News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդիան, որը COVID-19-ը զսպելու համար կարանտին չէր սահմանել, վարակման դեպքերի աճի ֆոնին քննարկում է սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, փոխանցում է Reuters-ը։

Շվեդիայի ռազմավարությունը, որը շեշտը դնում էր անձնական պատասխանատվության վրա, խիստ քննադատություն էր հարուցել, քանի որ գարնանը մահացությունը կտրուկ աճել էր, բայց այն ԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից նաեւ կենսունակ մոդել էր ճանաչվել։

Ամռանը վարակումների թիվը զգալիորեն նվազել էր, եւ առայժմ Շվեդիայում տեղի չի ունեցել հիվանդության նոր դեպքերի կտրուկ աճ, ինչպիսին վերջին ամսում դիտվել է Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում։

Սակայն անցած շաբաթվա վերջից գրանցվել է մոտ 1200 դեպք եւ մահվան 5 դեպք՝ վերջին շաբաթներին օրական շուրջ 200 դեպքի համեմատությամբ։ Երկրի Հանրային առողջապահության գործակալությունը հայտարարել է, որ նոր դեպքերի թվի աճը չի կարելի բացատրել բացառապես թեստավորման ընդլայնմամբ։

«Փոփոխական միջին ցուցանիշը մի փոքր մեծացել է»,- հայտարարել է Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը, որը մշակել է համավարակի ռազմավարությունը։ «Սա դեռեւս չի ազդել առողջապահության վրա։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում նոր դեպքերի թիվը շատ փոքր է»,- ասել է նա։

Նա չի բացառել մայրաքաղաքում համաճարակի զսպման համար նոր միջոցառումների սահմանումը։ «Մենք Ստոկհոլմի հետ քննարկում ենք՝ անհրաժե՞շտ է արդյոք ինֆեկցիայի տարածման նվազեցման միջոցառումներ ընդունել»,- ասել է նա։

Ստոկհոլմի առողջապահության բարձրաստիճան մի պաշտոնյա նախազգուշացրել էր, որ տարածաշրջանում նկատվում է հիվանդության դեպքերի աճ։ «Նվազման միտումը բեկված է»,- հայտարարել է Ստոկհոլմի առողջապահության եւ բժշկական ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Բյորն Էրիքսոնը։ «Մենք կարող ենք միայն հուսալ, որ այս բռնկումը անկման կգնա։ Դա կախված է այն հանգամանքից, թե մենք որքան լավ կհետեւենք ղեկավարող սկզբունքներին»,- ասել է նա։

Շվեդիան հայտնել է համավարակի սկզբից ի վեր մահվան 5870 դեպքերի մասին, ինչը մի փոքր ավելի է բնակչության մեկ շնչի հաշվարկով՝ իր հյուսիսային հարեւանների համեմատությամբ, բայց նաեւ քիչ է, քան այնպիսի երկրներում, ինչպես՝ Իսպանիան եւ Իտալիան, որոնք ընտրել էին խիստ մեկուսացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ