News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նյու Յորք նահանգում Սվաստիկա ոչ մեծ քաղաքը  որոշել է պահպանել իր Սվաստիկա անվանումը։

Քաղաքի պաշտոնյաները կողմ են քվեարկել, որ պահպանեն վիճահարույց անվանումը, որը շատերի մոտ զուգորդվում է նացիզմին, հայտնում է NPR-ը։

Չորս մարդուց բաղկացած քաղաքի վարչությունը 5 րոպե տեւած քննարկումից հետո միաձայն քվեարկել է անվանման պահպանման օգտին։

Քաղաքի անվանումը փոխելու առաջարկով դիմել էր Նյու Յորքից հեծանվորդ Մայքլ Ալկամոն։ «Կարծում եմ՝ պետք է ակներեւ լինի, որ քաղաքը պետք է իր անվանումը բարեփոխի եւ անուն ընտրի, որն այդքան վիրավորական չէր լինի շատ ամերիկացիների համար եւ այդքան չէր խորհրդանշի անհանդուրժողությունը, ատելությունը եւ բռնակալությունը»,- NPR-ին ասել է Ալկամոն։

Քաղաքի վարչության մի քանի անդամներ, սակայն, այս խնդրանքը վիրավորական են համարել եւ կտրականապես դեմ են հանդես եկել այդ գաղափարին։ Նրանք հիշեցրել են, որ սանսկրիտով սվաստիկան նշանակում է «բարեկեցություն» եւ «միայն անհանդուրժող մարդն» է կարող ենթադրել, որ քաղաքն անվանվել է ի պատիվ նացիզմի։

Քաղաքի անվանումը ծագում է փոստային բաժանմունքից, որը, Daily Enterprise-ի տեղեկություններով, դեռեւս 1913 թվականին կոչվում էր «Սվաստիկա»։ Քաղաքային տեսուչ Ջոն Դուգլասը պարբերականին հայտնել է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո մի քանի անգամ առաջարկվել է անվանումը փոխել։

«Բնակիչները կտրականապես դեմ էին եւ չեն ցանկացել անվանումը փոխել։ Սա վաղեմի պատմություն է։ Տգետները անմիջապես ենթադրում են, որ սա կապված է գերմանացիների եւ Հիտլերի հետ, բայց դա այդպես չէ։ Սվաստիկա նշանակում է բարգավաճում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ