News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Օրվա ինտրիգը Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունն էր։ Դատարանի 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է ե՛ւ ինքնառաջադրվել, ե՛ւ առաջադրել այլ թեկնածուի: Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, այսինքն 6 ձայն։ Եթե առաջադրվել է մեկ թեկնածու՝ 5 ձայնն էլ է բավարար: Իրավաբաններից շատերը ճգնաժամի հանգուցալուծում չեն կանխատեսում, քանի որ ատյանի անդամներից ոչ ոք 5 կամ 6 ձայն դժվար ստանա, քանի որ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը հնարավոր է ոչ մեկին ձայն չտան, իսկ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգը համակրանք չի տածում նորընտիր 3 դատավորների հանդեպ։

Օրվա առաջին կեսին Սահմանադրական դատարան ժամանած Հրայր Թովմասյանը խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին, մասնավորապես՝ դատարանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Նա հորդորել է սպասել մի քանի ժամ եւ ամեն ինչ պարզ կլինի։

Հրայր Թովմասյանի պաշտոնավարման 2 տարիներին Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության առումով որևէ խնդիր չի եղել, լրագրողներին ասել է Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը։  Որեւէ առաջադրում իմ կողմից չի կատարվելու, ինքնաառաջադրում չի արվելու, ասել է Արեւիկ Պետրոսյանը:

Սահմանադրական Դատարանի նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանի համար տեսականորեն բարձր ատյանի 9 դատավորներն էլ կարող են հավակնել թե նախագահի, թե փոխնախագահի պաշտոնին:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը դատարանը հետաձգել է պաշտպանների բացակայության պատճառով. նրանք ասել են, թե պատշաճ ծանուցված չեն եղել։ Դատարանը պնդում է, որ եղել են։ Ընտրակաշառքի մեղադրանքը Ծառուկյանը չի ընդունում եւ այն որակում է  շինծու եւ պայմանավորում կառավարությունը 100%-ով փոխելու հունիսի 5-ի իր հայտարարությամբ։

Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունից առաջ ոստիկանությունը մեծ ուժեր էր կենտրոնացրել դատարանի բակում։ Հիշեցնենք, որ դատարանը մեկ անգամ արդեն մերժել էր ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցը կալանքն ընտրելու դատախազության միջնորդությունը։ Քննությունը կվերսկսվի 2 օրից։ Մամուլը ենթադրում է, որ այս անգամ կալանքի հարցը կլուծվի, քանի որ դատավորը Մնացական Մարտիրոսյանն է, որը հլու հնազանդ տալիս է բոլորի կալանքի սանկցիաները։

Իսկ մինչեւ այդ ԲՀԿ առաջնորդը շարունակում է տարածքային կառույցների պատասխանատուների եւ համակիրների հետ հանդիպումների շարքը։ Նոր Նորքում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե արտակարգ իրավիճակ է, մարդիկ չեն կարողանում իրենց տունը պահել, տնտեսական շրջանառությունը 25-ից 40 տոկոս պակասել է, մարդիկ չեն կարողանում վարկը մարել։  Ծառուկյանը խոսել է նաեւ փոքր ու միջին բիզնեսի, տուրիզմի, գյուղատնտեսության  ծանր վիճակից, գույքահարկի, պետական պարտքի ավելացումից։ Ռուսաստան մեկնել ցանկացողների վիճակի առիթով նշել, որ այդքան շնորհք չունեն, որ հարեւան պետության հետ պայմանավորվեն։

Իսկ Ռուսաստան մեկնել ցանկացողներից 20 մարդ շարունակում է հացադուլը կառավարության առջեւ, չնայած նրանցից երկուսին վարչապետն ընդունել է եւ հուսադրել։

Տեղաշարժի բարդությունը վարչապետը պայմանավորել է Հայաստանում համավարակի բարձր ցուցանիշներով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանը բացել էր հաղորդակցությունը ԵԱՏՄ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի։ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքում ահազանգել է, որ Հայաստանի ավիացիոն իշխանություների բացարձակ անգործության պատճառով ռուսական «Աէրոֆլոտն» առաջարկում է գիշատիչ գներ: Մեկ ուղղությամբ տոմսի գինը  357 հազար դրամ է, նշել է մասնագետը եւ ներկայացրել այն մեխանիզմները, որոնցով պետք է պաշտպանել երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը:

Հայաստանում մահացել է 1234 կորոնավարակակիր։ Երեկ մահացել է 8 մարդ, որոնցից 4-ն այլ հիվանդությունից։ Վիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 54 տարեկան է։ Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք,  ընդհանուր թիվը 47877 է: Արցախում վարակվել է եւս 6 մարդ։

Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 25-րդ հիվանդը: Հարեւան երկրում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակվելու հակառեկորդ՝ 227 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 4140 է:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմը բաց նամակով դիմել է երկրի նախագահին ու վարչապետին, տարակուսանք հայտնելով, որ վերջին  պարգեւատրումներն ամբողջովին շրջանցել են իրենց հիվանդանոցը, մինչդեռ բոլոր այս ամիսներին կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց կենտրոնի ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում, կրել առաջամարտիկի դերը եւ այդ առաքելությունը շարունակելու է պատվով։ Կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցը սատարել է իր աշխատակիցների դիրքորոշումը։ Ի դեպ, վարչապետը նախագահին առաջարկում է պարգեւատրել այն բուժաշխատողներին, որոնց ցուցակը ներկայացնում է առողջապահության նախարարը, իսկ Արսեն Թորոսյանի սրված հարաբերությունները Դավիդյանցի հետ, ըստ աոողջապահական շրջանակների՝ գաղտնիք չեն։

Արձագանքելով «Նորքի» անձնակազմի երեկվա բաց նամակին՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը տեղեկացրել է, որ հարյուրից ավելի բուժաշխատողներ մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, նրանց թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները

Ամուլսարի շուրջ դրությունը շարունակում է լարվել. օրերս Գնդեվազ գյուղում քարերով, փայտե մահակներով, երկաթե ձողերով խմբակային ծեծկռտուք է եղել: Ոստիկանները պարզել են, որ ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է, երբ բողոքի ակցիա իրականացնողները հայհոյել են  հանքավայրում աշխատող կամ այդ ցանկությունն ունեցող քաղաքացիներին: Երեք հոգի ձերբակալվել է:

Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ, ասել, որ եկել են խնդրելու պատգամավորներին՝ սատարել Ամուլսարի համայնքներում օրինականության վերականգնմանը եւ պաշտպանել համայնքների շահերը, ոչ թե միայն բնապահպան ցուցարարներին։

Հավաքվածները բողոքել են, որ որոշ պատգամավորներ ֆինանսավորում են Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին, քանի որ իրենցից նույնիսկ աշխատանք ունեցողները հսկայական պարտքեր ունեն, իսկ նրանք առանց աշխատելու կարողանում են իրենց ընտանիքը պահել:

Ցուցարարներից մեկն ասել է, որ մարդիկ, որոնք կողմ են հանքի շահագործմանը, բազմիցս ենթարկվել են բռնությունների, ահաբեկվել ակտիվիստների կողմից, այդ թվում մի քանի օր առաջ, երբ իրենց աշխատակիցները բազմաթիվ վնասվածքներ են ստացել: Ամուլսարի մոտակա համայնքների բնակիչները նաեւ բաց նամակն են ուղղել պատգամավորներին, նշել, որ երկու տարի առաջ բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեին, ստեղծվում էին նոր բիզնեսներ, իրականացվում սոցիալական ծրագրեր, բայց 2 տարուց ավելի է՝ զրկվել են այդ հնարվորություններից, քանի որ մի խումբ մարդիկ որոշել են իրենց դրսեւորել որպես «բնապահպան», որոնց ապօրինություններին աջակցում են  տարբեր պատգամավորներ։ «Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր», նշել են նրանք։

Նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին։ Գործարարը պահանջում է անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի կայացրած որոշումը՝ իր հողամասում շենք-շինությունները ապօրինի ճանաչելու եւ քանդելու մասին։ Հայկ Մարությանի որոշմամբ՝ հողամասը պետք է վերադարձվի պետությանը:

Քննչական կոմիտեն շարունակում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սաների հանդեպ աշխատակցուհիների ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեղադրանք է առաջադրվել նրանցից երեքին: Նրանց կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է:

Զոքանչի դաժան սպանություն՝ Լոռիում։ 36-ամյա տղամարդն իրենց հետ բնակվող զոքանչի հետ վիճաբանելուց հետո ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրան, պատճառելով բազմաթիվ վնասվածքներ։ Այնուհետև, բակից բերել է հովվաշանը  և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել. շունը տառացիորեն կրծել է տարեց կնոջ կոկորդը։ Տղամարդը կալանավորված է, գործն ուղարկվել է դատարան:

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդանի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամաարդու դի է հայտնաբերվել: Ըստ shamshyan.com-ի՝ 52-ամյա տղամարդը մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարը տրակտորիստի հետ փորձել է ուղղել և տրակտորիստը տրակտորի շերեփով խաչքարը բարձրացնելուց հետո այն գցել է նրա վրա:

Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններն առաջին անգամ կոշտ հայտարարություններ են հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ադրբեջանցի զինվորի մահվան առիթով։ Անհիմն մեղադրանքներն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին դուրս են դիվանագիտական էթեիկայի ու կոռեկտության սահմաններից։  Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե իբր հայկական կողմի կրակից մահացել է ադրբեջանցի զինծառայող, սակայն հայկական կողմը պնդել է, որ դրա հետ ոչ մի առնչություն չունի։ Նաեւ հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում մեղադրել էր Հայաստանին՝ պատերազմ հրահրելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել էր ինքնորոշման իրավունքի մասին՝ առանց տալու Արցախի անունը։ Իսկ Թուրքիայի հոխորտանքներին Երեւանից պաշտոնական արձագանք դեռ չի հնչել։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող ո՛չ բանակցություններ, ո՛չ պատերազմ պարտադրել Իրանին: Ըստ Ռոհանիի՝ միջուկային զենք ստեղծելու մեղադրանքները հիմքեր չունեն, սակայն իրենց հանդեպ պատժամիջոցները շարունակվում են:

«Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը խայտառակ համբավ ունի՝ որպես միակ երկիր, որն ատոմային ռումբեր է օգտագործել մարդկության պատմության մեջ»,- ասել է Ռոհանին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի արշավը ձախողվել է, քանի որ Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ ջանքերը մերժվել են։

Երդման արարողության ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը շատ քչերի թվում է, գուցե` նույնիսկ միակը, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չունեցավ: Այս տարին, նրա բնորոշմամբ, Բելառուսի պատմության մեջ կմնա որպես ծայրաստիճան հուզական շրջան: «Մեր պետականությանն աննախադեպ մարտահրավեր նետվեց` անկախ պետությունների կործանման բազմիցս մշակված հուսալի տեխնոլոգիաների մարտահրավեր: Բայց բելառուսները  չցանկանացան կորցնել երկիրը»,- շեշտել է նախագահը: Ի դեպ, այսօր Եվրամիության հինգ երկիր հրաժարվել է Լուկաշենկոյին նախագահ ճանաչել։

Անցած գիշեր 2-ն անց 1 րոպեին Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: 3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով ու հասել  485.42 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.96 դրամով  ու կազմել 568.62 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.65 դրամով  ու կազմել  618.13  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 6.36 դրամ:

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի որոշ հատվածներում հիմնականում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Երեւանում կլինի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը` +28 +30:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ