News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարկային թերի գանձումները բացասաբար կանդրադառնան կապիտալ ծախսերի, այդ թվում` կապիտալ շինարարության ոլորտի վրա, իսկ ահա սոցիալական ծախսերի վրա այդ փոփոխությունները դեռ ազդեցություն չեն ունենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Անկումը կանխատեսելի է եւ համադրելի է մակրոտնտեսական իրավիճակի ու ՀՆԱ-ի շարժի հետ: Այս իմաստով ես ոչ մի արտառոց բան կամ ֆորս-մաժոր չեմ տեսնում»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ բյուջեի դեֆիցիտը կարող է արհեստականորեն աճել, եթե չլինեն ծախսերի կրճատումներ, կամ իշխանությունները չգնան սեկվեստրի:

«Ընդհանրապես կարծում եմ, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է վերանայել բյուջեի կանխատեսումները եւ ամբողջ բյուջեն: Ավելի տրամաբանական կլիներ դիմել սեկվեստրի, այսինքն` բյուջեն կատարելիս ծախսերը կրճատել` այն կազմելիս սխալ հաշվարկներ անելու պատճառով: Այս տարվա սկզբին կանխատեսվում էր 5% տնտեսական աճ, սակայն այժմ ակնկալվում է 5-7% անկում, ուստի նման միջոցը բիզնեսի համար ճիշտ խթան կլիներ: Դեռ ժամանակ կա, սակայն դեռեւս մի քանի ամիս առաջ կանխատեսումներ արվեցին կորոնավիրուսի երկրորդ ալիքի հնարավոր բռնկման հետ կապված, որն արդարացված է՝ հաշվի առնելով վերջին օրերին վարակվածների թվի աճը: Սա ուղղակիորեն կանդրադառնա տնտեսական ակտիվության վրա»,- հավելեց Մարգարյանը:

Փորձագետը կանխատեսում է ինֆլյացիայի ցածր մակարդակ, որը կշարունակվի առաջիկա ամիսներին, ինչը պայմանավորված է բնակչության գնողունակության եւ պահանջարկի ցածր մակարդակով, ինչպես նաեւ պետության եւ տնային տնտեսությունների պարտքային պարտավորությունների աճով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2020 թվականի 8 ամիսների ընթացքում հավաքվել է շուրջ 49 միլիարդ դրամով պակաս հարկ, քան կանխատեսվել էր այս տարվա սկզբին, եւ ժամանակի ընթացքում այդ տարբերությունը կաճի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ