News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խաշթառակի ողբերգությունը հասարակության անտարբերության արդյունք է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։

«Խաշթառակի ողբերգությունը արդյունք չէր նրա, որ երեխան չի հայտնվել խնամակալ հաստատությունում, հաստատությունն այս ընտանիքի հարցը չէր լուծելու, միևնույն է, անգամ հաստատություն տեղափոխվելու դեպքում այս երեխաները մի օր վերադառնալու էին ընտանիք. սա արդյունք է մեր անտարբերության»,– ասաց Քալանթարյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ ընտանիքը փաստորեն գյուղի միակ խոցելի ընտանիքն էր, և դա չէր կարող վրիպել տեղական իշխանությունների ուշադրությունից, նախարարության ներկայացուցիչն արձագանքեց. «Ոչ համայնքապետարանում, ոչ մարզպետարանում այս ընտանիքում կատարվողի մասին որևէ ահազանգ երբևէ չի եղել»։

Նշենք, որ ընտանիքը, այդ թվում՝ երեխաների՝ հոգեկան հիվանդություն ունեցող մայրը, մինչև ողբերգությունը հյուրընկալվել էին АTV հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը, որտեղ հստակ երևում էր, որ ընտանիքի երեխաները պաշտպանության կարիք ունեն։

Դիտարկմանը, որ երեխաները գրանցված են եղել «SOS» մանկական գյուղի համակարգում, Անահիտ Քալանթարյանը պատասխանեց, որ «SOS»–ի շահառուները աջակցության կարիք ունեցող երեխաների պետական բազայում գրանցված չեն։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում ծեծի ենթարկված 6–ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելուց մոտ մեկ շաբաթ անց մահացել էր։  Ծեծի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա կրտսեր եղբայրը, իսկ ընտանքի մյուս երեք երեխաները՝ թունավորումով հոսպիտալացվել։ Երեխաներին ծեծի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել նրանց 57–ամյա պապին, որը կալանավորված է։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ երեխաների հորաքույրը նույնպես պարբերաբար ծեծի է ենթարկել երեխաներին։ Հորաքրոջ նկատմամբ, հղիությունը հաշվի առնելով, դատարանը կալանքը որպես խափանման միջոց չի ընտրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ