News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանիան Կանադայի եւ ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է Բելառուսում մարդու իրավունքների խախտումների եւ ընտրակեղծիքների համար պատասխանատուների դեմ միջազգային պատժամիջոցների մշակման վրա, հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Լոնդոնը, Օտտավան եւ Վաշինգտոնը սկսել են աշխատել պատժամիջոցների ուղղությամբ այն բանից հետո, երբ ԵՄ առաջնորդները չկարողացան համաձայնության գալ դրանց շուրջ Կիպրոսի դիրքորոշման պատճառով, ասել է Ռաաբը` ելույթ ունենալով Համայնքների պալատում: «Հաշվի առնելով այս ուշացումը, ինչպես նաեւ պարոն Լուկաշենկոյի կեղծ երդմնակալությունը` ես հանձնարարեցի նախարարության թիմին Մագնիտսկու պատժամիջոցների նման պատժամիջոցներ մշակել նրանց դեմ, ով պատասխանատու է իրավունքների լուրջ խախտումների համար»,- ասել է Ռաաբը:

«Մենք ցնցված ենք տեսածից` բռնությամբ, դրա դաժանությամբ եւ, անկեղծ ասած, հանդգնությամբ, որով այն կիրառվում է հենց լրագրողների առջեւ»,- ասել է Ռաաբը:

Նախարարը հավելել է, որ Բրիտանիան, Միացյալ Նահանգները եւ Կանադան պատժամիջոցների մշակումը համարում են խիստ հրատապ:
Reuters-ը, հղում կատարելով երեք երկրների կառավարություններին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում է, որ Կանադան, ԱՄՆ-ն եւ Բրիտանիան պատրաստվում են միաժամանակ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների դեմ: Երկրներն այս մասին դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել:

Ռաաբը նաեւ հավելել է, որ Բրիտանիան հետաքննություն է նախաձեռնել Բելառուսի ընտրությունների եւ  ԵԱՀԿ-ում դրանց հաջորդած իրադարձությունների կապակցությամբ:

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանն ասել է, որ իր երկիրը, հետեւելով շատ այլ արեւմտյան երկրներին, Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական նախագահ չի ճանաչում:

Նախօրեին Լուկաշենկոյի` որպես նախագահ չճանաչելու մասին հայտարարեցին ԱՄՆ պետքարտուղարությունում, իսկ ավելի վաղ նույն հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Եվրամիությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ