News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Զովունի գյուղում բնակվող Խուդոյանների տունը մոտ մեկ ամիս առաջ փլուզվել է, 6 հոգանոց ընտանիքը, այդ թվում մտավոր հետամնացություն ունեցող երեք անչափահաս երեխաները մնացել են բառացիորեն առանց տանիքի։

Երեխաների պապը՝ Մակու Խուդոյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ տանիքի հետ խնդիրներն առաջացել են դեռ 2016 թվականի մայիսին։ Այս տարվա օգոստոսի 21–ին հորդառատ անձրևի ժամանակ նա փայտի ձայն է լսել, անհանգստացել, գնացել երեխաների մոտ․ «Գնացի այն պահին, որ տանիքից գերանը ընկնում էր արդեն երեխաների վրա։ Երեխաներին այդտեղից հանեցի, գերանն ընկավ իմ վրա։ Գլխիս ու մեջքիս վրա դեռ սպի կա»,– պատմում է նա։

Խուդոյանների խոսքով, քանի որ տանիքը առաջ էլ վերանորոգելու խնդիր ուներ, գյուղապետարանը որոշակի շինանյութ է տրամադրել այն վերանորոգելու համար, նաև՝ 50 հազար դրամ գումար։ Սակայն այդ գումարով որևէ մեկը չի համաձայնում վերանորոգել տանիքը։

«ես ինքս հիվանդ եմ՝ գրիժա ունեմ, ի վիճակի չեմ աշխատելու։ Մի շաբաթ առաջ կրկին փորձեցի վերանորոգման աշխատանք կատարել, բայց, ցավոք, ոչինչ չկարողացա անել»,– ասում է ընտանիքի հայրը։

Հիմա Մակու և Վարսիկ Խուդոյանները իրենց որդու և 3 թոռների հետ բնակվում են տան կողքի փոքր խրճիթում։ Երեխաների մայրը դեռ 2020 թվականի հունվար ամսից թողել է երեխաներին և հեռացել է։ Նրանից ոչ մի տեղեկություն չունեն։ Երեխաները դպրոց և մանկապարտեզ չեն հաճախում։

«ԽՍՀՄ-ի ժամանակ այսպիսի երեխաներին ինչ-որ օգնություն էին առաջարկում, իսկ հիմա փակում են գիշերօթիկ դպրոցները»- ասում է ՀՀ եզդիների միության նախագահ՝ Ազիզ Թամոյանը։

Վարսիկ Խուդոյանը բողոքում է, որ գյուղի գիշերօթիկ դպրոցը փակելուց հետո 8 տարեկան մտավոր հետամնացություն ունեցող երեխային ուղարկել են գյուղի դպրոց՝ մյուս երեխաների հետ սովորելու։

Վարսիկ Խուդոյանը պահանջում է․ «Եթե գումար չեն տրամադրում, գոնե թույլ տան դուրս գանք Հայաստանից, որովհետև եթե նրանք չեն ուզում օգնեն այս երեխաներին, դրսում բոլորը նրանց կօգնեն»։

Տպել
Ամենաշատ