News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս համաձայնագրի նախագծով  սահմանվում է Եվրոպական միության կողմից «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ծրագրի ֆինանսավորումը՝ 30 մլն եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ Համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։

Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։

Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։

Ծրագրի հիմքում ընկած են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։

Բյուջետային աջակցության միջոցների փոխանցմամբ ՀՀ կառավարությանը հնարավորություն կտրվի բարելավել արդարադատության ոլորտի և դրա հետ փոխկապակցված հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական կարողությունը։ Տեխնիկական աջակցությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը, իրազեկվածության բարձրացմանը, կանոնավոր մշտադիտարկում իրականացնելու և համապատասխանությունը գնահատելու նպատակով տվյալների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը։

Արդարադատության նախարար Ռուիստամ Բադասյանը նշեց, որ առաջին 9 մլն եվրոն ակնկալվում է ստանալ արդեն այս տարի. «Այն երեք բաղադրիչի համար է տրվում. Առաջինը դատավորների բարեվարքության եւ գույքային դրության ստուգման համար է: Դատական օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված է եւ այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացնում է ԲԴԽ-ի եւ ՍԴ դատավորների գույքային դրության ստուգում: Սա բերելու է կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալու մեր նախանշած ծրագրի իրականացմանը:Երկրորդ բաղադրիչը դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է: Այստեղ ներառված է նաեւ էլեկտրոնային գործիքների ներդրումը, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրումը, արբիտրաժային դատավարության հետագա զարգացման ճանապարհով եւ օրինակ որպես վերջարդյունք նշված է, որ 2023 թվականին վարչական եւ քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով պետք է նվազի: Սա նշանակում է, որ 40 տոկոսով կրճատվելու են նաեւ քննության ժամկետները:

Երրորդ բաղադրիչը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին է վերաբերում: Պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից դատախազությունում հակակոռուպցիոն ստորաբաժանումը սահմանված ստանդարտների համապատասխան ձեւավորվեն, նաեւ ձեւավորվեն հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանները»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ