News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.37
EUR
585.48
RUB
6.41
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվորեն անցկացնում են ռազմական սադրանքների հնարավոր վերականգնման տեղեկատվական նախապատրաստություն, համոզված է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Ըստ նրա՝ վերջին օրերի հայտարարություններն այդ մասին են վկայում։ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր պատերազմ է հրահրում, ասել է Աբովյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշումներով, իսկ Ադրբեջանը նախապայմաններ է դնում, ասելով, թե հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն տարածքային ամբողջականության շրջանակում. «Սա ապակառուցողական հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումը»,- ասել է  Ռուբինյանը:

Ազգերի ինքորոշման իրավունքի մասին է Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին նվիրված հեռավար ասամբլեայում հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Շատ ժողովուրդներ, ինչպես երբեք մարդկության պատմության մեջ, հնարավորություն ստացան իրենց մասնակցությունը բերել համաշխարհային գործերին եւ իրացնել իրենց զարգացման ներուժը՝ ընթանալով բարգավաճման ուղով», ասել է նա: Ինքնորոշման իրավունքի մերժումն, ըստ նրա, կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման եւ նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին եւ միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է, ասել է վարչապետ Փաշինյանը:

«Բարգավաճ Հայաստան»,  «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հաղորդագրությամբ տեղեկացնում են, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

«Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը», նշել է կուսակցությունների եռյակը, որն անխուսափելի է համարում նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը:

Հայաստանի պետական կառույցներում Ռուսաստանի խիստ գաղտնի «գործակալների» ցանցի հաստատման մասին «Դոսյե» կենտրոնի հոդվածի առիթով  ստուգումներ սկսելու՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանն է Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում անդրադարձել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։  Նա նաեւ ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լայն հանրային աջակցություն ունի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք» կուսակցության հետ ԲՀԿ-ի գործակցությունը շատ բեղմնավոր է ստացվել:

Ի դեպ, վաղն առավոտյան քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ըստ մամուլի՝ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի: NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք չեն ծանուցվել, եւ, որ վաղվա դատական նիստի մասին տեղեկություն չունեն։

Էդմոն Մարուքյանը խուսափել է կոնկրետ պատասխանել հարցին` արդյո՞ք «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք»-ի նախաձեռնած հանրահավաքին: Նա ասել է, որ հանրահավաքի մասին դեռ չէր լսել եւ  յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր սեփական օրակարգը:

Հայաստանում նոր իշխանությունների գործողություններից հայ հանրության շրջանում դժգոհության որեւէ լուրջ աճ չկա, համոզված է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Հանրության մի մասի շրջանում որոշակի դժգոհություն, այնուամենայնիվ, կա, ինչն, ըստ նրա, նորմալ է։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար լիլիթ Մակունցի համար հոկտեմբերի 8–ի հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանություններն անհիմն են։ Մակունցը խուսափել է պատասխանել «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի, Լուսինե Բադալյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրերի իսկության վերաբերյալ հարցին: Վերջիններից մի քանսը հերքել են այդ լուրերը:  Գայանե Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով մանդատը դնելու հեռանկարին, ասել է, որ դեռ չի մեկնաբանում եւ շուտով հայտարարություն կտարածի:

Մանդատն արդեն վայր դրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանն ասել է, թե իր խառնվածքին ավելի բնորոշ է գործադիրում աշխատանքը: Իսկ, թե ինչու  կառավարությունից եկավ խորհրդարան, եթե կրկին վերադառնալու էր, պատգամավորը նշել է, որ ընտրություններից հետո խորհրդարանում հեղափոխական թիմ էր հավաքվում, ցանկացել է մաս կազմել օրենսդիրում ծավալվող գերծընթացներին։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը  վստահ է, որ ընդդիմությունն իր հիմնական մասով միավորվելու է. դա լինելու է բնական գործընթաց, որի հիմքում ընկած է լինելու ոչ միայն ՀՀԿ-ի առաջ քաշած «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլեւ լինելու է երկրորդը՝ «Հայաստանը Նիկոլից հետո»:

Աշոտյանը նաեւ համոզված է, որ առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության:

Նախօրեին մինչեւ 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարական ծրագիրը ներկայացնելուց բացի, վարչապետ Փաշինյանը «Զվարթնոց» տաճարում մասնակցել է նաեւ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը եւ հանձնել գլխավոր մրցանակը։ 13-րդ գլխավոր մրցանակ-արձանիկին արժանացել է «Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը։  Մրցանակաբաշխությանը պարգեւներ են հանձնել նաեւ Արցախի եւ Հայաստանի նախագահները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի բակում, մինչեւ իր եւ մյուսների գործով դատավարության սկսվելը, մոտեցել է իր աջակիցներին։ Ռոբերտ Քոչարյանը  շնորհակալություն է հայտնել ակտիվ աջակցության համար, նշելով, որ այն իրեն ուժ եւ տոկություն է հաղորդում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Հրաչյա Մուշեղյանի ձեռք բերած ապացույցները: Ըստ նրա` քննիչ Մուշեղյանը բազմաթիվ կոպիտ խախտումներ է թույլ տվել նյութերի հավաքման ընթացքում: Փաստաբանը բերել է մի շարք օրինակներ եւ նշել, որ գագաթնակետը քննիչի խոստովանությունն էր, որ այս գործում ընտրվել են «մեղադրյալներին վերաբերող եւ նրանց մեղավորությունը հիմնավորող նյութեր»:  Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է միջնորդությունը: Մեղադրյալներից նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էլ պահանջել է հնարավորություն տալ մեղադրյալներին ծանոթանալ գործի բոլոր նյութերին։

Կառավարության դիմաց բողոքի ցույց են իրականացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն որ դասախոսները։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։ Պրոռեկտորն անդրադարձել է նաեւ լուրերին, որ ցույցն ուղղորդել է կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։  Հիշեցնենք, որ Տնտեսագիտական բուհի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի՝ դոկտորական դիսերտացիայի հարցով հակասություններ էին ծագել նախարարի ու Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի միջեւ, որը արտագրված հատվածներ էր գտել Գալոյանի ատենախոսությունում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47667-ի: Բուժվողների թիվը վերջին օրերին դարձյալ ավելացել է։ Անցած մեկ օրում մահացել է 3 վարակակիր, որոնցից մեկը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1226 է։

«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ կազմակերպել է կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որն, ըստ կազմակերպիչների, կրելու է շարունակական բնույթ:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա գրառում է արել, հայտնելով, որ ախտորոշվել է երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և սեպտեմբերի 18-ից ստանում է հիվանդանոցային բուժում:

Երևանի «Արարատը» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մալաքյանին շնորհավորել է ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ, որն այս պահին անազատության մեջ է: Նա մեկ ամսով կալանավորվել էր օգոստոսի 30-ին կասկադում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Էդգարը և իր եղբայր Գոռ Մալաքյանը ձերբակալվել էին ոստիկանների հետ բախման պատճառով: Պաշտոնական հաղորդագրությունում նշվել էր, որ նրանք են բռնություն կիրառել իրավապահների նկատմամբ, մինչդեռ լրագրողների հետ զրույցում երկուսի դեմքին էլ կապտուկներ կային։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով ու հասել  485.29 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.40 դրամով ու կազմել 569.58 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 8.89 դրամով ու կազմել է 620.78  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով  ու կազմել 6.39 դրամ:

Հայաստանի առանձին հատվածներում սեպտեմբերի 23-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի: Երեւանում կլինի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը` +27 +29:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ