հետ հանդիպմանն ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նաեւ անդրադարձել երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: Ծառուկյանի խոսքով, իշխանության ղեկի մոտ գտնվողները ոչ մի տեղ չեն աշխատել, որեւիցե բան չեն արել. անփորձ քայլել են ու այսօր եկել՝ ոլորտ են ղեկավարում, քարը քարին չեն դրել,  կյանքում սեփական կատու չեն ունեցել, այսօր առոք-փառոք ընտելացել են իրենց փափուկ տեղին։

Մանդատը վայր է դրել իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։  Իր ցանկությամբ եւ քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունը նա շարունակելու է գործադիրում:

Նաեւ այլ պատգամավորների՝ մանդատներից հրաժարումն է եղել, ըստ մամուլի, երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքի օրակարգում, որին մասնակցել են նաեւ նախարարներ ու մարզպետներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկվել են նաեւ գործադիրի աշխատանքը, գործադիր-օրենսդիր գործակցության հարցերը:

ՔՊ գրասենյակի շենք մուտք գործելիս Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցերին, սակայն արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառում մեկնաբանելու հարցին։

Փաշինյանի այս արտահայտությունը մեկնաբանելու՝ լրագրողների խնդրանքին ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասել է, թե չի ցանկանում անհեթեթ հայտարարություններ մեկնաբանել

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրել է, թե Նիկոլ Փաշինյանի գրառումը, որտեղ ակնարկ կար Ծառուկյանի անցյալի մասին, լրջագույն մտորումների տեղիք է տալիս։ «Թվում էր, թե Փաշինյանի որեւէ հայտարարություն կամ արարք այլեւս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի եւ մարդու անդառնալի անկումը։ Նա իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է», նշել է Վանեցյանը եւ նոր կառավարության ձեւավորումը համարել պատմական հրամայական։

Իսկ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում եւս մեկ, արդեն ծավալուն ակնարկով բացատրել է իշխանության բացթողումների պատճառները։ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» բանաձեւով հոդվածում վարչապետը նշում է, որ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը եւ ի վերջո՝ նաեւ երկիրը։ Նա նշել է, որ «սխալ քայլերի» հետեւողական ռազմավարության շնորհիվ է իր կուսակցությունը հաղթել, եւ սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս:

«Քաղաքացիական պայմանագրի» նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, թե իր կարծիքով, բոլորն էլ հասկացել են, թե ում էր ուղղված վարչապետի նախօրեի գրառումը: Իսկ ԲՀԿ առաջնորդի պատասխան գրառման հասցեատիրոջ հարցում էլ Սիմոնյանը կարծիքը չի փոխել, նա Գեւորգ Պետրոսյանն է։ 

Առողջապահության նախարարին հանձնարարել եմ երկարացնել Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը, երեկ երեկոյան ֆեյսբուքում գրել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել տարակուսանքը, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկներ թեկուզ ոչ ուղղակի սպառնացել են հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: «Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք», գրել է նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը չէր երկարաձգել Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը, ոչ մի հակասություն չի տեսնում իր եւ վարչապետի դիրքորոշումներում։ Հիշեցնենք, որ ըստ էության Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնանկությունից հետո, կենտրոնի բոլոր աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ էին գրել;

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դադարեցրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: Հիշեցնենք, որ այս հիմնադրամը զբաղվում է առաջին հերթին  Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների հոգսերով։ «Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել  է նա եւ նվերներ ուղարկել կենտրոնում բուժվող երեխաներին։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պնդում է, թե կառավարական «Համար մեկ» օդանավը ներկելու համար 250 հազար դոլար չի ծախսվել, այլ անգամներ պակաս: Աղաջանյանն ասել է, թե թիվը չի կարող հրապարակել, քանի որ գաղտնիության չափանիշներ կան, որոնց շրջանակում վարչապետին սպասարկող ինքնաթիռը տեղավորվում է:  Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը  պետության համար արժեցել է ավելի քան 210,000 եվրո կամ շուրջ 250.000  դոլար։  Խոսքը միայն օդանավի վրա ազգային խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի, և գրանցման նիշերի նշագծման մասին է։ NEWS.am-ը հարցում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու դիզայնի համար ծախսված գումարի չափը, որտեղից պատասխանել էին, որ այն պարունակում է պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ։

Ժողովրդին ժուժկալության կոչ անող իշխանությունը պետք է ամենաժուժկալը լինի, լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։ «Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Նա անդրադարձել է նաեւ 2017 թվականին Վանաձորում բացված գազաբալոնների գործարանին, որտեղ պետք է 30 միլիոն դոլարի ներդրում արվեր։ «Վարչապետը գնացել է, մասնակցել է բացմանը: Մեր պատգամավորը հարց է տալիս, թե բա ի՞նչ եղավ, վարչապետն ասում է, թե չի հիշում»:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46910-ի: Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 45 տարեկան տղամարդ; Երեկ մահացել է եւս երկու վարակակիր, բայց այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 1211 է։

Եվրագավաթներում պայքարի մեջ մնացած Հայաստանի վերջին ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» գերդրամատիկ խաղով դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երրորդ փուլ: Հայաստանի գործող չեմպիոնը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի «Ֆոլային», որը մինչև 90-րդ րոպեն հաղթում էր 3:1 հաշվով, սակայն «Արարատ-Արմենիան» կարողացել է փրկել խաղը, իսկ լրացուցիչ ժամանակում խփել նաև հաղթական գոլը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում ազգային տարազներով ընտանեկան լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Գառնիում մեզ հաճելի անակնկալ արեց Մարաշլյան ֆոտոատելյեն։ Գոհարն ու երեխեքն այնքան արագ ու ոգևորված համաձայնեցին, որ չհասցրեցի առարկել։

Ինչ վատ ավանդական ա՞ որ»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.86 դրամով եւ կազմել  485.26 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.39 դրամով ու հասել 574.98 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.21 դրամով ու հասել 629.67  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 6.46 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց:

Սեպտեմբերի 19-20-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում գիշերը կլինի 18-20, վաղը ցերեկը 30-32 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ