News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի մոտ գտնվող Khao Yai ազգային այգու վարչակազմը աղբի խնդրին արմատական մոտեցում է ցուցաբերել՝ այսուհետ բոլոր այն այցելուները, ովքեր աղբ կթողնեն, այն կստանան փոստով, հայտնում է Popmech-ը:

Աղբը, որը զբոսաշրջիկները թափում են արգելոցներում, ոչ միայն փչացնում է բնության գեղեցկությունը, այլեւ կարող է վնասել ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ կենդանիներին, որոնք հաստատ կփորձեն դրանից ուտել: Թաիլանդում ազգային այգում աղբ թափելը քրեական հանցագործություն է, որի համար առավելագույն պատիժը մինչեւ հինգ տարվա ազատազրկումն է: Ըստ ամենայնի, նման խիստ պատիժը կամ նույնիսկ տուգանքները իշխանությունները կիրառում են բացառիկ դեպքերում, իսկ կանխարգելման համար նրանք որոշել են վերադարձնել այցելուներին իրենց թափած աղբը:

Քանի որ Khao Yai-ի մուտքի մոտ յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է իր տան հասցեն նշի, այգու պահապանների համար դժվար չէ փոստով ուղարկել «մոռացված իրերը»: BBC-ի փոխանցմամբ, որոշ փնթիներ արդեն սկսել են ստանալ այդպիսի ծանրոցներ։ Բացի պլաստիկ շշերից, բաժակներից եւ փաթեթավորման թղթերից, այնտեղ նաեւ քաղաքավարի գրառում կա․ «Դուք սա մոռացել եք այգում»: Դե, իհարկե, նման իրավախախտների տվյալները պետք է ուղարկվեն ոստիկանություն: Մուտքի մոտ տեղադրված պաստառները նախազգուշացնում են աղբ նետել սիրողներին պատժելու նոր եղանակի մասին, ուստի տհաճ ծանրոցը չպետք է անակնկալ հանդիսանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ