News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՍԴ նախագահի հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ որոշում, թե ով է հիմնական թեկնածուն, ով է դառնալու ՍԴ նախագահ:

«Բնականաբար որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի թե նախագահի, թե փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ գաղտնի քվերակության արդյունքում»,-ասաց նա:

Դիտարկմանը որ Երվանդ Խունդկարյանի անունն է շոշափվում, Շաթիրյանն ասաց, որ տարբեր անուններ են շրջանառվում․ «Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում, ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի 9 դատավորներն էլ կարող են հավակնել թե նախագահի, թե փոխնախագահի պաշտոնին»:

Հարցին՝ իսկ ինքը հավակնո՞ւմ է, Շաթիրյանը հարցին չպատասխանեց. «Աշխատանքային նիստը կմեկնարկի, կլինեն միգուցե առաջադրումներ, միգուցե՝ ինքնաառաջադրումներ, կլինեն քննարկումներ»:

Հարցին, արդյոք համարում է, որ Հրայր Թովմասյանը նույնպես կարող է լինել ՍԴ նախագահ, Շաթիրյանն արձագանքեց. «Բոլորն էլ իմ գործընկերներն են եւ տեղին չեմ հարամում ոչ պարոն Թովմասյանին, ոչ պարոն Խունդկարյանին այս առումով թիրախավորելը: Բոլորն էլ առնվազն տեսականորեն կարող են հավակնել այդ պաշտոնին: Ինչո՞ւ բացառել դա»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր՝ սեպտեմբերի 23-ին իրենց աշխատակարգային նիստում ՍԴ նախագահ եւ փոխնախագահ պետք է ընտրեն:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի համաձայն, Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների (9) երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն ՍԴ նախագահն ընտրվելու է կամ 5 կամ 6 ձայներով:

Մինչեւ վերջին պահը ինտրիգը պահպանվում է, թե ով է լինելու ՍԴ նախագահ: Ըստ մամուլի տեղեկությունների Երվանդ Խունդկարյանը ՍԴ է եկել նախագահ դառնալու ակնկալիքով, սակայն նրա թեկնածությունը միանշանակ չի ընկալվում: Հնարավոր է թեկնածու առաջադրվի նաեւ Արման Դիլանյանը, իսկ այդ դեպքում շատ հավանական է, որ թեկնածուներից  ոչ մեկը չստանա 6 ձայն: Նման սցենարի դեպքում տեղի կունենա երկրորդ փուլ, որտեղ թեկնածուներից քիչ ձայն ստացածը դուրս կգա մրցակցությունից, մնացողն արդեն կընտրվի 5 ձայնով։ Իսկ եթե երկրորդ փուլում էլ չհաջողվի նախագահ ընտրել, ապա, ըստ օրենքի, 10 օր անց նոր ընտրություն կկայանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ