News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ուզում են կալանավորեն, որ քննությանը չխոչընդոտեմ։ Այս մասին դատարան մտնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ինչը որ անում ես հանուն ազգի, ժողովրդի, հանուն պետության, իմ համար հպարտություն է, պատմություն է։ Հունիսի 5-ից հետո սկսած քաղաքական հետապնդում է։ Հայաստանում 2008 թվականից մինչեւ այսօր ընտրակաշառքով 7 դեպք է եղել, որից հիմնական որոշումը եղել է ստորագրություն հանձնելը։ Սակայն այսօր Ծառուկյանին ձերբակալեն միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտեմ։ 3 ամիս դուրսն եմ, 100 հատ քննիչ է կցվել, մի քանի հազար մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Անդրադառնալով իր ելույթներին եւ Կառավարության գործունեությանը՝ Ծառուկյանն ասաց. «Հեղափոխությունը եղել է միայն դատարակ խոստումներ։ 3 տարի ժողովուրդը սպասում է. այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել։ Այսօր Հայաստանը որեւէ երկրի ետ բարեկամական կապ չունի։ Մարդկանց աղքատության են հասցրել,  անդունդի եզրին։ Մարդը կորցնում է իր տունն ու ունեցվածքը»։

Ծառուկյանը շեշտեց, որ այս ամենը անձնական խնդիրների, պաշտոնի պահանջի վրա հիմնված չեն. «Ուզում են՝ Ծառուկյանը չխոսի։ Անձնական խնդիր չկա, ոլորտի ու պաշտոնի պահանջ չկա։ 50-100 քաղաքացու հետ եմ շփվում, սիրտս լցվում է։ Էն ժամանակ հարգալից, ձեռքը բռնեին, խոսեին, հիմա ալարում են մարդկանց հետ հանդիպեն, խոսեն։ Ինչ որ կլինի, Աստծո ցավը տանեմ, Աստծո կամոք»։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում պաշպանական թիմը հայտնել է, որ դատավոր Մնացականյանին ինքնաբացարկ են հայտնել. ժամը 13։30-ին դատարանը կհրապարակի որոշումը։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ