News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազրայիլ կամ Մահվան հրեշտակ մականունով թուրք ոստիկանապետը վերահսկում էր խոշտանգումների երկու ոչ պաշտոնական վայրերը, որտեղ 2016-ին դաժան վերաբերմունքի էր ենթարկվել գրեթե 2000 մարդ, հաղորդում է Nordic Monitor-ը` վկայակոչելով մի քանի զոհի ցուցմունքները դատարանում:
Հարյուրավոր դատական արձանագրությունների համաձայն` ոստիկանապետ Թահիր Դարբազօղլուն պատասխանատու էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրամանով Անկարայի սրտում հաստատված կալանքի ոչ պաշտոնական վայրերի համար:

Ցուցմունքները վկայում են պետական ​​պաշտոնյաների հսկողության ներքո կալանավորների խոշտանգումների եւ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի համակարգված եւ կանխամտածված քաղաքականության մասին, որոնք ոչ միայն ապահովում էին հանցագործների անպատժելիությունը, այլեւ հրաժարվում էին դեպքերի հետաքննությունից:

Դարբազօղլուն հանդես էր գալիս որպես կառավարության պատասխանատու անձ, ով ղեկավարում էր խոշտանգումները զոհերից կեղծ խոստովանություններ կորզելու համար` ի օգուտ կառավարության 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման սցենարին: Ավելի ու ավելի շատ վկայություններ են հայտնվում, որ 2016-ին սահմանափակ ռազմական մոբիլիզացումը ոչ այլ ինչ էր, քան կեղծ ֆլագման որի նպատակն էր ընդլայնել նախագահ Էրդողանի լիազորությունները եւ վերացնել գեներալներին ու ծովակալներին, ովքեր դեմ էին Թուրքիայի ռազմական ներխուժմանը Սիրիա:

Ոստիկանապետը եւ մի խումբ ոստիկաններ, որոնց աջակցում էր թուրքական տխրահռչակ MIT գործակալության առանձին թիմը, ձերբակալվածների հետ վարվում էին ԻՊ-ի վատագույն ավանդույթներով եւ նրանց կանանց ու դուստրերին ռազմական որս էին համարում եւ կարող էին բռնաբարել: Գողացվել են ձերբակալվածների անձնական իրերը` կանխիկ գումարներ ու զարդեր, այդ թվում` ամուսնական մատանիներ: Ձերբակալվածներից ոմանք սեռական ոտնձգությունների եւ բռնաբարությունների են ենթարկվել:

Դարբազօղլուն ոչ միայն խոշտանգումների սեանսներ էր պատվիրում, որոնք մի քանի օր էին տեւում, այլեւ անձամբ մասնակցում էր զոհերի ծեծին, որոնց նույնիսկ մեղադրանք չէր առաջադրվում որեւէ հանցանքի համար եւ ովքեր չէին քննվում Քրեական դատավարության օրենսգրքով: Զոհերին մերկացնում էին մինչեւ ներքնազգեստը, մի քանի օր զրկում էին սննդից եւ ջրից, ստիպում էին երկար ժամեր մնալ սթրեսային դիրքերում մնալ եւ ենթարկում էին էլեկտրական ցնցումների եւ շնչահեղձության:

Զոհերին տեղակայում էին խոշտանգումների երկու հիմնական վայրում: Դրանցից մեկը Անկարայի Բեշթեփե շրջանում գտնվող մարզադահլիճն էր, որը ղեկավարվում էր Թուրքիայի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից: Ամենադաժան խոշտանգումներն իրականացվել են կալանքի այս ոչ պաշտոնական վայրում: Այնտեղ եղած մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն, դատելով մի քանի զոհի պատմություններից, նրանց թիվը տատանվում է 600-ից 1000-ի միջեւ:

Երկրորդ հարթակը գտնվում էր Անկարայի Սինքան բանտի ավտոկայանատեղիում, որտեղ շուրջ 1000 մարդ էր պահվում բետոնե հատակի վրա ինքնաշեն վրանի մեջ, որը ծածկված էր միայն բրեզենտով: Դարբազօղլուն տեղաշարժվում էր երկու օբյեկտների միջեւ` դիտելով խոշտանգումները եւ ահաբեկումները եւ հետագա գործողությունների հրահանգներ տալով: Նա գովազդում էր իր Ազրայիլ մականունը եւ ասում, որ ինքը դատավոր էր, ինչպես Աստված դատաստանի օրը: Իր իրական ինքնությունը զոհերից թաքցնելու համար Դարբազօղլուն երբեմն կեղծանուններ էր օգտագործում` Վեյսել, Բայրամ եւ Զաֆեր:

«Ամենացավոտ, ամենասարսափելի, արյունը սառեցնող միջադեպը, որը ես երբեք չեմ մոռանա: Այդ տղամարդը, ով իրեն Ազրայիլ էր կոչում, գոռում էր ինձ վրա, որ իմ ընտանիքը կվերանա, նա կվերցնի իմ երեխաներին, իսկ եթե ես աղջիկ ունենայի, ինքը նրան մարմնավաճառ կդարձներ, եւ որ ես կհետեւեմ այդ ամենին»,- պատմել է զոհերից մեկը: Նրա խոսքով` ջուր կամ սնունդ չկար, 800-900 մարդ ստիպված էր օգտվել միայն երկու սանհանգույցից, նրան անընդհատ ծեծում եւ հարվածում էին ոտքերով, նրան հրաժարվում էին բժշկական օգնություն տրամադրել եւ հաճախ սպառնում էին սպանել:

39-ամյա սպա, կապիտան Էրդեմ Էրասլանն իր ցուցմունքում եւս նկարագրել է Դարբազօղլուին: Էրասլանը նկարագրել է նաեւ, որ մեկ այլ սպա մասնակցում էր  երիտասարդ կին լեյտենանտի նկատմամբ սեռական ոտնձգություններին, ով կալանավորված էր իր ամուսնու հետ: «Նա մերկացրեց կնոջը մինչեւ ներքնազգեստ ամուսնու առջեւ: Ապա ութից տասը ոստիկանի ներկայությամբ կնոջ վրա ոտքից գլուխ ջուր լցրեց: Նա ստիպեց կնոջը առանց ծնկները ծալելու ձեռքերով դիպչել ոտքի մատներին ոստիկանների առջեւ: Ապա այդ տղամարդը ներս մտցրեց թաց հագուստով եւ մազերով կին սպային: Նա բազմիցս գալիս էր այդ կնոջ մոտ` ամուսնու ներկայությամբ ֆիզիկական եւ բանավոր կերպով նրան վիրավորելու համար»,- հիշել է Էրասլանը:

Մեկ այլ սպա պատմել է, որ իրեն որպես «ողջույնի նվեր» ծեծել է շուրջ ութ ոստիկան: Նա միացել էր մյուսներին դահլիճում, որտեղ, ըստ իր գնահատականի, որ շուրջ 1000 ձերբակալված կիսամերկ ծնկի էր իջել ձեռնաշղթաներով: «Ինձ երեք օր սոված թողեցին` առանց որեւէ ուտելիքի: Նույնիսկ ջուր չէին տալիս»,- պատմել է նա:

Դատարանում իր ցուցմունքում մայոր Էմրահ Իլգազը հաստատել է, որ Դարբազօղլուն այն մարդն էր, ով ղեկավարում էր խոշտանգումների վայրը: «Մեզ տարան Թուրքիայի վոլեյբոլի ֆեդերացիային պատկանող մարզադահլիճ, որտեղ ներկա էր Թահիր Դարբազօղլու անունով ոստիկանության պետը, ով իրեն որպես Ազրայիլ հայտարարեց»,- ասել է Իլգազը` հավելելով, որ իրեն երկու օրով զրկել են սնունդից եւ ջրից եւ խոշտանգումների են ենթարկել: Նա պարբերաբար տառապում է խուճապային ցնցումներից խոշտանգումների սեանսների պատճառով, սակայն բժշկական օգնություն չէր ստանում:

Եվս մեկ վկա է ՌՕՈւ օդաչու 33-ամյա Մեհմեթ Չեթին Քափլանը, ով Դաբազօղլուին նկարագրել է որպես դաժան կտտանքների համար պատասխանատու մարդու։ Նա դատարանին հայտնել է, թե տեսել է՝ ինչպես է իրեն Ազրաիլ անվանող մարդը մյուս ոստիկաններին հրամայել լեյտենանտին լինչի ենթարկել։
«ՕՄՕՆ-ի շապիկներով մոտ 8-10 մարդ լեյտենանտին լինչի են ենթարկել։ Նրանցից մեկն ասաց, որ նա [լեյտենանտը] չի շնչում, եւ նրան տարան։ Ես նրան այլեւս երբեք չտեսա»,- ասել է Քափլանը դատարանում։

Լեյտենանտ Մուսա Քիլիչասլանը հայտնել է, որ իր վրա սկզբում ջուր են լցրել, իսկ հետո հարվածել են էլեկտրաշոկերով։ Մյուսի վրա ծծմբաթթու են լցրել։ Հարցաքննության ժամանակ շատերի ոսկորներն էին ջարդում, օրերով թույլ չէին տալիս զուգարան գնալ։

ՌՕՈւ օդաչու, լեյտենանտ Ադեմ Քըրջիին ոստիկանությունը ձերբակալել է հուլիսի 16-ին, նրան կանգնեցրել են, երբ կնոջ եւ 3 ամսական նորածնի հետ ավտոմքենայով երթեւեկում էր։ Ոստիկանությունում նրան ասել են, որ ձերբակալվելու է։ Երբ հարցրել է՝ ինչո՞ւ եւ բացատրություն է պահանջել, աշխատակիցները զայրացել են։ Նրան քարշ են տվել մերձակա լքված շենքը եւ ձեռնաշղթաներ հագցրել, հանել են կոշիկները եւ ստիպել ծնկի գալ։ Ոստիկանության պետը սկսել է ջարդել նրա ոտքերը՝ նզովելով նրան, օգտագործելով ոչ պատշաճ բառապաշար։ «Նա [ոստիկանության պետը] մյուսներից մեկին հրամայեց բերել կնոջս։ Նրանք բերեցին կնոջս նորածին դստերը ձեռքին, եւ սկսեցին ինձ ծեծել նրա աչքի առաջ»։

Թուրքիայում դահիճները պաշտպանված են կառավարական հրամանով, որն արձակել է նախագահ Էրդողանը, եւ որը լիակատար անձեռնմխելիություն է ապահովում պաշտոնատար անձանց համար, որոնք մասնակցել են պետական հեղաշրջման հետաքննություններին։ 2016 թվականի հուլիսի 23-ին կառավարության արձակած № 667 հրամանը իրավապահ մարմինների աշխատակիցներին տրամադրել է լիակատար պաշտպանություն, որ զոհերը չկարողանան բողոք ներկայացնել խոշտանգումների, դաժան վերաբերմունքի կամ չարաշահումների դեմ։ Մի քանի դեպք է եղել, երբ թուրք դատախազները հրաժարվել են քննել խոշտանգումների մասին պնդումները՝ վկայակոչելով այդ հրամանը։

Այսօրվա դրությամբ քրեական գործեր չեն հարուցվել մարդկանց դեմ, որոնք խոշտանգել են ձերբակալվածներին, չնայած բազմաթիվ բողոքներին, որ ներկայացրել են զոհերն ու նրանց փաստաբանները։

Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցերով եվրոպական կոմիտեի պատվիրակությունը տեսչական ստուգում անցկացնելու նպատակով Թուրքիայում է եղել 2016 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 6-ը եւ իր զեկույցում գրանցել որոշ զոհերի հայտարարությունները։ Պատվիրակության այցը տեղի է ունեցել լայնորեն տարածվող պնդումների ֆոնին, որոնք առաջին անգամ բարձրացրել է Amnesty International-ը՝ հայտարարելով, որ հավաքել է հավաստի ապացույցներ, որ Թուրքիայում ձերբակալվածներին ծեծել են, խոշտանգել եւ որոշ դեպքերում բռնաբարել։

Սակայն Եվրոպական կոմիտեի զեկույցի մանրամասները այդպես էլ չեն հրապարակվել, քանի որ Թուրքիան այդ զեկույցի հրապարակման վրա վետո է կիրառել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ